Նախադրյալներ կան, որ ապրիլի 1-ից էլ գազը կթանկանա

Նախադրյալներ կան, որ ապրիլի 1-ից էլ գազը կթանկանա

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը անցյալ տարվա վերջին «ավետեց» այս տարվա փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին` միջինը 4.7 դամով։ Դրանից մեկ ամիս առաջ էլ ազդարարել էր այս տարվա հունվարից մոտ 20 դրամով ջրի սակագնի բարձրացման մասին։ Բայց ՀԾԿՀ-ի «ամանորյա անակնկալներն» այսքանով չեն ավարտվում․ առջևում գազի սակագնի բարձրացումն է։

Մենք տեղեկացանք, որ փետրվարին հնարավոր է՝ «Գազպրոմ Արմենիան» սակագնի բարձրացման հայտ ներկայացնի։ Ասացին՝ սահմանին գազի գինը կմնա նույնը, բայց երկրի ներսում սպառողներին մատակարարվող գազի սակագինը կփոփոխվի, որի հիմնավորումների մեջ մի շարք գործոններ են ներառվելու, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիայի» ծախսերը։

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը Hraparak.am-ի հետ զրույցում չհեքրեց գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին տեղեկություններն ու հավանականությունը, թեև նշեց, որ այս պահին «Գազպրոմ Արմենիայից» դեռ հայտ չեն ստացել, և մինչև հայտ ուղարկելը պետք է այդ մտադրության մասին մամուլով հաղորդագրություն տարածեն։

«Ավելի շատ ոչ թե ծախսերի հետ է կապված խնդիրը, այլ այն միջգերատեսչական համաձայնագիրը, որ կա, որտեղ փոփոխություններ եղան «Հրազդան-5»-ի մասով, այնտեղ նախատեսված էր, որ արդեն ապրիլի 1-ից պետք է գործեին կալորիայի հաշվարկման մեխանիզմներ, որի բանաձևը կա, իհարկե, որ սահմանի գինը 7900 կիլոկալորիայի համար է, և փաստացի սահմանի գնի և կալորիայի փոփոխության կամ ճշգրտման գործակից չէր կիրառվում, որը առանձին համաձայնագրերով միշտ ֆիքսվել է, որ՝ այս տարի չկիրառել, մյուս տարի չկիրառել։ Հիմա էս վերջին համաձայնագրում գրված էր, որ պետք է լինեն մշակված մեխանիզմներ մինչև ապրիլի 1-ը։ Բայց գինը սահմանին մնալու է նույնը, քանի որ առնվազն այդ մասով տասը տարվա համաձայնություն կա, և դա ուղղակիորեն կապի մեջ է դրած «Հրազդանի 5-րդ» էներգաբլոկի հզորության վճարի հետ։ Այսինքն՝ խոսքը սահմանին գազի գնի մեծության վերաբերյալ չէ, այլ խոսքն փաստացի կալորիայիով ճշգտումների իրականացնելու մասին է»,- ասաց Գարեգին Բաղրամյանը՝ նշելով, այս պահին փաստացի ավելի բարձր կալորիականության գազ է մտնում Հայաստանում՝ մոտ 8300 կիլոկալորիա (Կկալ)։

Ըստ Բաղրամյանի՝ սա նշանակում է, որ սահմանին գազի գինը նույնը կմնա բացարձակ արժեքով, բայց արդեն կալորիայի ճշգրտում կարող է կիրառվել, ինչը ենթադրում է, որ սահմանին 1000 խմ գազի դիմաց 165 դոլար արժեքի վրա կարող է կիրառվել գործակից՝ կախված նրանից, թե փաստացի ինչ կալորիայով գազ կմատակարարվի։ Այսինքն, եթե ավելի պարզ ու կենցաղային լեզվով շարադրենք, ապա կստացվի՝ Հայաստանի սպառողը իր ստացած ավելի կալորիաներով գազի համար ստիպված կլինի ավելի շատ վճարել։
Բայց բացի դրանից, այլ գործոններ ևս կարող են ազդել գազի սակագնի բարձրացման վրա, եթե «Գազպրոմ Արմենիան» որոշի սակագնի փոփոխության հայտ ներկայացնել։

«Եթե լինի սակագնի վերանայման հայտ, այն չի կարող վերաբերել միայն կալորիային։ Մենք նայում ենք նաև 2021 թվականին իրականացված կապիտալ ներդրումների վերադարձի հետ կապված խնդիրները, նայում ենք շահագործման ծախսերից որոնք են, որ արվել են, էնտեղ կան խնդիրներ գազանալիզատորների հետ, հիմա մոտեցումը փոխվել է՝ ոչ թե վերանորոգվում են, այլ ուղղակի փոխարինվում են, քանի որ դա ավելի մատչելի ու ավելի ճիշտ է, այսինքն՝ պետք է բոլոր գործոնները քննարկենք, հենց որ լինի հայտը»,-նշեց ՀԾԿՀ նախագահը։

Բաղրամյանը հիշեցրեց, որ հայտը ստանալուց հետո իրենց հանձնաժողովը մինչև 80 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ուսումնասիրի հայտն ու որոշում կայացի։ Ուստի, հաշվի առնելով այն, որ միջպետական համաձայնագրով ֆիքսված է, որ ապրիլի 1-ից պետք է կիրառվեն արդեն կալորիականության հետ կապված ճշգրտումները, ուստի հավանական է, որ փետրվարին «Գազպրոմ Արմենիան» կներկայացնի սակագնի փոփոխության հայտը։ Ըստ Բաղրամյանի՝ որպեսզի սակագինը փոխվի ապրիլի 1-ից, հանձնաժողովը պետք է ամենաուշը մարտի 1-ին արդեն որոշում կայացրած լինի, քանի որ որոշումն ուժի մեջ է մտնում 30 օր հետո։

Ըստ էության՝ ՀԾԿՀ նախագահը չբացառեց, որ գազի սակագնի բարձրացումն անխուսափելի է։

«Միանշանակ չեմ կարող պնդել, բայց նախադրյալներ կան»,-ասաց նա։

Միայն թե դժվարացավ ասել, թե նախնական քանի տոկոսով կամ քանի դրամով կբարձրանա գազի սակագինը․ «Մինչև չլինի հայտը, չեմ կարող ասել»։

Նշենք, որ «Գազպրոմ Արմենիան» սահմանին 165 դոլարով է ստանում գազը Ռուսաստանից, իսկ սպառողին մատակարարում է միջինը 220 դոլարով՝ 1000 խմ դիմաց (առանց ԱԱՀ)։ Այսինքն՝ այդ 222 դոլարն է ավելանալու։