«Հրապարակ». ԱՆԻՖ-ում չարաշահումների գործի քննության շրջանակներում ԱՆԻՖ-ի արբանյակները չե՞ն ստուգվելու

«Հրապարակ». ԱՆԻՖ-ում չարաշահումների գործի քննության շրջանակներում ԱՆԻՖ-ի արբանյակները չե՞ն ստուգվելու

Ինչպես հայտնի է, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եւ Պետական վերահսկողական ծառայությունը 2022-2023 թվականներին ենթադրյալ չարաշահումներ են հայտնաբերել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) անունը կրող ընկերությունում։ ԱՆԻՖ-ը, որտեղ պետությունը 100 տոկոս բաժնեմաս ուներ, այսինքն` պետական հիմնադրամ էր, այժմ լուծարման փուլում է գտնվում` նրանից ինչ-որ մաս պահպանվելու է Պետական գույքի կառավարման վարչությունում: Առհասարակ, ԱՆԻՖ-ի պատմությունը մեր ժամանակների ամենամութ եւ ամենառիսկային պատմություններից է, որտեղ մեծ միջոցներ էին ներդրվել, եւ հսկայական կոռուպցիոն ռիսկեր էին գործում։ Ի դեպ, այս մասին մեր հրապարակումներից հետո ԱՆԻՖ-ը 4 հայց ներկայացրեց «Հրապարակի» դեմ, որոնցից մեկը վերաբերում էր ուռճացված աշխատավարձերին, մյուսը` ազգային ավիափոխադրող ստեղծելու վտանգավոր ու ռիսկային գործարքին:

Հիմնադրամի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը դատի է տվել ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդին՝ պահանջելով վերացնել իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումը։ Միաժամանակ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ԱՆԻՖ-ում լիազորությունները չարաշահելու հետեւանքով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու եւ հավատարմագրված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու ենթադրյալ փաստերով, իսկ արդեն 2024 թ. մայիսի 23-ին կառավարությունը «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ» ՓԲԸ-ի 100% բաժնեմասը տնօրինելու լիազորությունները փոխանցեց Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ ԱՆԻՖ-ի գործունեության դադարեցման գործընթացն իրականացնելու նպատակով։
Մյուս կողմից, արդեն երկար ժամանակ լուրեր կան, որ արաբական Air Arabia ավիաընկերությունը պատրաստվում է Հայաստանի դեմ հայց ներկայացնել միջազգային արբիտրաժային դատարան։

Air Arabia-ն, որը լոուքոսթեր է, այսինքն՝ բյուջետային ավիաընկերություն, «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ANIF)-ի հետ համատեղ 2021 թվականին ստեղծեց «Ֆլայ Արնա» ընկերությունը, սակայն այս նախագիծը ձախողվեց, «Ֆլայ Արնա»-ն ֆինանսական խնդիրների պատճառով դադարեցրեց թռիչքները, իսկ ԱՆԻՖ-ը լուծարման ճանապարհին է։ Եվ այժմ ԱՆԻՖ-ի եւ Air Arabia խմբի միջեւ ֆինանսական վեճ է ծագել։
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հետաքրքրվեցինք, թե արդյոք Air Arabia ընկերությունը դիմե՞լ է Հայաստանի դեմ դատարան։ «Մենք չենք ստացել որեւէ ծանուցում Air Arabia ավիաընկերության հայցի վերաբերյալ»,- պատասխանեցին գրասենյակից՝ ավելացնելով, որ սա կարող է նշանակել, որ նման արբիտրաժային վարույթ այս պահի դրությամբ չկա։

Հետաքրքիր է, որ չնայած ԱՆԻՖ-ով զբաղվում են իրավապահները, ԱՆԻՖ-ի հետ փոխկապակցված, համագործակցող ընկերությունները, որտեղ ԱՆԻՖ-ը ներդրումներ է արել, շարունակում են գործել՝ շրջանցելով իրավական վարույթները։ Մինչդեռ տրամաբանական կլիներ, եթե դրանք եւս ստուգվեին։

Օրինակ, «Գլոբալ Քոննեքթ» միջազգային բեռնափոխադրող ընկերությունը, որի տնօրեն Սերգեյ Գրիգորյանը, ըստ ԱՆԻՖ-ի նախկին աշխատակիցների, ընկերական հարաբերություններ ուներ ԱՆԻՖ-ի նախկին տնօրենի հետ, եւ չի բացառվում, որ հենց այս հանգամանքն է դեր կատարել ԱՆԻՖ-ի այս գործընկերոջ ընտրության հարցում։ «Գլոբալ Քոննեքթ» ընկերությունից հայտնեցին, որ չեն կարող մեր հարցերին պատասխանել, քանի որ տնօրենը երկրում չէ։ Նաեւ վստահեցրին, որ «Գլոբալ Քոննեքթ» ընկերությունը, որպես ԱՆԻՖ-ի գործընկեր, ընտրվել է մրցութային կարգով, թեեւ, մեր տվյալներով, մրցույթ չի անցկացվել։

Արդյո՞ք «Գլոբալ Քոննեքթ» ընկերությունում իրավապահները կատարել են ուսումնասիրություն։ Այս հարցին ընկերության ներկայացուցիչը չկարողացավ պատասխանել, ասելով․ «Ես տեղյակ չեմ»։
Շարունակում է գործել ու բիզնես-վարկեր բաժանել նաեւ ԱՐՖԻՆ ընկերությունը, որը, ըստ այս ընկերության կայքի, աջակցում է հայկական միկրո, փոքր եւ միջին ձեռնարկատերերին եւ նրանց աշխատակիցներին՝ մատուցելով հասանելի եւ մատչելի ֆինանսական ծառայություններ։

Արդյո՞ք ԱՆԻՖ-ը ԱՐՖԻՆ-ում ունեցել է ներդրում։ Ընկերությունից դժվարացան պատասխանել՝ ասելով, որ վերջին երկու տարվա ընթացքում սեփականատիրոջ փոփոխություն է տեղի ունեցել։ «Այս երկու տարում մեզ մոտ մի քանի սեփականատեր է փոխվել։ Կդժվարանանք պատասխանել»,- հայտնեց «ԱՐֆԻՆ»-ի ներկայացուցիչը, ինչն առնվազն տարօրինակ է։

ԱՆԻՖ ընկերության կայքում կարդում ենք․ «ԱՐՖԻՆ ներդրումային ընկերության միակ բաժնետերը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ն է»։ Ի դեպ, ԱՐՖԻՆ ընկերության այն ժամանակվա գործադիր տնօրեն Էդգար Էվոյանը եւ ԱՆԻՖ-ի խորհրդի անդամ Արթուր Դիլանյանը, ըստ նույն ԱՆԻՖ-ի պաշտոնական կայքի, մեկնել են Կանադա եւ այնտեղ Bulig անունով հիմնադրամ են բացել։ Ի՞նչ միջոցներով, եթե ԱՐՖԻՆ-ի միակ բաժնետերը մեր Պետական հետաքրքրությունների ֆոնդն էր։ Ընդ որում, մեր ձեռքի տակ կան ֆինանսական փաստաթղթեր՝ նույն ԱՆԻՖ-ի հաշվետվություններից, որտեղից երեւում է, որ ԱՐՖԻՆ ընկերությունը 2 մլն դրամի տոկոսային եկամուտ է ապահովել, բայց 100 մլն դրամի՝ վարչական ծախս։

Մենք գտնում ենք, որ Քննչական կոմիտեն հայտնի քրեական վարույթի շրջանակներում պարտավոր է ուսումնասիրել նաեւ այն ընկերությունների գործունեությունը, որոնց միակ ներդրողը եղել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը։ Արդյո՞ք նման ուսումնասիրություն արվում է ԱՆԻՖ-ի արբանյակների վերաբերյալ։ «ԱՆԻՖ-ի առնչությամբ քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, այլ տեղեկատվություն հրապարակման ենթակա չէ»,- պատասխանեցին Քննչական կոմիտեից։ Մենք հետեւելու ենք ԱՆԻՖ կոչվող «դարի աֆյորայի» շուրջ քննությանը եւ փորձելու ենք հասկանալ, թե ահռելի պետական միջոցներ մսխելու հարցում ով կամ ովքեր են պատասխանատու: Եթե մի համայնքապետի կարող են 200 հազար դրամ ենթադրյալ վնասի համար 3 տարի բանտ նստեցնել, ապա պետական միլիարդները վատնողները հաստատ պետք է վաղ թե ուշ պատասխան տան: