Ժողովրդական երգչուհուն ազատել են աշխատանքից «Լեզվից՝ ճարտար, խելքից՝ անճար» բառերի համար

Ժողովրդական երգչուհուն ազատել են աշխատանքից «Լեզվից՝ ճարտար, խելքից՝ անճար» բառերի համար

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեսախցիկի առաջ ձեռք է մեկնում քաղաքական մրցակիցներին, իսկ մեդալի հակառակ կողմը հաշվեհարդարներն ու քաղաքական ռեպրեսիաներն են: Այս առումով առանձնակի դաժանությամբ աչքի է ընկնում Լոռին: Այստեղ փոքր ու մեծ իշխանիկները չագուճն առած՝ խփում ու խփում են մարդկանց գլխներին: Անգամ երգչուհիներին չեն խնայում: 

Ժողովրդական երգչուհի, վոկալի ուսուցչուհի, երգարվեստում տարիների վաստակ ունեցող Գոհար Խաչատրյանին Մեծավանի գյուղապետի ԺՊ Արման Վարդանյանն աշխատանքից ազատել է այն բանի համար, որ նա քարոզարշավի ժամանակ իրեն մոտեցած թղթակցի հարցին պատասխանելով՝ իր կարծիքն է հայտնել ներկայիս կառավարության մասին: 

Գոհար Խաչատրյանը բեմում է 35 տարի: Ինչպես ինքն է ասում՝ «սպոնսոր» չի ունեցել, որ «թիվիներով» երեւա, բայց շատ է շրջագայել՝ կազմակերպելով սեփական համերգները Հայաստանում, Արցախում, Վրաստանում, Ռուսաստանում: Արցախում ժողգործիքների անսամբլ է ստեղծել քամանչայի վարպետ Հակոբ Խալաթյանի հետ, երգչախումբ է ստեղծել: Մեր գյուղերում էլ երգելով՝ նկատել է, որ քաղաքը հագեցած է մշակույթով, իսկ գյուղերն այս առումով շատ են հետ, զրկված են մշակութային կյանքից: 

6 ամիս առաջ գործարար Սամվել Կարապետյանը նրան հրավիրել է Տաշիր՝ համանուն մշակույթի տանը եւ Մեծավանի արվեստի դպրոցում աշխատելու, գյուղերի երեխաներին երգիչ-երգչուհի դարձնելու: «Ես այնպիսի արվեստ եմ տվել իրենց, որ կարողանան անվճար Երեւանի բարձրագույն բուհեր ընդունվել»,- ասում է երգչուհին: Եվ իրոք, նրա աշակերտներից երեքն այս տարի շարունակել են ուսումը Կոնսերվատորիայում եւ Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջում: 
Փաշինյանին ու նրա թիմակիցներին նա չի վիրավորել, ընդամենը մի բնորոշում է արել՝ ժողովրդական լեզվով։ «Ներկայիս կառավարությունը,- ասել է Գոհարը թղթակցին,-  լեզվից ճարտար է, խելքից՝ անճար»: 

Պատմում է Գոհար Խաչատրյանը. «Ես գնացել եմ աշխատանքի, ու գյուղապետը, որն ունի 8-ամյա կրթություն, ինձ ազատեց աշխատանքից: Ասեց՝ էդ ելույթը որ դու ունեցել ես մեր  իշխանության մասին, հիմա գնա, ում որ պաշտպանել ես, ումը որ ձայն ես տվել, նրանից էլ քեզ համար աշխատանք ուզի»: Գոհար Խաչատրյանը չի թաքցնում, որ ձայն է տվել Քոչարյանին: Նույնիսկ զրուցել է երկրորդ նախագահի հետ, երբ նա հանդիպման էր գնացել Տաշիր: Քոչարյանը չի հիշել Գոհար Խաչատրյանին, երգչուհին նրան ասել է. «Դուք ինձ հրավիրել էիք նախագահական, ես Սայաթ-Նովա եմ երգել, ու Դուք ասացիք՝ շատ հետաքրքիր տեմբր ունես դու»: Քոչարյանը հավելել է. «Քեզ նմանները պետք են հանրապետությանը»: 

Հիմա մաքուր ժողովրդական ու դասական արվեստը հայկական գյուղերում զարգացնելու՝ Գոհար Խաչատրյանի երազանքը մնաց ՔՊ-ի բորդյուրներին: «Օգոստոսին ես Մոսկվա եմ գնում, այնքան լցված եմ, որ արդեն մտածում եմ մնալ այնտեղ»: 

ՔՊ-ական գյուղապետ Արման Վարդանյանը լարվեց ու բարկացավ, երբ լսեց Գոհար Խաչատրյանի անունը: Նա հերքեց, թե որեւէ «քաղաքական զրույց» է ունեցել երգչուհու հետ: «Նա երեկ ինձ մոտեցել-ասել է՝ բան ունեմ խոսալու, ասել եմ՝ ժամանակ չունեմ էս պահին Ձեզ հետ խոսալու, տեղ եմ գնում, ու գնացել եմ իմ գործերին: Էդքան բան: Ես նրա հետ ոչ մի հարց չեմ քննարկել»,- ասաց գյուղապետը: Այսինքն՝ ընտրության թեմայով ոչինչ չե՞ք ասել: «Սուտ ա ասել, զանգեք-ասեք՝ սուտասան, խի՞ ես սենց բան ասել: Պայմանագիր ունի, ավարտվում է, իր տնօրենի հետ կորոշեն, հարկ համարի՝ կգա-կաշխատի, չի համարի՝ ոչ: Ես ո՞վ եմ, որ իրա տնօրենի փոխարեն հարց որոշեմ»,- ասաց գյուղապետը: Մենք կհետեւենք հետագա զարգացումներին: