Ռուսաստանի հետ Միութենական պետության հնարավորությունը և այլընտրանքները

Ռուսաստանի հետ Միութենական պետության հնարավորությունը և այլընտրանքները

Լեռնային Ղարաբաղի պատերազմում իշխող վարչախմբի ապիկար քաղաքականության հետևանքով հայկական կողմի պարտությունից հետո ավելի ընգծվեցին Ռուսաստանի հետ Միութենական պետություն ձևավորելու խոսակցությունները, որոնց սկիզբ դրեցին ռուսական քաղաքական և քաղաքագիտական շրջանակները։

Միութենական պետություն ձևավորելու առաջարկով դեկտեմբերի 26-ին «Ալյանս» կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ հայտարարել էր նաև կուսակցության առաջնորդ, ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ պատերազմից հետո առաջացած խնդիրների հնարավորինս սեղմ ժամկետներում լուծման համար։ «Շատերը հարցնում են` «արդյո՞ք դա ենթադրում է, որ Հայաստանը Ռուսաստանի կազմում կներառվի», ո՛չ։ Դա նշանակում է ձևավորել միջպետական միություն՝ հիմնվելով տրամաբանությունից բխող իրավաչափության վրա, այդ դեպքում Հայաստանը շարունակում է մնալ ՄԱԿ-ի անդամ, ինքնիշխան ու անկախ երկիր, որն ամրապնդում է իր բանակն ու վարում իր արտաքին քաղաքականությունը։ Մնացած բոլոր խոսակցությունները կենցաղային անգրագիտության մակարդակի են»,- նշել էր նա։

Դեկտեմբերի 28-ին հայտարարություն տարածեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» նախաձեռնությունը, որն առաջարկում է Միութենական պետության ձևավորում՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս միությամբ։

«Հայոց պետականության և հայ ժողովրդի պատմության արդի ծայրահեղ վտանգավոր փուլում մենք հասկանում ենք, որ հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգ գոյությունը, ապագան և բարգավաճումը մեր դարավոր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի հետ նոր քաղաքական միության ստեղծման, Ռուսաստանի հետ հզոր Հայաստանի կառուցման մեջ են, ինչը հնարավոր է միայն այն պայմաններում, եթե Հայաստանը մտնի Ռուսաստանի  եւ Բելառուսի հետ Միութենական պետության մեջ»,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարությանն այդ օրը միացել էին Ռեֆորմիստների կուսակցությունը՝  ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանի գլխավորությամբ, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը՝ ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանի գլխավորությամբ, «Ազգային միաբանություն» կուսակցությունը՝ ԱԺ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանի գլխավորությամբ, Ղրիմի աշխարազորայինների միության ղեկավար, Ղրիմի խորհրդարանի «Միասնական Ռուսաստան» (՛՛Единая Россия՛՛, Ռուսաստանում իշխող կուսակցություն) խմբակցության պատգամավոր Արմեն Մարտոյանը, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահ, նախկին պատգամավոր Վահրամ Մկրտչյանը, «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը՝ Գայ Պետրոսյանի գլխավորությամբ։

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ իր գլխավորած կուսակցությունը միշտ էլ կողմ է եղել Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների խորացմանը։ «Նախաձեռնողների մեջ գործընկեր կուսակցություններն են, անհատներն են, որոնց հետ մենք և՛ խորհրդարանում, և՛ խորհրդարանից դուրս ունեցել ենք գործընկերային լավ հարաբերություններ։ Կարծում եմ, որ հայ հասարակության դատին պետք է ներկայացվի նաև այս տարբերակը, և ժողովուրդն իր կարծիքն ասի։ Քանի որ մենք նախ տեսանք, որ 44 օր տևած պատերազմի ընթացքում միակ պետությունը, որը գործում աջակցություն ցուցաբերեց խաղաղության հաստատմանը և փրկեց մեր ժողովրդին շատ հարցերում և մինչ այժմ օգնում է և՛ խաղաղության գործընթացում, և՛ գերիների վերադարձի հարցում, ընդհանրապես անվտանգության հարցում, Հայաստանի սահմանների պաշտպանության հարցում, Ռուսատանի Դաշնությունն է։ Գտնում եմ, որ այս ֆորմատն ունի իրատեսական տարբերակներ»,- Միութենական պետության գաղափարի վերաբերյալ պարզաբանեց քաղաքական գործիչը։ 

