«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի խոսքը Ռուսաստանին ուղղված մեսիջներ էր պարունակում

«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի խոսքը Ռուսաստանին ուղղված մեսիջներ էր պարունակում

Երեկ ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը թեպետ բացառեց, որ ակտիվանալու համար ընդդիմությունը սպասում է արտաքին ազդակների, սակայն նրա խոսքը Ռուսաստանին ուղղված մեսիջներ էր պարունակում: Նախ` քննադատեց Արեւմուտքի՝ ՀՀ-ի նկատմամբ վարած քաղաքականությունը։ Ասաց, որ եվրոպական կառույցներն ու ԱՄՆ-ն արժեհամակարգը հետին պլան են մղել՝ առաջնային պլան մղելով աշխարհաքաղաքական հաշվարկները. «Արեւմուտքը փորձում է երկակի ստանդարտներով Հայաստանին ինչ-որ կերպ հեռացնել Ռուսաստանից»։

Նախորդ անգամ խուսափել էր այս թեմայից, այս անգամ հստակ կողմ արտահայտվեց միութենական պետությանը. «Մենք չպետք է վախենանք Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելուց, տարածաշրջանում գործոն դառնալու հնարավոր լուծումներից մեկը Ռուսաստանի հետ միութենական պետությունն է։ Իմ նախագահության օրոք այդպիսի առաջարկ չի եղել, բայց հիմա նման գործընթացներին պետք է վերաբերվել շատ պրագմատիկ եւ շատ կոնկրետ հաշվարկով։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի այս գործընթացի նախաձեռնողը»: Սպասենք այս մեսիջների պատասխանին` հյուսիսից: