Ես լուրջ տարաձայնություններ ունեմ իշխանությունների հետ, բայց դա էսօր ամենակարեւոր հարցը չէ

Ես լուրջ տարաձայնություններ ունեմ իշխանությունների հետ, բայց դա էսօր ամենակարեւոր հարցը չէ

Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը` սեպտեմբերի 2-ը, Արցախում նշվեց բավականին անշուք՝ մի տեսակ վախվորած ու զգուշավոր։ Հրապարակային միջոցառումներ չեղան, միայն ԱԺ-ն հանդիսավոր համատեղ նիստ արեց ՀՀ ԱԺ խորհրդարանականների մասնակցությամբ։

Օրվա թեմայով զրուցել ենք Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, որը մասնակցում էր Ստեփանակերտում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի բացման արարողությանը:

- Պարոն Ղուկասյան, այսօր Արցախի Հանրապետության օրը մենք, ցավալիորեն, նշում ենք վիրավոր ու բզկտված Արցախում: Դուք ի՞նչ խոսք ունեք ասելու օրվա կապակցությամբ:

- Մենք պարտավոր ենք ապրել եւ հաղթահարել: Ես ցանկանում եմ մեր ժողովրդին համբերություն եւ ուժ: Վստահ եմ` մենք կգտնենք այդ ուժը, մենք իրավունք չունենք հիասթափվելու: Իհարկե, հիմա մի քիչ այլ իրավիճակ է, մենք լիովին խոցված ենք, բայց ես վստահ եմ` մենք այդ ուժը կգտնենք:

- Ինչպե՞ս պետք է այդ ուժը գտնենք, խոսվում է միասնականության մասին, բայց մենք տեսանք, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն Արցախ չի այցելել եւ այսօր այստեղ արցախցիների կողքին չէ:

- Գիտե՞ք, մի բան է` խոսել միասնականությունից, լոզունգներ ասել, մի բան է` իրականացնել: Քանի մենք լոզունգներ ենք ասում, մենք դատապարտված ենք: Բայց ես վստահ եմ, որ մենք մեր մեջ ուժ կգտնենք, որ մոռանանք բոլոր տարաձայնությունները եւ կենտրոնանանք այն խնդիրների վրա, որոնք այսօր ծառացած են մեր առջեւ:

- Այսօր Արցախի հարցում առաջնային խնդիրն Արցախի անկախության ճանաչման եւ արցախցիների ինքնորոշման հարցն է: Ի՞նչ եք կարծում, այսօր հնարավո՞ր է գործընթացներն այնպես տանել, որ այդ հարցը համահայկական օրակարգում դարձյալ մղվի առաջին պլան:

- Եթե հիմարություններ չանենք, ապուշություններ չանենք, եթե խելացի քաղաքականություն վարենք, ես ենթադրում եմ, որ մենք ի վիճակի ենք լուծել այդ խնդիրը: Բայց, նորից եմ կրկնում, մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք, որպեսզի վերականգնենք մեր բարոյահոգեբանական այն իրավիճակը, որ մեզ հնարավորություն կտա հասնել մեր նպատակին:

- Ըստ Ձեզ` Հայաստանի եւ Արցախի գործող իշխանությունների գոյությամբ եւ մասնակցությամբ հնարավո՞ր է հասնել Արցախի ճանաչմանը կամ հետ բերել մեր կորցրածը:

- Տեսեք, ես լուրջ տարաձայնություններ ունեմ իշխանությունների հետ, բայց ընդունում եմ, որ դա էսօր ամենակարեւոր հարցը չէ: Ամենակարեւորն այն է, որ ես տեսնեմ` բոլորն իրենց ուժերը կենտրոնացնում են մեր հայրենիքի ամենակարեւոր խնդիրների վրա:

- Իսկ Դուք դա տեսնո՞ւմ եք, թե՞ դեռ չեն երեւում նշույլներ:

- Ինձ թվում է` քիչ բան է դա նշանակում` տեսնել կամ չտեսնել: Իշխանություններն էսօր կան, վաղը չկան: Դա վերաբերում է ցանկացած իշխանության: Կարեւորը` մենք իրականության մեջ տեսնենք այդ միասնությունը:

- Նախկինում, երբ Ալիեւը տարածքային նկրտումներ էր ցուցաբերում Արցախի կամ Հայաստանի նկատմամբ, թե՛ Արցախի, թե Հայաստանի իշխանությունների կողմից շատ կոշտ արձագանք էր լինում, եւ անմիջապես լռեցնում էին Ալիեւին: Իսկ հիմա Ալիեւը ոչ միայն Արցախն է իրենը համարում, այլեւ արդեն Հայաստանի վրա է ֆիզիկապես եւ խոսքով հարձակվում, եւ նրան ոչ մի արձագանք:

- Ձեր այդ հարցն ուղղեք իշխանություններին. ես համամիտ եմ:

 - Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ չեն արձագանքում, վախեցա՞ծ են Ալիեւից:

- Չեմ կարող ասել: Ես համարում եմ, որ դա անհասկանալի է:

- Ի դեպ, Ալիեւը հայտարարել էր, որ արգելում է Հայաստանի իշխանություններին այցելել Արցախ: Գուցե դա՞ է պատճառը, որ Հայաստանի իշխանությունները չէին եկել Արցախ:

- Ես չգիտեմ, ես այդպիսի ինֆորմացիա չունեմ: Եթե Ալիեւն է թույլ տալիս, ուրեմն ձեզ էլ պիտի թույլ չտային: Ալիեւի ասածները չպիտի մեզ համար նշանակություն ունենան: Էսօր մենք էն վիճակում չենք, որ կարողանանք ինքնուրույն մեր հարցերը լուծել: Բայց եթե մենք` ինքներս, չենք պայքարում, ոչ մեկը մեզ չի օգնելու:

- Ի դեպ, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ հիմա նաեւ Ալիեւը հայտարարում են, որ Արցախում ներդրումներ չեն արվել, Փաշինյանն ասում էր, թե Շուշին դժբախտ եւ դժգույն քաղաք էր: Չե՞ն արվել ներդրումներ Արցախում, իսկապե՞ս ոչ մի բան չի կառուցվել:

- Դուք ո՞նց եք պատկերացնում, ո՞նց կարող էին ներդրումներ չլինել: Հիմա ամեն մեկը դատում է իր տեսակետից, ես չեմ կարող դատավոր լինել եւ գնահատական տալ: Հիմա, մարդու կարծիք է, ինքն այդպես է մտածում, իր պրոբլեմն է: