Ալիեւը հանցագործության մասին հաղորդում է արել

Ալիեւը հանցագործության մասին հաղորդում է արել

Իլհամ Ալիեւի հոխորտանքը, որ ,«Լեռնային Ղարաբաղի հայերը զգաստ էին կանգնում Հեյդար Ալիեւի առջեւ»՝ հակառակորդ երկրում քարոզչական թրենդ է դարձել: Իրակա՞ն է դա, թե՞ հնարածին, այնքան էլ կարեւոր չէ: Փաստն այն է, որ Իլհամ Ալիեւը վկայում է՝ խորհրդային Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ վարել է խտրական եւ բռնաճնշումների քաղաքականություն, սերմանել վախ եւ պարտադրել լուռ հպատակություն:

Ադրբեջանի նախագահի ասածից այնպես է հասկացվում, որ այլուր Հեյդար Ալիեւը սարսափ չէր տարածում, իսկ ահա Լեռնային Ղարաբաղի հայերը նրանից երկյուղում էին, նրա դիմաց շարքային զինվորի պես կանգնում էին զգաստ: Սա այն է, ինչ մենք ասում էինք Շարժման սկզբնական փուլում՝ որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին նայել է խորթ մոր աչքերով, ցուցաբերել է խտրականություն, մարզի ադրբեջանաբնակ գյուղերում եւ Շուշի քաղաքում ենթակառուցվածքներ է արդիականացրել, կառուցել մշակութային կենտրոններ, տուն-թանգարաններ, քարոզել ադրբեջանական մշակույթ, իսկ հայերս անտեսված էինք, զրկված մեր ազգային արժեքները դավանելու եւ զարգացնելու իրավունքից: Իլհամ Ալիեւի հայտարարությունը փաստացի հաղորդում է հանցագործության մասին կամ խոստովանական ցուցմունք:  Քարոզչա-տեղեկատվական դիմակայության մեջ մանրուքներ չկան: Մանավանդ որ խոսքը վերաբերում է Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ ԼՂ հայ մեծամասնության դեմ իրականացրած ապարտեիդի քաղաքականությանը: Այս իրողությունը պետք է հասցնել  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Չէ՞ որ Իլհամ Ալիեւի հայտարարության ենթատեքստն այն է, որ Լեռնային Ղարաբաղում հայերը «կարող են ապրել միայն այն դեպքում, երբ Ադրբեջանի իշխանության առջեւ զգաստ կկանգնեն»: