Բառերի հեղեղ

Բառերի հեղեղ

Թե ինչ են ուզում 3 միլիոն վարչապետները, ոչ մեկին չի հետաքրքրում: Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստում հայտարարում է, որ ժողովուրդը համակարծիք է իր հետ, եւ վերջ` հերթական անհեթեթ, հակահայկական որոշումն ընդունված է: Ինչքան ուզում է մասնագետներն իրենց ճղեն, համոզեն, քննադատեն, որ դա անելու բան չէ, որ այս ու այս հետեւանքներն է ունենալու ձեր որոշումը, գործող իշխանությանն ու նրա ղեկավարին չի հետաքրքրում` որոշել են, անելու են: Իհարկե, երբեմն հասկանալի է, որ այդ որոշումները բխում են իրենց շահերից, եւ անմիջականորեն դրանից են կախված իրենց մնալ-չմնալը, իրենց ապահով կյանքն ու վայելքները: Բայց նաեւ կան որոշումներ, որոնց ընդունումը ճակատագրական չես անվանի:

Ասենք` ինչո՞վ էր պահանջված «Հայոց պատմություն»-ը «Հայաստանի պատմություն» դարձնելու որոշումը: Այդ ի՞նչ կենսական հարցեր են լուծում դրանով, որ անգամ այս փոքր հարցում չեն ուզում լսել մասնագիտական լսարանի, հեղինակավոր մարդկանց կարծիքը, վերջապես` հաշվի նստել շարքային քաղաքացիների ցանկությունների ու զգացմունքների հետ: Անհեթեթ բառերի հեղեղի, խոհափիլիսոփայական ճամարտակությունների մեջ դժվար է տրամաբանություն եւ իմաստ գտնելը: Ասենք` ի՞նչ է նշանակում. «Սա ոչ թե առարկայի բովանդակության փոփոխություն է, այլ այդ բովանդակության ներկայացման փոփոխություն»: Է, եթե ընդամենը ներկայացման փոփոխություն է, ի՞նչ իմաստ ունի առարկայի անունը փոխելը: Եվ ինչո՞վ է հիմա օրախնդիր «Պատմություն» առարկայի «ներկայացման փոփոխությունը»: Ընդ որում, այս փոփոխությունն այնքան են կարեւորել, որ առարկայական չափորոշիչում 1 կետի փոփոխությունը բերել են կառավարության նիստ` հընթացս անկապ-անկապ խոսելու, իրենց կիսագրագետ մտքերն արտաթորելու հնարավորություն ստացել: