«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը՝ ԱԱԾ տնօրենի թեկնածո՞ւ

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը՝ ԱԱԾ տնօրենի թեկնածո՞ւ


Վերջին օրերին տարբեր աղբյուրներից տեղեկություններ են շրջանառվում, որ «Իմ քայլը» ԱԱԾ տնօրենի փնտրտուքի մեջ է, քանի որ այժմյան ժամանակավոր պաշտոնակատարին չեն վստահում․ նա Արթուր Վանեցյանի կադրերից է։ Եվ հավանական թեկնածուների թվում տալիս են ԱԺ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի անունը, ում արդեն սկսել են պատրաստել ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար՝ անգամ թրեյնինգներ են անում։ Մի քանի ամիս առաջ այս տեղեկությանը լուրջ չէինք վերաբերվի, քանզի դա անհնարին կլիներ, սակայն ուժայինների ղեկավարներին քաղաքական շրջանակներից նշանակելու օրենքն արդեն մի ընթերցում անցել է եւ շուտով կընդունվի, ուստի սա միանգամայն հնարավոր է։ Մանավանդ որ այս իշխանությունը գնում է պետական կառավարման համակարգն անլրջացնելու, պետական ինստիտուտները քանդելու ճանապարհով՝ եթե Վիլեն Գաբրիելյանը կարող է ոստիկանապետի թեկնածու լինել, ապա ինչու չի կարող Հակոբ Սիմիդյանը լինել ԱԱԾ պետի թեկնածու։ Ըստ էության մի գլխավոր չափանիշ է մնացել նշանակումներ անելիս՝ Փաշինյանին հավատարիմ ծառայելու հանգամանքը, իսկ նա Սիմիդյանի հետ երկար ճանապարհ է անցել, հատկապես՝ ընդհատակում գտնվելու շրջանում։ Երեկ, իհարկե, Սիմիդյանը բավականին կտրուկ է հերքել է այս փաստը․ «Նման բան գոյություն չունի, Ձեր տեղեկություններն աբսուրդ են»։ Հիշեցնենք, որ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո ԱԱԾ տնօրեն կարող է նշանակվել 25 տարին լրացած, 4 տարվա ՀՀ քաղաքացիություն եւ Հայաստանում մշտական բնակություն ունեցող ցանկացած ոք։ 

Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ որքան էլ այժմ մի կանոն է գործում՝ վարչապետի կամքը, սակայն այդ աստիճանի չեն վարկաբեկի նշված կառույցը, որ այն ծառայի իշխանություններին եւ ԱԱԾ պետի հիմնական թեկնածուն մնում է Ռուստամ Բադասյանը՝ արդարադատության նախարարը, չնայած նա հերքում է իր նշանակման հավանականությունը։