Գորիս-Կապան մայրուղին ՀՀ սահմանների մեջ չի մտնում․ ՔՊ-ականներ (տեսանյութ)

Գորիս-Կապան մայրուղին ՀՀ սահմանների մեջ չի մտնում․ ՔՊ-ականներ (տեսանյութ)

ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, այսօր, ԱԺ ճեպազրույցների ժամին խոսելով Պրահայում ձեռք բերված Փաշինյան-Ալիև պայմանավորվածության մասին, նորից հիշեցրեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքը պետք չէ կապել երկրների տարածքային ամբողջականութան ճանաչման հետ։ Ուստի, Պրահայում Լեռնային Ղարաբաղի հարց չի քննարկվել։

Hraparak.am-ի հարցին, թե ինչու, այդ դեպքում, Պրահայում նորից վերադարձան ԱՊՀ երկրների 1991 թվականի հռչակագրին, եթե ամեն ինչ պարզ էր, և Հայաստանն ու Ադրբեջանը 30 տարի առաջ փոխադարձ ճանաչել էին միմյանց տարածքային ամբողջականությունը, Գրիգորյանը հիշեցրեց, որ, ցավոք սրտի, ամեն ինչ պարզ չէ, և իրավիճակը, իրականում, այնքան բարդ է, որ, այո, հաճախ կարիք է լինում տարբեր իորղություններ վերահաստատելու։

Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության ճանաչմանը, ապա Գրիգորյանն ասաց, որ տարածքային ամբողջականություն ասելով՝ մենք հասկանում ենք միջազգայնորեն ճանաչված սահմանները, այսինքն՝ այն սահմանները, որոնցով Հայաստանի Հանրապետությունը ճանաչվում է իբրև ՄԱԿ անդամ։

Hraparak.am-ը հարցրեց՝ Գորիս-Կապան մայրուղին մտնո՞ւմ է ՀՀ սահմանների մեջ, և Ալիևը համաձայնե՞լ է, որ իրեն հանձնված Գորիս-Կապան մայրուղին ՀՀ տարածքի մաս է։ Գրիգորյանի փոխարեն որոշեց հարցին պատասխանել Վահագն Ալեքսանյանը, ով նորից մանիպուլացրեց ամեն ինչ՝ մեղքը բարդելով նախկինների վրա ու հիշեցնելով 2010 թվականին ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որի իմաստոը, փաստորեն, ՔՊ-ականներն այդպես էլ չեն հասկացել։

«Գորիս-Կապան մայրուղին էդ սահմանների մեջ չի մտնում, ինչպես նաև չի մտնում էն սահմանների մեջ, որոնք նկարագրված են 2010 թվականին ՀՀ Ազգային ժողովի․․․ էդ հատվածի մասին է, չէ՞, խոսքը, որը նոյեմբերի 9-ից հետո անցավ ադրբեջանական վերահսկողության տակ։ Ոչ, չի մտնում Հայաստանի սահմանների մեջ, որովհետև ինչպեսև չի մտնում 2010 թվականին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՀ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի ընդունումից հետո»,- մտքերի շարահյուսությունն աղավաղելով՝  մտքերը մի կերպ ձևակերպեց ՔՊ-ական պատգամավորը՝ փորձելով արդարացնել իրենց իշխանության կողմից ՀՀ սուվերեն տարածքի մաս հանդիսացող ճանապարհի հանձնումը թշնամուն։

Մանրամասն՝ տեսանյութում