Դե բռնվեք. դադարեցնում եմ մասնագիտական գործունեությունս․ Մարինա Խաչատրյան

Դե բռնվեք. դադարեցնում եմ մասնագիտական գործունեությունս․ Մարինա Խաչատրյան

Երևանի ավագանու նախկին անդամ, «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը գրել է․

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ գործընկերներ, բուժառուներ, լրագրողներ, հայրենակիցներ,

Այսօր լրանում է իմ 38-ամյակը, որից 15 տարին նվիրել եմ մարդկային կյանքերի փրկության գործին։ Լինելով Հիպոկրատի երդմանը հավատարիմ` սիրել ու բարձր եմ գնահատել իմ ուսուցիչներին, յուրաքանչյուր պահի պատրաստ եմ եղել իմ գիտելիքով ու ունակություններով ծառայել մեր հանրության առողջական վիճակի բարելավմանը։

Իմ մասնագիտությունը կարգելով թիվ մեկը իմ կյանքում` վերջին տարիներին ակտիվ գործունեություն եմ ծավալել նաև մեր երկրի հասարակական-քաղաքական ոլորտում։ Բոլոր քաղաքական գործընթացները գնահատելով բժշկի աչքով` մեր երկրին կենդանություն վերադարձնելու համար պայքարել եմ այնպես, ինչպես մարդկային յուրաքանչյուր կյանքի համար եմ պայքարում։
Ցավով եմ փաստում, որ մեր հայրենիքն այսօր ծանր հիվանդ է, գտնվում է զավթիչների ձեռքում և ես, որպես Հիպոկրատի երդվյալ, պարտավոր եմ իմ կյանքն ու առողջությունը նվիրել Հայաստանի «առողջության» պաշտպանության գործին։

Որոշ մարդկանց համար անցանկալի իմ հասարակական-քաղաքական ակտիվությունը պատճառ է հանդիսացել նրանց կողմից քաղաքական հետապնդումների համար (և՛ նախորդ, և՛ ներկա ռեժիմների օրոք)։ Իմ անունը պարբերաբար կապվել է իմ ղեկավարների հետ, որտեղ էլ որ ես աշխատելիս լինեի (վերջին երեք տարվա ընթացքում փոխել եմ երեք աշխատատեղ), ինչն անընդունելի է ինձ համար։

Այսօր, իմ 38-ամյա հոբելյանի օրը, ես հայտարարում եմ, որ ժամանակավորապես դադարեցնում եմ իմ բժշկական գործունեությունը` հասարակական-քաղաքական ավելի ակտիվ պայքար մղելու համար։

Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին` պրոֆեսիոնալիզմի, անձնվեր աշխատանքի, մեր սուրբ գործին իրենց նվիրվածության և ջերմ ընկերական հարաբերությունների համար։ Դուք անկրկնելի եք։ Ես բոլորիդ ի սրտե սիրում եմ։

Ներողություն եմ խնդրում իմ բոլոր բուժառուներից, որ ժամանակավորապես չեմ կարող իրենց ցուցաբերել մասնագիտական օգնություն։

Բոլոր այն մարդկանց, ովքեր մտահոգված են իմ ապրուստի միջոցով, հիշեցնում եմ, թե ով է իմ եղբայրը և որտեղ է նա գտնվում։ Համոզված եղեք, որ ես ապահով ձեռքերում եմ։

Հասունացել է պահը, որ ես ժամանակս ու կյանքս նվիրեմ Հայաստան աշխարհի պաշտպանության գործին։

Հայրենիքի ոչ մի դավաճան այլևս ներում չի ունենալու։
Հայրենիքի դեմ դավեր նյութող յուրաքանչյուր ոք պատասխան է տալու հայ ազգի ու հայկական օրենքների առաջ։

Դե բռնվեք …

Հ.Գ. Այսօր աշխատանքից ազատման վերաբերյալ դիմում եմ ներկայացրել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի տնօրենին»։