Իրավունք չունենք մեկ սխալ որոշմամբ եղածը հավասարեցնել զրոյի
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն օրեր առաջ գիտնականների հետ հանդիպման ժամանակ ցանկություն է հայտնել, որ Գիտությունների ազգային ակադեմիան մասնակցի նաեւ դպրոցներում գիտության հանրահռչակման գործին։ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն ասում է՝ շատ լավ գաղափար է, բայց իրենք այդ հարցով արդեն զբաղվում են․
«Անցած տարի մենք վերակազմավորել ենք Ակադեմիայի երիտասարդ գիտնականների միավորումը, որոնք արդեն նստելու են նախագահության շենքում, իրենց համար ֆինանսներ էլ ենք հատկացրել, ու իրենց առաջ, որպես առաջին խնդիր, դրված է հենց դա։ Իրենք մի քանի անգամ արդեն եղել են դպրոցներում, որտեղից աշակերտներին բերել են մեր ինստիտուտներ։ Նոյեմբերի 11-ին՝ Գիտության օրը, հենց նախագահության 2-րդ հարկում կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի յուրօրինակ լաբորատորիա էր բացված, դուք պետք է տեսնեիք, թե ինչպես էին այդ աշակերտները հետաքրքրությամբ մանրադիտակով նայում, թե ոնց են բջիջները կիսվում, իրար հետ փոխազդում։ Իսկ դա շատ կարեւոր է, որովհետեւ գիտության հիմքը պետք է դպրոցում դրվի։ Եթե մեր գիտությունն այսօր այս վիճակում է, ի դեպ, ես չեմ գտնում, որ վատ վիճակում է, ամեն դեպքում, գիտությունն ավելի լավ վիճակում է, քան բարձրագույն կրթությունը, բայց դրա հիմքերը գալիս են դպրոցից։ Պետք է դպրոցից ամեն ինչ ճիշտ ձեւավորված գա հասնի մինչեւ Գիտությունների ազգային ակադեմիա»։
ԳԱԱ նախագահն ընդգծում է՝ Ակադեմիան պահելը ռազմավարական խնդիր է մեզ ու մեր երկրի համար․ «Ես սա ոչ թե նրա համար եմ ասում, որ այսօր Ակադեմիայի նախագահն եմ եւ ուզում եմ, որ Ակադեմիայում լինեն ինստիտուտներ, հենց միայն նրա համար, որ ինստիտուտներ ունես՝ իշխանությունդ էլ մեծ է։ Ոչ, ես գտնում եմ, որ այս պահին ճիշտը դա է, մենք իրավունք չունենք, որ այն, ինչ եղել է այս 80 տարիների ընթացքում, մեկ սխալ որոշմամբ հավասարեցնենք զրոյի կամ տանենք դեպի անկում։ Դրա համար իմ եւ Ակադեմիայի գերակշռող մեծամասնության կարծիքն է, որ պետք է եղածը բարելավել»։
Աշոտ Սաղյանը նկատում է՝ այնպես չէ, որ միայն բողոքում են, լավն էլ են ասում․ «Լավը բազմաթիվ անգամ ասում ենք, 2022-ից գիտության ֆոնդը կտրուկ ավելացել է, մեր գիտնականները սկսել են 2 անգամ ավելի գումար ստանալ, սարքավորումների բազան ավելանում է, գիտական կենտրոններ ենք ստեղծում, որոնց վրա գումար է ներդրվելու, մարդկանց մոտ հույս է առաջացել, որ վերջապես սառույցը կոտրվեց, եւ ամեն ինչ կտանենք դեպի լավ ապագա, որտեղ մենք կունենանք մեր ուզած ակադեմիան։ Կամքն ու ցանկությունը կան, կարողություններն էլ ունենք, դրա համար ուղղակի պետք է թողնել, որ դա մենք անենք։ Կլինե՞ն օրենսդրական բարեփոխումներ, կմնա՞ն ինստիտուտներն Ակադեմիայում՝ մենք կունենանք այն ակադեմիան, որը վայել է մեր ժողովրդին»։
ԳԱԱ-ն առաջիկայում նախատեսում է կազմակերպել նաեւ քննարկումների բաց հարթակ ոչ միայն բուհական համակարգի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, այլ նաեւ ցանկացած գիտնական, դոցենտ, պրոֆեսոր կարող է մասնակցել դրանց․ «Լինեն համատեղ քննարկումներ, եւ տեսնենք, թե ինչն է պատճառը, որ այսօր լավ համագործակցություն չկա։ Նման քննարկում ոչ մի անգամ չի եղել՝ ինչո՞ւ։ Նույնն ուզում ենք անել մեր արտադրողների հետ, ես կապվել եմ մեր մի շարք խոշոր արտադրողների հետ՝ հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, դեղագործության ոլորտից, դրանց ղեկավարներին առաջիկայում նույնպես կհրավիրենք այստեղ, կխոսենք, կպատմենք մեր հնարավորությունների մասին, նաեւ կհարցնենք՝ արդյո՞ք իրենց որեւէ գիտական խնդիր չի հուզում, որովհետեւ ցանկացած արտադրող հիմնարկություն ունենում է իր «էռենդին»՝ իր գիտահետազոտական բաղադրիչը, որն անընդհատ պետք է զարգացնել։ Այսօր շուկայի պահանջն է քեզ թելադրում, որ դու անընդհատ ինչ-որ գիտական բարեփոխում անես, հակառակ դեպքում մրցակցային չես դառնա։ Այսինքն՝ այդ գործարանների «էռենդին» մենք ենք՝ ակադեմիական ինստիտուտները, ինչո՞ւ չեք մեզ օգտագործում։ Նման քննարկումներ նախկինում չեն եղել, հիմա մենք այդ ամենն ուզում ենք դնել ավելի իրատեսական հիմքերի վրա, եւ ես համոզված եմ, որ դա կբերի նրան, որ այդ գործարարները ներդրումներ կանեն արդեն ակադեմիական ինստիտուտներում՝ կոնկրետ խնդիրներ լուծելու համար։ Ու այս դեպքում այդ պատվերը կգա ոչ թե վերեւից, այլ կողքից՝ մասնավորից, որն աշխարհում ընդունված պրակտիկա է»։
Կարծիքներ