Հարցին՝ ի՞նչ վտանգ է տեսնում, որ անհրաժեշտություն եղավ այսպիսի նախաձեռնության, Բաբայանը պատասխանեց, որ այդ վտանգը միայն ինքը չի տեսնում, այդ վտանգը հայ բնակչության մեծ մասը տեսնում է։ «Եվ հասկանալով հանդերձ, որ այսօր մենք ունենք լրջագույն խնդիրներ և՛ անվտանգության, և՛ տնտեսության ապագա զարգացման հետ, մենք գտնում ենք, որ, այո՛, այդ տարբերակով հնարավոր է ապահովել մեր սերունդների ավելի անվտանգ կյանքը Հայաստան Հանրապետությունում և Արցախում»,- նշեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահը։ 

Վահան Բաբայանը նաեւ թուրք-ադրբեջանական նոր հարձակման վտանգ է տեսնում, որը միշտ կա․ «Իսկ այս պատերազմից հետո այդ վտանգն ավելի է խորացել, քանի որ Դուք տեսնում եք, որ թուրք-ադրբեջանական ագրեսիան հարմար առիթի է սպասում, որպեսզի կրկին հարձակվի Հայաստան պետության դեմ, հայերի դեմ իրականացնել այն, ինչը որ իրենք միշտ ցանկացել են իրականացնել։ Այս հարցում մենք ունենք մեկ դաշնակից, և ապացույց եղավ այս պատերազմը, և այդ դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունն է։ Ուզենք թե չուզենք, մտածենք թե չմտածենք, դա փաստ է։ Եվ այդ փաստը հաշվի առնելով, այո՛, պետք է խորացել և՛ ռազմաստրատեգիական, և՛ տնտեսական, և քաղաքական հարաբերությունները, որպեսզի մենք կարողանանք մեր անվտանգությունն ապահովվել, և վստահ լինել, որ մենք ի զորու կլինենք լիարժեքորեն այդ հարցերով զբաղվել»։ 

Հարցին՝ արդեն քննարկումներ ունեցե՞լ են Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ, պատասխանեց, որ ինքն այս հայտարարության մասնակիցներից մեկն է, և լիազորված չէ տեղեկատվություն տրամադրել բանակցությունների, առաջարկությունների կամ որևէ քննարկումների մասին կապված ՌԴ որևէ մարմնի հետ։ «Եթե ինչ-որ բաներ լինեն հրապարակելու և լինեն որոշակի քայլեր, իհարկե, դուք, դրա մասին կիմանաք, ավելի մանրամասն ու լրացուցիչ»,- եզրափակեց նա։

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Արամ Սարգսյանից, որը երեկ Մոսկվայում էր, հետաքրքրվեցինք, թե ի՞նչ նպատակով է Մոսկվա այցելել, արդյո՞ք կապ ունի Հայաստանի շուրջ տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների հետ։

«Ես Մոսկվայում հաճախ եմ լինում, իհարկե, և այստեղ հանդիպումներ ունեմ։ Մեզ համար ամենակարևոր հարցն այն է, որ տեսնենք, թե Ռուսաստանն ինչպես է վերաբերվում աշխարհաքաղաքական գործընթացներին, որ տեղի են ունենում մեր տարածաշրջանում։ Ակս պահին դրանք ի վնաս մեզ են, և պետք է կարողանանք դիմագրավել դրանց և փոխել իրավիճակը։ Մեր երկուստեք շահերը համադրելու կարիք կա, որպեսզի կարողանանք այս ծանրագույն վիճակից դուրս գալ։ Ես գտնում եմ, որ նրանք, ովքեր արտաքին աշխարհի հետ ունեն համապատասխան հարաբերությունները կարգավորելու հնարավորություններ, պետք է դա անեն»,- նշեց քաղաքական գործիչը։

Հարցին՝ «ինչպե՞ս եք վերաբերվում Ռուսաստանի հետ Միութենական պետություն ստեղծելու գաղափարին, ի՞նչ վտանգներ եք տեսնում Հայաստանի և Արցախի հետ կապված, որ այսպիսի խոսակցություններ են առաջ գալիս», Սարգսյանը պատասխանեց, որ այս գաղափարը կարող է մյուս գաղափարների նման գոյություն ունենալ, բայց պետք է հաշվի առնել, թե այս հարցում Ռուսաստանը և Բելառուսը որքանով են տրամադրված։ 

