Պաշտել մեկին, որի տեղը ոչ թե վարչապետի աթոռն է, այլ ազատազրկվածի խուցը

Պաշտել մեկին, որի տեղը ոչ թե վարչապետի աթոռն է, այլ ազատազրկվածի խուցը

Զարմանալի էր՝ քրեաօլիգարխիկ համակարգը մերժող Նիկոլը՝ կարգվելով վարչապետ, դարձավ շատ ավելի անմարդկային համակարգ ձևավորող: Եվ եթե չար սատանան նրան հնարավորություն տա անորոշ երկար ժամանակով զբաղեցնել վարչապետի աթոռը, ապա վախենամ, որ իրականություն դառնա քրեաօլիգարխիկ համակարգի տարիների ամենադաժան հակակատակը՝ «Հայաստանը վերջին լքող հայը չմոռանա անջատել «Զվարթնոցի» լույսերը»: 

Ժողովրդավարության անվան ներքո կրթված, կիսակիրթ կամ նույնիսկ անգրագետ զանգվածների կողմից իշխանության բերվելով՝ Նիկոլը շարունակում է ժողովրդավարական նորմերը քարուքանդ անելու քաղաքականությունը: 

Ազգայի Ժողովը կոճակ սեղմողների հավաքատեղի հռչակած ընդդիմադիր պատգամավորը հայոց խորհրդարանը վերածեց անշունչ ուսապարկերի բազմության: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հպարտություն ներշնչած անձնավորությունը, վարչապետ կարգվելով, նույն այդ քաղաքացիներին փորձում է վերածել աշխարհում ամենից  խոնարհ և կախգլուխ մարդկանց: Հայաստանում երեք միլիոն վարչապետներ «թագադրած» պետության ղեկավարը նույն այդ պետության քաղաքացիներին վերաբերվում է որպես ստրուկների կամ առնվազն վասալների: 

Երջանիկ մանկության կայացման նպատակով համապատասխան միջավայր ձևավորելու խոստում տված անձը վերածվեց շուրջ երկու տասնյակ հազար ընտանիքների դժբախտության «արարչի»: Իջևանցի ոմն բանաստեղծի կողմից գովերգված «փրկիչը» վերածվեց երկու հայկական պետությունները պատուհասած չարիքի: Մերժելի իշխանությանը կրկնակի մերժելի մեթոդներով ծառայող իրավապահ համակարգը Նիկոլի օրոք և նրա ՇՆՈՐՀԻՎ վերածվեց տասնապատիկ մերժելի իշխանության հարյուրապատիկ մերժելի մեթոդներով ծառայող համակարգի: Քրեական կամ թաղային հեղինակությունները փոխարինվեցին իշխանության կողմից ձևավորված քրեական տարրերի: 

Հայաստանը ծաղկուն երկրի խոստումներ տվող վարչապետը երկիրը հասցրեց թշվառության մակարդակի: Արցախը Հայաստան ներկայացնող Նիկոլի ՇՆՈՐՀԻՎ Հայաստանը համարյա թե զրկվեց Արցախից: Շուշին Արցախի երկրորդ մայրաքաղաք հռչակող իշխանությունը հրաժարվեց Շուշիից՝ ներկայացնելով այն որպես դժգույն և ադրբեջանաբնակ: Հայաստանի անվտանգությունը բարձրացնելու խոստում սփռող անձը հարվածի տակ դրեց կարևորագույն երկրամասի՝ Սյունքի անվտանգությունը: Հայաստանի ինքնուրույնությունն ու ինքնաբավությունը խթանելու խոստումներ սփռած անձնավորությունը Հայաստանը վերածում է Ռուսաստանի կամ Թուրքիայի վասալի: 
Զարմանալի է, որ այսքանից հետո Հայաստանում դեռևս գտնվում են երկոտանի արարածներ, որոնց կարծիքով Նիկոլն անփոխարինելի է, որոնք բառացիորեն «որդեգրվում» են Նիկոլին՝ նրանից տարիքով մեծ լինելով, որոնք շարունակում են պաշտել մեկին, որի տեղը ոչ թե վարչապետի աթոռն է, այլ ազատազրկվածի խուցը:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