Բառախաղ եւ դեմագոգիա

Բառախաղ եւ դեմագոգիա

«Մեր գնահատականն այն չէ, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, մեր գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ն է մեզնից դուրս գալիս»,-ասում է Նիկոլ Փաշինյանը: Թվում է, հանճարեղ ձեւակերպում է` մեջը ե՛ւ հանգ կա, ե՛ւ Ռուսաստանի նման հզոր երկրին ուղղված ապտակ, ե՛ւ Արեւմուտքին ուղղված ռեւերանս, ե՛ւ հակառուսների քիմքը շոյող ըմբոստություն: Իրականում սա ընդամենը լրագրողի, խմբագրի հնարք է` բառախաղ, հնչեղ արտահայտություն, որը որեւէ բովանդակություն չունի: Այս բառախաղով, իրականում, փորձ է արվում դեմագոգիայի տակ թաքցնել այն հստակ նպատակը, որն ունեցել են այս իշխանության մաս կազմող անձինք դեռեւս 2018-ի հեղափոխությունից էլ առաջ:

Արեւմտյան կողմնորոշումը, դաշնակիցներին փոխելու նպատակադրումը կարմիր գծի նման անցնում են նրանց կենսագրության միջով: Երիտասարդների այս թիմը, որն իշխանության եկավ հենց Արեւմուտքից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների եւ նրանց իդեոլոգների ակտիվ աջակցությամբ, պաշտոնավարման առաջին իսկ օրվանից չի թաքցրել արեւմուտքի նկատմամբ ունեցած համակրանքն ու հակառուսական էությունը: Եվ ՀԱՊԿ-ից դուրս գալու ծրագիրն էլ նոր չէ:

Այլ բան է, որ երբ Ռուսաստանը հզոր, իր ոտքերի վրա ամուր   կանգնած գերտերություն էր, վախենում էին դեմ գնալ նրան, եւ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալուն ուղղված քայլեր չէին արվում: Երբ գերտերությունը թուլացավ, մենք «դանակավորների» շարքում հայտնվեցինք եւ սկսեցինք բացահայտորեն թեքվել դեպի Արեւմուտք: Իհարկե, դատապարտելի ոչինչ չկա դրանում, եթե բխում է ՀՀ շահերից, բայց երբ Արեւմուտքը չի թաքցնում իր համակրանքը Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ, չի օգնում Արցախի ապաշրջափակմանը, թույլ է տալիս, որ մեր զավակները զոհվեն թշնամու գնդակից, հակառուսական կեցվածքն ինչո՞վ է արդարացված: