Արայիկ Հարությունյանը հանկարծ հիշեց նախկիններին

Արայիկ Հարությունյանը հանկարծ հիշեց նախկիններին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն եւ ռուսերեն, Արցախի (ավելի ճիշտ՝ դրանից մնացած հատվածի) քաղաքական ուժերին հրավիրել է Ազգային համաձայնության իշխանություն կազմելու շուրջ քաղաքական կոնսուլտացիաների՝ «մեր հայրենիքի համար այս ծայրահեղ ծանր շրջանում»։
Սա գովելի է, թեպետ  հասկանալի չէ, թե ինչու այդ գիտակցությունն Արցախի նախագահը չուներ պատերազմի ժամանակ, երբ պատերազմի շատ վետերաններ, մասնագետներ նախկին էին հռչակվում եւ մերժվում։ Նրանք մեկուսացած էին ռազմական օպերացիաների կառավարումից, պատերազմի ստրատեգիան որոշելուց, եւ պարտության պատճառներից մեկն էլ դա էր։ 
Բայց հիմա կարծես թե իրավիճակ է փոխվել, եւ Արայիկ Հարությունյանն անգամ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն առաջարկում է զբաղեցնել իր հիմնական քաղաքական հակառակորդին՝ Վիտալի Բալասանյանին։ Քանի որ վերջինս հեռախոսին պատասխանելու սովորություն չունի, զանգահարեցինք  եղբորը՝ Վաչիկ Բալասանյանին, որն ասաց․ «Ես Վաչիկ Բալասանյանն եմ, զանգահարեցեք Վիտալի Բալասանյանին»։ Ի դեպ, մեր տեղեկություններով, Վիտալի Բալասանյանը հնարավոր է դե ֆակտո դառնա Արցախի ղեկավարը՝ բանակցողն ու սահմանների գծագրման հարցերում գլխավոր դեմքը։

Լուրեր կան, որ ԱԺ նախագահի պաշտոնն առաջարկվելու է Արցախի խորհրդարանի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանին։ Հարցին, թե իրեն ինչ պաշտոն է առաջարկվել, նա ասաց․ «Ո՞ւմ․․․ որեւէ բան, որեւէ բան չկա, մամուլում հրապարակած բաները․․․ նման բան դեռ չկա, վաղը, մյուս օրը կխոսենք»։ Հիշեցնենք, որ Արցախի 5 խմբակցություններից 4-ը, այդ թվում՝ ՀՅԴ-ն, բարձրացրել էին Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը։ Հարցին, թե չի՞ բացառում, որ Հարությունյանի ձեռքից կընդունի որեւէ պորտֆել, Իշխանյանն ասաց՝ բնականաբար, բայց թողնենք նախագահի կողմից նախաձեռնված քաղաքական կոնսուլտացիաներից հետո, հասկանանք՝ ինչն ինչոց է։
Բակո Սահակյանի նախկին խոսնակ, Արցախի պահպանողական կուսակցության նախագահ, Արայիկ Հարությունյանի խորհրդական Դավիթ Բաբայանն էլ հարցին, թե պատրա՞ստ են միանալ Արցախի ազգային համաձայնության իշխանությանը, ասաց․ «Մեր քաղաքական ուժը մշտապես եղել է էվոլյուցիայի կողմնակից։ Բացի այդ, միշտ ասել ենք եւ զգուշացրել ենք մեր հասարակությանը, թե ինչով է հղի այն, երբ գաղափարախոսական մոտեցումը փոխարինվում է փորախոսականով, այսինքն՝ փորի կարիքներով։ Եվ այն, ինչ տեսանք, հետեւանք է դրա ու նաեւ հասարակությունում առկա բազմաթիվ հարցերի»։

Դավիթ Բաբայանը կարծում է, որ սա նաեւ արժեհամակարգի ճգնաժամ է, ահավոր հարված պետականությանը, որը հետեւում է շատ ու շատ ներքին խնդիրների։ 
Իսկ կընդունե՞ն պաշտոններ, եթե առաջարկվի, ասաց․ «Արցախի ապագան չի կարող չանհանգստացնել մեզ բոլորիս։ Բայց կա մեկ խնդիր՝ մենք աթոռի համար չենք պայքարել։ Երբեւէ։ Իշխանության համար, որը թույլ կտա այս վիճակում Արցախը փրկել եւ էսպես․․․ ինչ-որ կանխատեսելի ապագա արձանագրելու համար մենք պայքարելու ենք։ Բայց դա չի նշանակում, որ աթոռի համար ենք պայքարելու կամ աթոռով խարխլելու ենք պետությունը»։ Այնուամենայնիվ, հստակ չպատասխանեց՝ կստանձնե՞ն պաշտոններ, թե՞ ոչ։