Նյութական եւ բարոյական ներդրում՝ գիտությանն ու ռազմարդյունաբերությանը

Նյութական եւ բարոյական ներդրում՝ գիտությանն ու ռազմարդյունաբերությանը

Հայաստանի ռազմարդյունաբերության համալիրն աշխատում է ողջ ծավալով եւ 24-ժամյա ռեժիմով: Այս մասին նախօրեին հաղորդագրություն տարածեց բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ նշելով, որ նախարար Հակոբ Արշակյանը պարբերաբար  աշխատանքային այցեր է կատարում ռազմարդյունաբերական համալիրի ընկերություններ: «Գիտակցելով ողջ պատասխանատվությունը՝ ՌԱԿ ընկերությունները 24/7 ռեժիմով իրականացնում են բազմաբնույթ աշխատանքներ՝ վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչեւ հարվածային եւ պաշտպանական միջոցների արտադրություն, նմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչեւ նոր խնդիրների լուծում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ռազմարդյունաբերության մեջ գիտատեխնիկական ներուժն ու նորագույն տեխոլոգիաները կարեւորում է նաեւ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնադիր Կարեն Վարդանյանի ընտանիքը՝ հանդես գալով կոչով․ «Շարունակելով Կարեն Վարդանյանի գործը՝ ստեղծենք անօդաչու թռչող սարքերի մեր բանակը»։ «Օդային պատերազմում հաղթելու համար առաջարկում ենք հենց այսօրվանից սկսել դրամահավաքի գործընթաց՝ առնվազն 100 «Արմաթ» լաբորատորիա անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) անհրաժեշտ սարքավորումներով վերազինելու նպատակով: Վերազինման արդյունքում հաջորդ տարի մենք կունենանք 1000-ից ավելի անօդաչու թռչող սարքերի օպերատորներ` նույն օդաչուները, ովքեր կփրկեն հարյուրավոր կյանքեր ռազմական պայմաններում»,-մասնավորապես նշված է հայտարարության մեջ։

ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի կազմում է նաեւ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ում մի քանի հարց ուղղեցինք այս թեմայով․

- Պարոն Մարտիրոսյան, այսօր մեր գիտատեխնիկական ներուժը լիարժեք օգտագործվո՞ւմ է ռազմարդյունաբերության ոլորտում: Ի՞նչ ռեսուրսներ եւ պոտենցիալ ունենք այս ուղղությամբ։

- Բարդ հարց եք տալիս․ իհարկե, գիտությունը ռազմարդյունաբերության ասպարեզում կարեւոր տեղ ունի, եւ այն երկրները, որոնք գիտության կարեւորությունը գնահատում են, համապատասխան վերաբերմունք են դրսեւորում, ունեն առավելություններ։ Բայց դա պահանջում է բավականաչափ մեծ ռեսուրսներ, ուշադրություն եւ վերաբերմունք։ Մեր գիտությունը միշտ գիտության տարբեր բնագավառներում ունեցել է շատ բարձր մակարդակ, այսօր էլ հնարավորին չափ դա արվում է, եւ ինչ-որ արդյունքներ, որ ստացվել են գիտության մեջ, օգտագործվում են նաեւ այդտեղ, բայց, իհարկե, կարելի էր ավելի շատ անել, եթե հնարավորությունները շատ լինեին։ Իսկ դա նշանակում է՝ միջոցներ տրամադրել, վերաբերմունք ունենալ, համապատասխան կադրային պոտենցիալ ունենալ։ Խնդիրներ շատ կան, որոնք պահանջում են ջանքեր, նյութական եւ բարոյական ներդրում, վերաբերմունք։

- Ի՞նչ եք կարծում, այս պատերազմից հետո պետությունը կավելացնի՞ գիտությանը տրվող ֆինանսավորումը, կփոխվի՞ վերաբերմունքը գիտության հանդեպ։

- Եթե այս պատերազմը եւ ընդհանրապես նման իրադարձությունները վերլուծվեն՝ գուցե։ Քանի որ գոյություն ունի վերլուծական շրջան, որի դասերը պետք է դուրս բերվեն եւ հանգեն նաեւ այդ խնդրի լուծմանը։ Հուսով եմ՝ դա կլինի։

- Ռազմական արդյունաբերության գործում մեր գիտական կենտրոնները ներգրավվա՞ծ են։

- Կան այնպիսիք, որոնք ներգրավված են, կան այնպիսիք, որոնք կարող էին ներգրավվել, եւ կան այնպիսիները, որոնք դեռ չեն ներգրավվել։ Ձեր հարցերը հենց վերաբերում են դրան՝ թե մենք ինչքանով ենք մասնակցում, մեր ունեցած ներուժն արդյոք ճի՞շտ է օգտագործվում եւ այլն։ Այդտեղ խնդիրներ շատ կան։

- Եթե պետության կողմից լինի այդ վերաբերմունքը՝ համապատասխան ֆինանսավորում, մենք ունե՞նք բավականաչափ մարդկային մասնագիտական ռեսուրս։

- Գուցե մեծ խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ է լրացուցիչ նյութական եւ կադրային ապահովվածություն, բայց որոշակի խնդիրներ, որ այսօր լուծված չեն, կարելի է անել։

- Պատերազմներում ռազմական նորագույն տեխնոլոգիաներն ի՞նչ դեր են խաղում, դրանք կարո՞ղ են վճռել պատերազմի ելքը։

- Ամենակարեւոր դերը, եթե հետեւում եք մեր ժամանակներում մեծ գերտերությունների հարաբերություններին, դուք կնկատեք, օրինակ, Ռուսաստանի վերջին տարիների ձեռքբերումները ռազմական արդյունաբերության ասպարեզում, քանի որ ստեղծվել են այնպիսի հզոր ռազմական միավորներ, որոնց շնորհիվ Ռուսաստանի հեղինակությունը եւ դերն աշխարհում շատ է բարձրացել։   
- Մե՞ծ գումարներ են անհրաժեշտ, որպեսզի ունենանք նորագույն տեխնոլոգիաներով զինված ռազմարդյունաբերություն։

- Նայած թե մենք ինչ խնդիր ենք դնում մեր առաջ․․․ փոքր բաներով մեծ բաներ չես սկսի, այսօր վարվող պատերազմների ժամանակ մարտական կողմերն օգտագործում են տեխնիկայի ամենավերջին նվաճումները, այդ բոլոր համակարգերը պահանջում են մեծ ներուժ, այդ թվում՝ նյութական։

- Քանի որ մեր երկիրն էլ է աշխատանքներ տանում ԱԹՍ-ների ստեղծման ուղղությամբ, դրանք տեխնոլոգիական առումով շա՞տ են տարբերվում իսրայելականներից։

- Այդ մասին մեր երկիրն էլ է մտածում, գոյություն ունի ռազմարդյունաբերական կոմիտե, տարվում են համապատասխան աշխատանքներ, վերաբերմունք՝ ամեն մեկն իր ունեցած ուժերին համապատասխան։ Մի մոռացեք, որ Իսրայելը վերցնում է աշխարհի ամենաառաջավոր ձեռքբերումները։