Մի «քոթակ» ուտելով՝ ընդդիմադիր չեն դառնում. «Լուսավորի» մշուշոտ ապագան

Մի «քոթակ» ուտելով՝ ընդդիմադիր չեն դառնում. «Լուսավորի» մշուշոտ ապագան

Հայաստանյան հասարակությունը բազմիցս է հիասթափվել ընդդիմությունից. վերջում պարզվել է, որ նրանք իշխանություններին քննադատել են պաշտոն ստանալու ակնկալիքով: Շատերս ենք հիշում՝ ժամանակին Արտաշես Գեղամյանը Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին քննադատելիս քարը քարի վրա չէր թողնում, աղմկում էր, ոտքը խփում գետնին, մատ թափ տալիս:

Սերժ Սարգսյանը Գեղամյանին անվանեց դատարկ դհոլ, հետո եկավ նրանց «քաղաքական մեղրամիսը»․ Սերժ Սարգսյանի օրոք նա ՀՀԿ ցուցակով դարձավ պատգամավոր ու կորցրեց հիշողությունը։ Դրանից հետո ամեն ինչի մեղավորը, ըստ Գեղամյանի, միայն Ռոբերտ Քորչարյանն էր, որ վատ ժառանգություն էր թողել Սերժ Սարգսյանին, ու ասում էր, որ ինքը պետք է օգնի, որպեսզի Սարգսյանը երկիրը հանի Քոչարյանի գցած փոսից: Գեղամյանին քննադատում էր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ մեղադրելով իշխանության հետ համագործակցելու համար: Գեղամյանն էլ հակադարձում էր նրան: Երկուսն էլ ճիշտ էին. մի ոտքը իշխանության մեջ, մի ոտքը ընդդիմության դաշտում խաղացողներ էին երկուսն էլ։ Արթուր Բաղդասարյանն էլ մի օր համալրեց իշխանական դաշտն ու լռեց. ՕԵԿ-ն ու իր նախագահն այսօր դուրս են մնացել հայաստանյան քաղաքական ուղեծրից: Մի ուրիշ թունդ ընդդիմադիր էլ կար՝ Վիկտոր Դալլաքյանը, ով օրնիբուն քննադատում էր նախորդ իշխանություներին, Սերժ Սարգսյանին հրապարակավ մեղադրում էր «ղումար» խաղալու մեջ: Սերժ Սարգսյանը գիտեր իրեն սուր քննադատողներին լռեցնելու ձեւը. նրանց դարձնում էր իր «թիմակիցը», հետո «դուրս գրում» քաղաքականությունից: Այդ ծուղակն ընկավ նաեւ Դալլաքյանը: Ընդդիմադիր Դալլաքյանը 2012-ին պատգամավոր առաջադրվեց ՀՀԿ ցուցակով: Երկարամյա պատգամավորը, ով իր բարձր վարկանիշով միշտ հաղթում էր ընտրապայքարում՝ երբեմն հակառակ իշխանությունների գործադրած ջանքերին, այս անգամ, լինելով իշխանության թեկնածու, պարտություն կրեց. վանաձորցիները չներեցին իրենց պատգամավորի «դավաճանությունը»: Նա պարտվեց շատերին անհայտ մի երիտասարդի, որի անունն Էդմոն Մարուքյան էր։ Սերժ Սարգսյանը մի կրակոցով երկու հարց լուծեց՝ Դալլաքյանին հեռացրեց քաղաքականությունից, նրա փոխարեն ԱԺ նոր «ընդդիմադիր» ներմուծեց:

Վանաձորցիներին անհայտ երիտասարդ փաստաբանը հենց առաջին ընտրապայքարում ստացավ 11 հազարից ավելի ձայն: Վանաձորցիները կատակում էին, թե՝ մեր քաղաքում այդքան մարդ այդ ջահելին ճանաչո՞ւմ է: Ո՞րն էր նրա հաղթանակի առեղծվածը: Անշուշտ, դրան նպաստեց Դալլաքյանի ՀՀԿ-ացումը: Բայց միայն դա չէր։ Վանաձորի ՀՀԿ-ական ողջ վերնախավն աշխատում էր Մարուքյանի համար. քաղաքում լուրեր էին շրջանառվում, որ դա Սերժ Սարգսյանի որոշումն է: Իսկ Դալլաքյանն իր նոր կուսակիցների կողմից աջակցություն չէր ստանում: Այդ ժամանակ մեծամասնական ընտրակարգով գրեթե անհնար էր ընտրվել պատգամավոր՝ չունենալով Բաղրամյան 26-ի «թույլտվությունը»: Գուցե Միքայել Մինասյանը մի օր էլ այս հարցում անկեղծանա ու պատմի, թե ինչու են ասում՝ «Էդմոնը Միշիկի մարդն է», այնպես, ինչպես գաղտնազերծեց, թե ինչու էին ասում՝ «Նիկոլը Միշիկի մարդն է»: Իսկ նրա գրառումը՝ ուղղված Մարուքյանին՝ ՍԴ դիմումի ստորագրություններին չմիանալու առնչությամբ, ուներ գաղտնի տողատակ. Մինասյանը Մարուքյանին դիմում էր վիրավորված մտերիմի իրավունքով… 

