«Հրապարակ». ՀՀ իշխանությունը պետք է պատասխան տա Արցախի, Հայաստանի ժողովրդին, թե ինչու այս հարցը չի ուզում բերել օրակարգ

«Հրապարակ». ՀՀ իշխանությունը պետք է պատասխան տա Արցախի, Հայաստանի ժողովրդին, թե ինչու այս հարցը չի ուզում բերել օրակարգ

«Հրապարակ»-ի զրուցակիցը Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության եւ հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանն է:

- Լրանում է Արցախում էթնիկ զտման տարելիցը, Արցախը հայաթափված է, Հայաստանի գործող իշխանությունն այն ճանաչել է Ադրբեջանի մաս, որին պաշտոնական Երեւանի լռության պայմաններում հաջողվում է մարսել իրագործածը: Նախ, խնդրում եմ իրավիճակի գնահատականը տալ: Ինչո՞ւ Արցախը հայաթափվեց քաղաքակիրթ աշխարհի լուռ հայացքի ներքո:

- Այո, այսօր լրանում է Արցախում էթնիկ զտման, Արցախի հայաթափման տարելիցը, բայց այստեղ ես շատ լուրջ վերապահում ունեմ՝ այն իմաստով, որ այս ողբերգական իրադարձությունը, որը դեռ շատ թարմ է, հանկարծ չնույնականացնենք մեր պատմության այլ ողբերգական իրադարձությունների հետ, այս հարցում չմտնենք զոհի կարգավիճակի մեջ, որովհետեւ դա մենք սիրում ենք։ Այստեղ ուղղակի հետեւողական աշխատանք է պետք՝ այս բաց վերքը դարմանելու։ Բոլորս պետք է գիտակցենք, որ Արցախի հարցը լուծված չէ՝ միայն այն պատճառով, որ այնտեղ արցախահայություն չկա, այնտեղ էթնիկ զտում է իրականացվել, նրանք պարտադրաբար հեռացվել են իրենց հայրենիքից՝ ցեղասպանության սպառնալիքի տակ, եւ այս հարցը պետք է մեր օրակարգային հարցերից մեկը լինի։
Մենք՝ ազգովի, պետք է հետամուտ լինենք, նախ, արցախահայության՝ իրենց հայրենիք վերադառնալու հարցին։ Ոչ, այս հարցը բաց է, չի մարսվել, չի մարսվելու, որեւէ մեկին չի հաջողվելու այս հարցը փակել այնքան ժամանակ, քանի դեռ արցախահայությունը չի վերադարձել իր տուն, իր հայրենիք։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, ուղղակի անհնար է պատկերացնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարող է երկարատեւ, կայուն խաղաղություն լինել։ Բոլորս պետք է սա լավ գիտակցենք։ Իհարկե, Արցախը հայաթափվեց, Ձեր հարցում ձեւակերպում եք՝ աշխարհի լուռ հայացքի ներքո․ ես մի փոքր այլ կերպ կձեւակերպեի՝ այո, աշխարհի լուռ հայացքի ներքո հայաթափվեց, որովհետեւ հայաթափվում էր Հայաստանի իշխանությունների լուռ հայացքի ներքո, եւ այդ պարագայում հույս ունենալ, որ այլոք որեւէ քայլ էին անելու, ուղղակի միամտություն էր։ Մենք այս իրավիճակին հասանք, չեմ ուզում ասել՝ միմիայն ՀՀ իշխանությունների պատճառով, չնայած դրանում իրականություն կա, բայց հիմնականում ՀՀ իշխանությունների քաղաքականության արդյունքում է, որ մենք այսօր այս իրավիճակում ենք․ 2018-ից՝ դիվանագիտական սխալներ, 2020-ից՝ ռազմաքաղաքական սխալներ, դրանից հետո՝ նոյեմբերի հայտարարությունից եւ զինադադարից հետո, խորացված դիվանագիտական եւ քաղաքական սխալներ, Պրահայում արդեն ամենաճակատագրական սխալը թույլ տալը՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, եւ դրան հաջորդող իրադարձությունները եւ, վերջապես, այն հայտարարությունը, որ Հայաստանը, առհասարակ, որեւէ առնչություն չունի Արցախի եւ Արցախի իրադարձությունների հետ։
Պարզ է, որ այս ամենի հետեւանքը լինելու էր այն, ինչ եղավ, այնպես որ, այստեղ ճիշտ հասկանանք եւ հարցերը կոչենք իրենց իսկական անուններով․ որեւէ մեկին մեղադրելուց առաջ մենք մեզ հայելու մեջ նայենք եւ կարողանանք ճիշտ գնահատական տալ այս իրադարձություններին, որպեսզի կարողանանք նաեւ կողմնորոշվել, թե սրան հաջորդող քայլերն ինչպիսին պետք է լինեն, որպեսզի մենք հասնենք մեր նպատակին։

- Ձեր գլխավորած հանձնախումբը՝ որպես Արցախի Հանրապետության խորհրդարանի մանդատը ստացած մարմին, փորձում է արցախահայության հավաքական վերադարձի իրավունքի խնդիրը բերել միջազգային օրակարգ: Բազմաթիվ հանդիպումներ եք ունեցել արտերկրում, ինչպիսի՞ն է միջազգային հանրության ընկալումն այս հարցում: Ի՞նչ մեխանիզմներով ու ի՞նչ կարգավիճակում է հնարավոր դա ապահովել:

- Այո, հանձնախումբն արդեն 6 ամիս է՝ գործում է, բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ե՛ւ առանձին պետությունների անհատ ներկայացուցիչների հետ, ե՛ւ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ՝ ՄԱԿ, ԵԱՀԿ։ Ընդհանուր ընկալումը` վերադարձի հարցում, շատ դրական է եւ այլ կերպ չի էլ կարող լինել։ Ովքեր ներգրավված են այս հարցերում եւ տիրապետում են խնդրին, գիտեն օրենքները, ուղղակի չեն կարող առարկել, երբ նրանց առաջ այսպիսի խնդիր է դրվում, դրա համար էլ շատ դրական է ընկալումը։ Այստեղ երեք տարբեր հարթություններ կան՝ իրավական, քաղաքական եւ դիվանագիտական։ Իրավական մասով բացառապես անխոցելի է այս հարցը, ընդհանրապես, միջազգային իրավունքի նորմերով, կոնֆլիկտների արդյունքում իրենց տներից արտաքսվածներն իրավունք ունեն վերադառնալ իրենց տները, իրենց հայրենիքը։ Սա՝ որպես միջազգային իրավունքի ընդհանուր, պարտադիր նորմ, իսկ Արցախի դեպքում կա կոնկրետ որոշում՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ անցած տարվա նոյեմբերի 17-ին, որով Ադրբեջանին պարտադրում է ապահովել արցախահայության՝ իրենց տները վերադառնալու պայմաններ։ Սա արդեն հատուկ Արցախի հարցում միջազգային դատարանի որոշում է։ Կա նաեւ Եվրախորհրդարանի՝ այս տարվա մարտի 16-ի ռեզոլյուցիան, որը մի քայլ առաջ է գնում եւ արդեն խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմը, վերադարձի հարցը քննարկելու պայմաններ ստեղծելու համար, պետք է նստի բանակցությունների Արցախի ներկայացուցիչների հետ՝ միջազգային ներկայությամբ։ Այնպես որ, իրավական հարթությունում խնդիր չկա, ոչ ոք չի կարող առարկել, եւ մեր դիրքերն այստեղ շատ ամուր են։
Նույնը կարող եմ ասել քաղաքական հարթությունում․ այստեղ մի փոքր բացատրեմ՝ Ադրբեջանն ինքն է ասում, որ իրավունք ունեն վերադառնալու, թող գան՝ որպես իմ քաղաքացիներ, ապրեն իրենց տներում։ Սա Ադրբեջանի դիրքորոշումն է։ Այստեղ մի բան շեշտեմ՝ մոռացեք՝ ինչ պայմաններով, ուղղակի, որ ասում է՝ իրավունք ունեն վերադառնալու։ Միջազգային հանրությունը, առայժմ գոնե, ասում է՝ թող վերադառնան, մենք էլ մոնիթորինգ կանենք, որպեսզի Ադրբեջանը հարգի իր խոստումը եւ ապահովի արցախահայության անվտանգությունը։ Սա միջազգային հանրության նախնական դիրքորոշումն է՝ այլ դիրքորոշման բացակայության պայմաններում։ Հայկական կողմը՝ մեր կողմը, արցախահայությունը, Արցախի ղեկավարությունը եւ հանձնախումբը, հարցը դնում է այլ ձեւով, որ այդ երկուսն էլ բավարար չեն, անհրաժեշտ են շատ ավելի հուսալի երաշխիքներ՝ ՄԱԿ-ի մանդատ, ՄԱԿ-ի ադմինիստրացիա՝ համատեղ Արցախի ղեկավարության հետ։ Բայց այստեղ ընդհանրականն այն է, որ բոլոր կողմերն էլ ընդունում են, որ արցախահայությունն իրավունք ունի վերադառնալ իր տները։ Հանձնախմբի խնդիրներից գլխավորն այսօր հարցն օրակարգ բերելն է, ուստի, սա ապացուցում է, որ քաղաքական առումով բացարձակ խնդիր չկա՝ հարցն օրակարգ բերելու՝․ բոլորը համաձայն են, եւ այստեղ պետք չէ վախենալ, թե հակառակորդն ինչպիսի դիրքորոշում ունի վերադարձի հարցում, կարեւորը՝ որ մենք կարողանանք հարցն օրակարգ բերել։ Ես սա իմ փորձից եմ ասում՝ բանակցությունների ընթացքում բազմաթիվ դեպքեր են եղել, որ մեզ համար խնդիր է եղել հարցն օրակարգ բերելը, ընդունել ենք հակառակորդի նախնական պայմանները՝ դա անելու համար, որից հետո բանակցությունների միջոցով, դիվանագիտական աշխատանքով կարողացել ենք հարցին այնպիսի ձեւակերպում տալ, որ լինի հօգուտ հայկական կողմի։ Այսօր մեր խնդիրը, իսկապես, հարցն օրակարգ բերելն է։
Եվ երրորդ հարթությունը․ դա դիվանագիտական հարթությունն է, ահավասիկ, մեր հիմնական խնդիրն այստեղ է, որովհետեւ հանձնախմբի աշխատանքը բավարար չէ, մենք կկարողանանք եւ կարողացել ու շարունակում ենք անել այնպես, որ հարցը մնա օրակարգում։ Ես կարող եմ Ձեզ վստահեցնել, որ այսօր, առնվազն, բոլոր շահագրգիռ կողմերը, գոնե դիվանագիտական միջին մակարդակում՝ ԱԳՆ վարչություններ, որոնք զբաղվում են մեր տարածաշրջանով, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են մեր տարածաշրջանով, գոնե գիտեն, որ արցախահայությունը պնդում է իր վերադարձի հարցը, որ հայերը չեն հրաժարվել այս հարցից, եւ հարցն այսօր օրակարգային է։ Դա մեզ հաջողվել է անել, բայց կարողանալ դիվանագիտական հաջողություն ունենալ եւ հարցը բերել բանակցային օրակարգ՝ այստեղ արդեն անհրաժեշտ է ՀՀ իշխանությունների ներգրավվածությունը, եւ այստեղ է մեր հիմնական խոչընդոտը։

- Գլխավոր խոչընդոտը, որին, հավանաբար, բախվում են Ձեր ջանքերը, պաշտոնական Երեւանի դիրքորոշումն է, որը փաստացի համընկնում է Բաքվի թեզերին: Հնարավո՞ր է արդյունք գրանցել, երբ բոլորը տեսնում են, որ ՀՀ իշխանությունն ու հայ հասարակությունը՝ ներառյալ սփյուռքը, խոսում են տարբեր լեզուներով:

- Իմ նշած 3 հարթություններից իրավականում բացարձակ խնդիր չկա, քաղաքականում բոլոր հիմքերը կան, խնդիրը դիվանագիտական հարթությունում է, եւ այստեղ է, որ մենք բախվում ենք այն հարցին, երբ մեզ ասվում է, որ, այո, հասկանալի է, ընդունելի է, բայց զարմանում են, որ այս հարցը ՀՀ իշխանությունները չեն բերում օրակարգ, հարց են տալիս` ինչո՞ւ։ Այստեղ է, որ ՀՀ իշխանությունները պետք է պատասխան տան Արցախի, Հայաստանի ժողովրդին, թե ինչու այս հարցը չեն ուզում բերել օրակարգ։ Իշխանությունների թեզը, որ սա կարող է վտանգել Հայաստանի անվտանգությանը, սին է, սուտ է, դա այդպես չէ։ Հարցը դիվանագիտական հարթությունում օրակարգ բերելը որեւէ կերպ չի կարող սպառնալիք լինել Հայաստանի համար, ընդհակառակը՝ դա միայն ուժեղացնելու է Հայաստանի դիրքերը բանակցային հարթությունում, ուստի այսօր ՀՀ իշխանությունների վրա պետք է ճնշում բանեցնի ե՛ւ սփյուռքը, ե՛ւ Հայաստանի ժողովուրդը, ե՛ւ արցախահայությունը, որպեսզի ՀՀ իշխանություններն այս հարցը բերեն օրակարգ։ Իմ կարծիքով՝ նրանք չեն ուզում դա անել, որովհետեւ գիտեն, որ սա բարդ խնդիր է, հարցն օրակարգ բերելով անընդհատ իրենց հիշեցնելու են իրենց սխալները, եւ իրենք ուղղակի ուզում են հարցը փակել եւ մոռացության տալ, որպեսզի քննադատության չենթարկվեն, որ հարցը մարսվի-գնա։ Բայց, ինչպես ես ասացի, այս հարցը հնարավոր չէ մարսել, դա մեզ համար էքզիստենցիալ խնդիր է։ Այնպես որ, Հայաստանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ ՀՀ շահերից է բխում այս հարցն օրակարգ բերելը եւ հետամուտ լինելն այս խնդրին։ Հանձնախումբն այստեղ պատրաստ է աշխատել Հայաստանի իշխանությունների հետ։ Ես ուղղակի համոզված եմ, որ մեր երկուսի զուգահեռ աշխատանքով հնարավոր կլինի հարցը բերել օրակարգ եւ վերջում նաեւ հասնել ինչ-որ արդյունքի։ Ես սա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, եւ մեր 6 ամսվա աշխատանքի միանշանակ եզրակացությունը սա է: Սա միայն իմ անձնական տեսակետը չէ, հանձնախմբի բոլոր անդամների, մեզ հետ համագործակցողների կարծիքն է, ինչպես նաեւ՝ միջազգային այն շրջանակների, որոնց հետ մենք շփվել ենք։ Այն օրը, երբ ՀՀ իշխանություններն այս հարցը կբերեն Հայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգ, կլինի միջազգային աջակցություն։

- Մի առիթով Դուք ասել էիք՝ եթե մենք Արցախի հարցով չզբաղվենք, Արցախի հարցն է մեզնով զբաղվելու: Նկատի ունեիք այդ թվում ՀՀ անվտանգության խնդիրը: Խնդրում եմ բացել միտքը, ինչու՞ է կարեւոր վերադարձի խնդիրը հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգ բերելու հարցը:

- Իհարկե, եթե մենք Արցախի հարցով չզբաղվենք, Արցախի հարցն է մեզնով զբաղվելու եւ զբաղվում է։ Չգիտեմ, եթե դիվանագիտությամբ զբաղվող մարդ կա եւ սա չի հասկացել, իսկապես, զարմանալի է, որովհետեւ սա փաստ է։ Մենք ասենք, որ մեզ համար Արցախի հարցը փակված է ու գոյություն չունի, եւ մտածենք, որ իրոք  Արցախի հարց գոյություն չունի, ուղղակի միամտություն է։ 
Այսօր Ադրբեջանի ամեն մի քայլը բխում է Արցախի շուրջ նախորդ 25-30 տարիներին տեղի ունեցած իրադարձությունների պրիզմայից, տրամաբանությունից։ Ալիեւն այսօր մեզնից այդ 30 տարիների իրադարձությունների հետ կապված վրեժն է լուծում՝ ե´ւ միջանցքի պահանջը, ե´ւ Հայաստանի տարածքների նկատմամբ իր հավակնությունները, ե´ւ, առհասարակ, այնպիսի պայմանագիր ձեռք բերելը, որով ուղղակի հարցը մեկընդմիշտ կփակվի, ինչպես նաեւ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը: Սրանք` բոլորը, Արցախի հետ առնչություն ունեցող հարցեր են, արցախյան հակամարտության այդ տարիներին տեղի ունեցող իրադարձություններին ի պատասխան տրամաբանությունից են բխում, հետեւաբար, միամտություն է կարծել, որ ասելով՝ Արցախի հարցը փակված է, հնարավոր է հույս ունենալ, որ երաշխավորում ենք Հայաստանի անվտանգությունը։ Ճիշտ հակառակն է՝ միայն Արցախի հարցը հետ բերելով բանակցային օրակարգ, մենք մեզ կարող ենք ավելի պաշտպանված զգալ։
 Ես այստեղ մի զուգահեռ անցկացնեմ եւ համեմատություն անեմ․ երբ 30 տարի մենք ունեինք Արցախ եւ հարակից տարածքներ, Հայաստանն առավել անվտանգ էր, սահմաններն  անխոցելի էին, ունեինք ռազմաքաղաքական, ստրատեգիական խորք եւ առավել պաշտպանված էինք զգում մեզ։ Կորցրինք Արցախը, հարակից տարածքները, Հայաստանի սահմանները դարձան խոցելի, Ադրբեջանն արդեն մխրճվել է Հայաստանի սահմաններից ներս եւ սպառնում է լրացուցիչ մեծ կորուստներով։ Այսօր Հայաստանը, իսկապես, վտանգված է, որովհետեւ չկա Արցախ, չկան հարակից տարածքները։ Նույն տրամաբանությունն աշխատում է բանակցություններում, երբ դու բանակցային  սեղանի վրա չունես Արցախի հարց, օրակարգային հարցեր են դառնում միայն Հայաստանին վերաբերող հարցերը՝ սահմանազատում, որն արդեն Հայաստանի տարածքին է վերաբերում, միջանցքի հարց, ադրբեջանցիների վերադարձ Հայաստան․․․։ Այնքան է սահմանափակվում օրակարգը, որ դու նույնիսկ առեւտուր անելու հնարավորություն չունես, եւ Հայաստանն ավելի խոցելի է դառնում արդեն բանակցային հարթությունում, ուստի, Արցախի հարցը, արցախահայության՝ իրենց  հայրենիք վերադառնալու հարցն օրակարգ բերելով, մենք այստեղ ստանում ենք բանակցային խորք, դիվանագիտական խորք, որը մեզ հնարավորություն կտա առավել արդյունավետ բանակցելու, մեր տեղն ունենալու սեղանի շոււրջ, թույլ չտալու, որ ուրիշները մեզ համար ինչ-որ որոշումներ կայացնեն, իսկ այն թեզը, որ այս հարցն օրակարգ բերելով, մենք կարող ենք պատերազմ հրահրել կամ հրահրել այն, որ ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, ուղղակի անթույլատրելի արգումենտ է եւ բացարձակապես իրականությանը չի համապատասխանում։
Ընդհակառակը, այս հարցն օրակարգ բերելով, մենք  նպաստում ենք առավել կայուն խաղաղությանը, իսկ ինչ վերաբերում է ադրբեջանցիների վերադարձին, դա բոլորովին այլ հարթության խնդիր է, ինչպես այլոք են ասում։ Տոյվո Կլաարի՝ ԵՄ ներկայացուցչի վերջին հարցազրույցը նայեք, որն ասում է՝  մեկը մյուսի հետ որեւէ կապ չունի․ ադրբեջանցիները լքել են Հայաստանը 90-ականների սկզբին, հայերը՝ Ադրբեջանը, եւ դա այլ հարթության խնդիր է, իսկ Արցախը՝ բոլորովին այլ։ Այն թարմ է, այնտեղ պատմական արմատների, տարածքի վրա լինելու խնդիր կա, եւ դրանք համեմատության մեջ դնելն ուղղակի խաբեությամբ զբաղվել է եւ ժողովրդին մոլորեցնելու միջոց ու ջանք։ Այնպես որ, այսօր կարեւոր խնդիր է, որ ՀՀ իշխանություններն այս հարցը բերեն օրակարգ, դրանով միայն ու միայն Հայաստանի դիրքերը կամրանան բանակցություններում, եւ մենք ավելի լայն հնարավորություն կունենանք դրական արդյունքների հասնելու։

- Պարոն Օսկանյան, այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականին, դրան հաջորդած ժամանակահատվածում, եւ այն, ինչ հիմա կատարվում է  Հայաստանի շուրջ, դիվանագիտության ձախողման հետեւանք է: Կոմպետենտ ու ճիշտ դիվանագիտության արդյունքում հնարավո՞ր է շտկել իրավիճակը, այն պայմաններում, երբ տարածաշրջանով հետաքրքրված ուժերը մեզ վերաբերելի հարցերը վաղուց առանց մեզ՝ միմյանց հետ պայմանավորվելով են լուծում:

- Այո, 2018 թ․ իշխանափոխությունից հետո Հայաստանի նոր իշխանությունները դիվանագիտական փորձ չունեին եւ մերժեցին նախկինում կուտակված փորձից օգտվելը, ընտրեցին իրենց ինքնուրույն ճանապարհը։ Այդ փորձի եւ դիվանագիտական հմտության բացակայության պայմաններում ձախողումների այսպիսի շարք եղավ։ Ահավասիկ, վեց տարի անց ասել, որ իշխանությունները փորձ են կուտակել,  սխալ կլինի, որովհետեւ կուտակված փորձը ձախողումների, պարտության փորձ է, դա բացասական փորձ է, եւ հույս ունենալ, որ այդ վեց տարիների դիվանագիտական փորձի հիման վրա հնարավոր է ինչ-որ բան շտկել, ուղղել եւ հաջողություն ունենալ, դժվար է պատկերացնել։ 
Միանշանակ, այստեղ իշխանություններն օգնության կարիք ունեն, բայց  նրանք ո՛չ հարցնում են, ո՛չ ցանկանում են այդ օգնությունը եւ ուղղակի շարունակում են իրենց ճանապարհը, ուստի մենք դատապարտված ենք նույն այս ճանապարհը շարունակել, որը կարող է, իսկապես, առավել ծանր վիճակում դնել Հայաստանը։ Մեր շուրջը ստեղծված իրավիճակը բավականին բարդ է, գլոբալ իրավիճակն է բարդ, իշխանություններն ուղղակի չունեն ճիշտ կողմնորոշվելու հմտություն։ Այսօր՝ այս պայմաններում, մենք դաշնակիցներ չունենք, հներին կորցրել ենք, նորերը ձեռք չենք բերել եւ չենք կարողանում ինչ-որ քաղաքական ուղղություն վերցնել ու դրանով առաջնորդվել։ 
Նայեք, նախորդ բոլոր իշխանություններն ինչ-որ ուղենիշ ունեին՝ Տեր-Պետրոսյանի ժամանակ դա հավասարակշռության քաղաքականությունն էր, մեր ժամանակ` տասը տարի, կոմպլեմենտար քաղաքականություն էինք որդեգրել, որը միանշանակ դրական արդյունքներ էր տվել՝ ե՛ւ Արցախի հարցում, ե՛ւ տարածաշրջանային հարաբերություններում։ Դրանից հետո՝ Սերժ  Սարգսյանի ժամանակ, այսպես կոչված, բազմավեկտոր քաղաքականությունն էր հռչակվել։ Անկախ նրանից, թե դրա տակ ինչ բովանդակություն էին դնում, ուղենիշ կար, առնվազն։ Հայաստանի գործող իշխանություններից ես չեմ տեսել այդ ուղենիշը, եւ այս անորոշ վիճակում, իսկապես, ակնկալել, որ մենք դրական արդյունքներ կունենանք, միամտություն կլինի։ Սա, իհարկե, բավականին ծավալուն, առանձին հարցազրույցի թեմա է, ես շատ ընդհանուր անդրադարձա, որովհետեւ ամեն մի այդ բառի տակ խորը բովանդակություն կարող է լինել։ Կոմպլեմենտարը մեկ բառ է, բայց դրա տակ լուրջ բովանդակություն կա, եւ ես կարծում եմ, որ այսօր Հայաստանի համար այդ ճանապարհը ճիշտ ճանապարհ կլինի։ Մի օրինակ բերեմ՝ Սառը  պատերազմից հետո ԱՄՆ-ի ողջ քաղաքականությունը Սովետական Միության նկատմամբ մեկ բառով էր բնորոշվում՝ զսպման քաղաքականություն՝ containment, բայց դա շատ խորքային բովանդակություն ուներ, հատորներ են գրվել այդ մեկ բառի շուրջ։
 Նույնը այսօր է՝ արտաքին քաղաքականությունները մեկ բառով են բնութագրվում, բայց այդ բառն իր բովանդակությունն ունի եւ հստակ ուղենիշ է տալիս պետություններին։ Այսօր Հայաստանում դա իսպառ բացակայում է, եւ դրա հիմնական պատճառը փորձի, հմտությունների պակասն է եւ, որ առավել վտանգավոր է ՝ այս վեց տարիների բացասական փորձի կուտակումը։

- Վերջում` Ադրբեջանի մասին: Որքան էլ այսօր աշխարհաքաղաքական իրավիճակը բարդ լինի, ու Ալիեւին հաջողվի օգտվել դրանից, արդյո՞ք ուռճացված չէ այդ երկրի «անպարտելի» կերպարը:  

- Իհարկե, Ադրբեջանը շատ խոցելի պետություն է բոլոր առումներով՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսության, նույնիսկ` այդ նավթային պաշարների, ի վերջո, սպառման,  երկարաժամկետ առումով՝ նավթի գնի անկման, բայց հույս դնել այդ ամենի վրա, որ դա հիմք կլինի մեզ համար՝ ուժային առավելության հասնել Ադրբեջանի նկատմամբ, սխալ ճանապարհ է։ 

Մենք այսօր մեր մրցակցությունը եւ համեմատությունն Ադրբեջանի հետ պետք է դիտարկենք դիվանագիտական հարթության վրա, դրա համար էլ այստեղ դիվանագիտական հմտությունն առաջնային է դառնում, եւ այն բոլոր հարցերը, որ ես հարցազրույցում քննարկել եմ, վերաբերում են դիվանագիտությանը, եւ այդ առումով ես կարծում եմ՝ մենք կկարողանանք առավելություն ունենալ ու արդյունքների հասնել։ Իհարկե, զուգահեռաբար, մենք ներսում՝ Հայաստանում, բազմաթիվ խնդիրներ ունենք լուծելու՝ ժողովրդավարությունից մինչեւ տնտեսություն, բանակի վերազինում։ Սրանք մեր ներքաղաքական խնդիրներն են, դրանց պետք է լրջորեն վերաբերվել, դիվանագիտական աշխատանքին զուգահեռ, արցախցիների վերադարձի եւ, առհասարակ, Արցախի հարցը կենդանի պահելուն զուգահեռ, ներսում այդ ամենով պետք է զբաղվել, պետությունն ամրացնել, հասնել ներքին միասնության։ Այս ամենի համար ժամանակ է պետք։ Մենք պետք է կարողանանք մեր դաշնակցային հարաբերությունները ճիշտ կառուցել, ունենալ արտաքին քաղաքականության հստակ ուղենիշ, վարել արդյունավետ քաղաքականություն։ Այսօր սա է մեր խնդիրը, բայց նորից ամփոփելով եւ վերադառնալով մեր գլխավոր հարցին՝  հայրենազրկման առաջին տարելիցին, եկեք զոհի կերպարից դուրս գանք, մտնենք պայքարի մեջ, ունենք բոլոր հիմքերը` արցախահայության`  իրենց տներ վերադառնալու հարցը բերելու օրակարգ եւ փորձելու միասնական ջանքերով դա անել հնարավորինս կարճ ժամկետներում։