«Դա այդպես հեշտ խնդիր չէ, որ հնարավոր է վերցնել ու միանգամից լուծել։ Բացի դրանից, ի՞նչ պայմաններ պետք է լինեն, եթե այդպիսի Միութենական պետություն ձևավորվի։ Այսինքն՝ որքանո՞վ մեր ինքնիշխանությունը կպահպանվի, ի՞նչ չափով, ի՞նչ մակարդակով և որքանո՞վ ապահովված կլինի մեր ազգային, պետական անվտանգությունը։ Ես չէի ուզենա միանգամից այդ հարցը բարձրացնեինք, կամ վարկաբեկեինք, կամ ռոմանտիզմով տարվեինք՝ «այ հիմա կասենք, կլուծենք և ամբողջությամբ ապահով կյանքով կապրենք»։ Այդպես չէ, ժամանակակից աշխարհում շահերի համադրումն է կարևոր։

Ինձ ավելի շատ հետաքրքրում է մեր անվտանգությունն այսօր, վաղը, կարգավիճակի հարցը, այն գործողությունները, որոնք մեր սահմաններին են իրականացվում ի վնաս մեզ։ Բացի այդ, Արցախի հիմնահարցի հետ կապված ապագան ինչպիսին է, որովհետև կարգավիճակի ճանաչման հարցը երբեք չպետք է դուրս գա օրակարգից։ Վերջին տարիներին ամբողջապես փչացվեցին հարաբերությունները ռուսական վերնախավի հետ։ Մենք պետք է կարողանաք ինչ-որ կերպ վերականգնել այդ վստահությունը, որովհետև այլ կերպ դաշնակցի հետ մենք չենք կարող գործողություններ իրականացնել։ Ոմանց կարող է թվալ, թե սա կառավարության գործն է։ Մենք չէինք խառնվի, եթե, ցավոք սրտի, կառավարությունն աներ այն, ինչն անհրաժեշտ է մեր պետությանը։

Կառավարությունն արեց լրիվ հակառակը, մենք հայտնվեցինք նողկալի վիճակում։ Մենք իրավունք չունենք սպասել, թե ինչ կանի Նիկոլ Փաշինյանը՝ վնասելով մեր պետությանը։ Այո՛, մենք պետության էլիտայի մասն ենք կազմում և միշտ մասնակցել ենք պետությանը օգուտ տվող բոլոր գործողություններին։ Ես պատահական մարդ չեմ, ես անում եմ այն, ինչն իմ կուսակցության կողմից անհրաժեշտ է»,- ընդգծեց Դեմկուսի նախագահը։
Նրա խոսքերով՝ Ռուսաստանի հետ Հայաստանն ունի այնպիսի մի պայմանագրային բազա, որը լրիվ բավարարում է ամենավստահելի դաշնակից պետությունների համար։ «Եվ դեռ պարզ չէ՝ դրանից ավել պե՞տք է գնալ, թե՞ ոչ։ Եվ մի՛ մոռացեք, որ Ռուսաստանն էլ իր վրա պետք է ահռելի պատասխանատվություն վերցնի, եթե համաձայնվի այդպիսի միասնական պետություն ձևավորելու գաղափարին։ Ուղղակի հիմա պետք է նայել բոլոր պայմանագրային կետերը, կատարել դրանք և չխախտել այդ պայմանավորվածությունները, ուրիշ ոչինչ»,- ընդգծեց Սարգսյանը։

