Մեզ մարդատեղ ո՞վ է դնում, որ գա

ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, թե ապրիլի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետեւանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը: Խնածախի մի բնակիչ մեզ ասաց, որ ավանդաբար նույն ժամին սկսում են կրակել․ «Այս անգամ նորից գյուղն են թիրախավորել: Սնայպերն է կրակել»: Թշնամու կրակոցներն անհետեւանք չեն անցնում՝ բնակիչներից ոմանք հեռանալու հնարավորության մասին են արդեն մտածում՝ ասում է Խնածախի բնակչուհին: «Նոր էին նորոգել մշակույթի տունը, խփել են, պուլյան մտել է մեջը: Ո՞վ է եկել ասի, թե խի եք սենց անում, հիմա ժողովուրդը կամաց-կամաց քոչում է»,- ասում է նա: «Ես թուրքին տալու հող չունեմ»,- կողքից բացականչում է ամուսինը:
Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում էր, սահմանից հեռու «անվտանգ» բնակավայրերում հանդիպում էր բնակչության հետ: Ինչո՞ւ թշնամու կողմից ամենօրյա ռեժիմով կրակոցների տակ ապրող գյուղեր չի այցելել: «Դե, մեզ ո՞վ է մարդատեղ դնում, որ գան»,- վրդովված ասում է Խնածախի բնակչուհին: Մարդիկ մտահոգված են ու անհանգիստ, շարունակվող ադրբեջանական կրակոցները նրանց զրկում են գյուղում ապրելու, երեխաներ մեծացնելու հեռանկարից՝ շեշտում է Խնածախի բնակչուհին:
Կարծիքներ