Թուրքերի հետ բարեկամություն սկսած ու Արցախը նրանց «նվիրաբերած» Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն ակնհայտ խնդիր ունեն Ադրբեջանին ու Թուրքիային մեզ թշնամի համարելու հարցում։ Նրանք, իհարկե, դեռեւս չեն կարողանում «դուխով» բարեկամ անվանել թուրքերին, քանզի դեռ պաշտոնապես, ասենք՝ ԱԺ հայտարարության մակարդակով մեր թշնամիները բարեկամ չեն ճանաչվել, բայց նաեւ չեն էլ կարողանում մեր դարավոր թշնամիներին կոչել իրենց անուններով։ Ու զարմանալի է, որ այս հարցում կաշկանդվում են ոչ միայն Փաշինյանի կողքով քայլած ՔՊ-ականները, այլեւ վերջերս նրա կառավարության անդամների ցանկը լրացրած անկուսակցական նախարարները, օրինակ՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա մասով մի փոքր հույս կար, որ, լինելով Փաշինյանի թիմակիցը, ամեն դեպքում գոնե նվազագույն քաղաքական պարկեշտություն կցուցաբերի եւ ամեն խայտառակ որոշում կամ հայտարարություն չի արդարացնի։ Երեկ, երբ նրան հարցրինք՝ Թուրքիային եւ Ադրբեջանին նա թշնամի համարո՞ւմ է, Ավանեսյանը դժվարացավ պատասխանել։ «Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել»,- ասաց նա։ Հարցրինք՝ հրահա՞նգ կա, որ մեր թշնամի երկրներին թշնամի չհամարեք, Ավանեսյանն ասաց, թե ինքը նման պատասխան չտվեց։ Իսկ գուցե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյա՞նն են մեր թշնամին՝ հարցրինք նրան։
«Այս պահին չեմ պատասխանի նման հարցերի»,- պատասխանեց նախարարն ու հեռացավ։
Նույն հարցն ուղղեցինք նաեւ Նիկոլ Փաշինանի քավոր, Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանի եղբորը՝ իմքայլական պատգամավոր Վահե Ղալումյանին։ Հարցրինք՝ Հայաստանի թշնամին Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյա՞նն են, թե՞ Իլհամ Ալիեւը։ Ղալումյանի մոտ մի քանի վայրկյան «կախեց»՝ երեւի չէր կողմնորոշվում, թե ում պետք է թշնամի համարել։ Հարցրինք՝ դժվա՞ր է պատասխանել այս պարզ հարցին։
«Ո՞ր հարցին, ո՞ր թշնամու մասին եք խոսում»,- հարցը իբրեւ թե չէր հասկացել իմքայլական պատգամավորը։ Կրկնեցինք՝ Հայաստանի թշնամին այս պահին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյա՞նն են, թե՞ Իլհամ Ալիեւը։
«Հայաստանի թշնամին անձեր չեն»,- հայտարարեց նա։
- Բա ովքե՞ր են։
- Մենք նոր ենք պատերազմ ունեցել, էդ պատերազմում մեր հակառակորդները Թուրքիան ու Ադրբեջանն են։
- Իսկ բացի հակառակորդ լինելուց՝ Ադրբեջանն ու Թուրքիան նաեւ թշնամի՞ են, թե՞ ուղղակի հակառակորդ են։
- Հակառակորդ են, թշնամանք։
- Իսկ թշնամի՞ չեն, թուրքն ու ադրբեջանցին մեզ թշնամի՞ չեն։
- Ես պարզ ասացի Ձեզ։
- Դժվարանո՞ւմ եք նրանց թշնամի անվանել։
- Ես ինչին դժվարանում եմ, չեմ պատասխանում։
- Իսկ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մեզ թշնամի՞ են։
- Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գործունեության մեջ եղել են դրվագներ, որոնք մեզ շատ խիստ վնասել են։
- Ո՞ր դրվագը, օրինակ՝ Արցախն ազատագրելը մեզ վնասե՞լ է։
- Օրինակ՝ Ղարաբաղը բանակցային փուլից հանելը, հասկացա՞ք։
- Իսկ մեկ ստորագրությամբ Արցախը, Շուշին ու Հադրութը թշնամուն տալը թշնամա՞նք է, թե՞ ոչ։
- Դրանք պատերազմական գործողությունների արդյունքում են տրվել։
- Իսկ ինչո՞ւ եկաք-հասաք պատերազմական գործողությունների վիճակին։
- Որովհետեւ այլ տարբերակ չէին թողել։
- Իսկ գուցե վա՞տ եք բանակցել այս երեք տարում։
- Բացառված չի։
- Այսինքն՝ ընդունում եք ձեր մեղքը, որ վատ եք բանակցել։
- Ես չեմ ընդունում, ես ընդունում եմ, որ դա հաջորդական պրոցես է։
- Հիմա Քոչարյանն ու Սե՞րժն են ավելի շատ թշնամի, թե՞ Ալիեւն ու Էրդողանը։
- Ես համեմատելու հնարավորություն չունեմ։