Եթե առաջին անգամ Մարուքյանին կարողացան գործուղել խորհրդարան՝ որպես «անշառ ընդդիմադիր», ապա 2017-ին արդեն խնդիրներ կային: Ու որպեսզի իշխանության սրտի ընդդիմադիրը նորից մտնի ԱԺ, ստեղծվեց «Ելք» դաշինքը՝ ԼՀ-ի, ՔՊ-ի եւ «Հանրապետություն» կուսակցությունների միավորումը: Ցուցակի առաջին համարը ԼՀԿ ներկայացուցիչն էր: Սա փոխշահավետ դաշինք էր. ԼՀԿ-ն թունդ ընդդիմադիրների հետ միավորվելով՝ պահում էր իր ընդդիմադիրի իմիջը, իսկ Փաշինյանն ու Արամ Սարգսյանը հնարավորություն էին ստանում մտնելու ԱԺ: Բայց շատ կարճ ժամանակ հետո դաշինքը լուծարվեց, յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով. Փաշինյանը գնաց Սերժին մերժելու, Մարուքյանն ու Արամ Սարգսյանն ընտրեցին երրորդ ճանապարհը՝ Սերժին մերժելը նրանց սրտով չէր: Դա մինչ օրս Մարուքյանի երեսով են տալիս թե՛ իշխանական պատգամավորները, թե՛ Փաշինյանը: Նրան հաճախ են հիշեցնում «Միշիկի մարդը» լինելու հանգամանքը, բայց Փաշինյանը չի պարզաբանում, թե այդ դեպքում 2017-ին ինքն ինչ գործ ուներ Միշիկի մարդու հետ նույն դաշինքում: 

2018-ի ԱԺ ընտրությունների արդյունքում Էդմոն Մարուքյանը դարձյալ մտավ խորհրդարան՝ իր ԼՀԿ-ով: Մարուքյանը, ինչպես ինքն է բնորոշել, կլասիկ պատգամավոր է, գրագետ, ԱԺ ամբիոնից քննադատում է իշխանական իր գործընկերների ոչ իրավաչափ գործողությունները, օրենսդրական նախաձեռնությունները: Նրա խոսքը համեմված է Լոռվա կոլորիտային առոգանությամբ, կարողանում է գտնել հասարակությանը հուզող խնդիրները, բարձրաձայնել դրանց մասին: Մինչեւ վերջերս ակնհայտ էր նրա եւ ԲՀԿ-ի միջեւ մրցակցությունը, թե ով է խորհրդարանում իսկական ընդդիմությունը: Սասուն Միքայելյանի ու Մարուքյանի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, կարծես թե, այդ դափնին ուզում էր հայտնվել Մարուքյանի մոտ: Նա այնքան ոգեւորվեց այդ միջադեպից, որ հայտարարեց, թե հաջորդ իշխանությունն իրենք են լինելու: Ի՞նչն այդպես վստահություն ներշնչեց Էդմոնին, թե այնքան վարկանիշ ունի, որ կարող է դառնալ վարչապետ: Իսկ որոշ ժամանակ անց էլ վարչապետացուն հայտարարեց, թե իրենք չեն պահանջում Փաշինյանի հրաժարականը: Բայց որպեսզի դառնաս վարչապետ, նախ պետք է Փաշինյանը հրաժարական տա: Իսկ երբ սկսվեց ՍԴ-ի ու Սահմանադրության դեմ իշխանական արշավը, ԲՀԿ-ն ստորագրություններ հավաքեց, որ դիմի ՍԴ․ մասնագիտությամբ իրավաբան Մարուքյանը չմիացավ ԲՀԿ-ի նախաձեռնությանը՝ պատճառաբանելով, թե Քոչարյանի հարցը քննելուց՝ հուլիսի 7-ից հետո իրենք կդիմեն ՍԴ: Իսկ երբ Քոչարյանի թիմը հայտարարեց, թե ետ են վերցրել դիմումը, Մարուքյանը սկսեց լոլոներ կարդալ ու դարձյալ չմիացավ ստորագրահավաքին: ԼՀԿ-ական Մանե Թանդիլյանն էլ գիշերը չէր քնել՝ թվաբանական հաշվարկ էր արել ու «բացահայտել», թե ՍԴ դիմելու համար ստորագրությունների թիվը բավարար չէ։ Մի խոսքով, «քոթակ» ուտելն էլ Մարուքյանին չօգնեց՝ դառնալ կարգին ընդդիմադիր…