Անդրանիկ Քոչարյանի չիրականացված երազանքը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ պաշտպանության նախարար դառնալու երազանքը գրեթե քրոնիկ հիվանդության է վերածվել, որը հերթական անգամ սրացավ Ֆրանսիայից Հայաստան զենք բերելու գործընթացի ժամանակ։ Պաշտպանության նախարարությունը դեռ չէր հասցրել պաշտոնական պարզաբանում տալ ձեռք բերված զենք-զինամթերքի մասին, երբ Քոչարյանը սովորույթի համաձայն առաջ ընկնելով ՊՆ-ից` լրատվամիջոցներին հարցազրույց էր տվել, պատմել բանակցությունների ընթացքի, ձեռք բերված պայմանավորածությունների, ռազմամթերքի եւ այլնի մասին, ինչը, մեր տեղեկություններով, ՊՆ ղեկավարության զայրույթն էր առաջացրել:
Օրեր առաջ էլ Ներքին Հանդի դեպքերի ժամանակ, երբ պաշտպանության նախարարությունը դեռեւս 1 զոհի մասին էր հայտարարել, Անդրանիկ Քոչարյանը շտապեց «ավետել» 4 զոհի մասին լուրը։ Քոչարյանն իրեն ՊՆ դե ֆակտո նախարար է զգում, ու կարծում է, որ ավելի շատ է գլուխ հանում պաշտպանական ոլորտից, քան Սուրեն Պապիկյանը։ Մեր տեղեկություններով՝ ՊՆ-ում Քոչարյանի այս պահվածքը բազմիցս քննարկվել է և ձևեր են մտածում այս «ինքնիրավչության» դեմն առնելու համար: Ասում են, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելը բավարար չի, որ ՊՆ-ի կամ բանակի գործերի մեջ քիթդ խոթես: Իհարկե, որոշակիորեն ներողամիտ են Քոչարյանի նկատմամբ, թե «մեծ մարդ ա, հետը ինչ գլուխ դնենք», բայց դա երկար չի տևի: Իրեն նախարարին համարժեք կարգավիճակ վերագրած Անդրանիկ Քոչարյանը դեռ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ժամանակ էր այսպես հավակնոտ պահում իրեն: Զինվորական համազգեստով խորհրդարան եկած Տոնոյանի համազգեստն էր ժամանակին ծաղրել, թե «ձկնորսի համազգեստ է, անհասկանալի համազգեստ»։
Պաշտպանության նախարարությունն այդ ժամանակ նույնիսկ հայտարարություն տարածեց, նշելով,
«Պետական բարձրաստիճան պաշտոնյային ոչ հարիր այս պահվածքը, բացարձակ անընդունելի լինելուց բացի, նաև հետևանք է Անդրանիկ Քոչարյանի մոտ պաշտպանական ոլորտին վերաբերող գիտելիքների ճչացող պակասի»։ Քոչարյանը սրանից դաս չառավ: Մի քանի օր առաջ էլ նա հայտարարել էր, թե Հայաստան ժամանած Ֆրանսիայի Պաշտպանական գերատեսչության պատվիրակությունը, ԶՈՒ նախարարն ու Ֆրանսիայի Սենատի անդամները, պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահը կգնան նաեւ ԱԺ՝ իր հետ հանդիպման։ Ֆրանսիացի պաշտոնյանները Ազգային ժողովով չգնացին, քանի որ պրոտոկոլով նման հանդիպում պլանավորած չի էլ եղել։
Կարծիքներ