Հարցին՝ Հայաստանի իշխանությունների գործողությունների վերաբերյալ դժգոհություններ հայտնե՞լ են ռուսական քաղաքական շրջանակները, պատասխանեց, որ քաղաքականության մեջ այդպիսի միամիտ բաներ չեն լինում, որ դժգոհություններ հայտնեն։ «Եթե լուրջ լիներ մեր իշխանությունը, պետք է հասկանար, թե իր քայլերն ինչպես են գնահատվում, այլ ոչ թե սպասեր, ինչպես մանկապարտեզում են ասում՝ «Բալիկ ջա՛ն, էսպես մի՛ արա, էսպես պիտի անես»։ Քաղաքականության մեջ այդպես ընդունված չէ։ Ոչ թե քո խոսքով են որոշում իրենց վերաբերմունքը քո նկատմամբ, այլ գործերով, այն գործերով, որոնք որ դու իրականացնում ես։ Փաշինյանը գալիս էր, Մոսկվայում ասում էր՝ «Владимир Владимирич, у нас все хорошо» (Վլադիմիր Վլադիմիրիչ, մեզ մոտ ամեն ինչ կարգին է - ՀՐԱՊԱՐԱԿ), հետո էլ գալիս էր ու մանր ժուլիկություններ անում դրա դեմ։ Այսպես էլ իրավիճակը փոխվեց և իրոք հասավ այն պահի, երբ որ մենք կորցրեցինք տարածքներ, անվտանգության երաշխիքներ և այլն»,- շարունակեց Արամ Սարգսյանը։ 

Դեմկուսի նախագահը նաև անդրադարձավ Արցախի խնդրին՝ նշելով, որ Հայաստանն առաջինը պետք է իրավական տեսանկյունից ներկայացնի աշխարհին, թե ինչու է Արցախն Ադրբեջանի տարածքից դուրս, որ Արցախն օրինական ձևավորված սուբյեկտ է․ «Որից հետո մենք հնարավորություն կտանք Արցախին լուրջ վերաբերվել, այնուհետև, ինչու չէ, նաև ճանաչել Արցախը։ Եթե մենք դա չենք արել, որևէ այլ պետություն չի կարող իրավական տեսանկյունից հիմնավորել՝ ինչու է ճանաչում Արցախի անկախությունն Ադրբեջանից»։

Ռուսաստանի հետ մենք ունենք այնպիսի մի պայմանագրային բազա, որը լրիվ բավարարում է, որպեսզի մենք ամենավստահելի դաշնակից պետություններ և դեռ պարզ չէ՝ դրանից ավել պետք է գնալ, թե ոչ։ Եվ մի մոռացեք, որ Ռուսաստանն էլ իր վրա պետք է ահռելի պատասխանատվություն վերցնի, եթե համաձայնվի այդպիսի միասնական պետություն ձևավորելու գաղափարին։ Ուղղակի հիմա պետք է նայել բոլոր պայմանագրային կետերը, կատարել դրանք և չխախտել այդ պայմանավորվածությունները, ուրիշ ոչինչ։

Ռուսաստանում իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության հետ շուրջ 10 տարի համագործակցության հուշագիր ունեցող ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ եղել է, կա և կմնա Հայաստանի ամենակարևոր և ստրատեգիկ գործընկերը։ 

«Մնացած քաղաքական ֆորմատների մասին ես չեմ կարող հստակ խոսել, որովհետև առայժմ քննարկում չենք ունեցել։ Այո՛, հաստատում ենք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը և խորացումը բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, աշխարհաքաղաքական, մեր քաղաքական տեսլականի ներքո է։ Բոլոր ֆորմատները, որոնք թույլ են տալիս Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի հարաբերությունների խորացումը, իհարկե, ընդունելի են։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ Միութենական պետություն ստեղծելուն, այդ մասով չեմ կարող դեռևս բան ասել, բայց ամենախորացված, բոլոր ուղղություններով ինտեգրացիան, համագործակցության խորացումը, իհարկե, մեր օրակարգի մեջ է։ Եվ, այո՛, Ռուսաստանը եղել է, կա և մնում է Հայաստանի Հանրապետության, ինչու ոչ, միակ, իրականում ստրատեգիկ, իրականում եղբայրական, իրականում մեզ ամենամոտիկ պետությունը»,- նշեց պատգամավորը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Միութենական պետություն ստեղծելու գաղափարին։
Աբովյանի խոսքերով՝ ամեն քաղաքական ուժ այս կամ այն կերպ ներկայացնում է իր ինտեգրացիոն տեսլականները, իր հայացքները։ «Մեր դիրքորոշումը միշտ եղել է, որ բոլոր ֆորմատներով, բոլոր ուղղություններով, որքան հնարավոր է՝ խորացնենք մեր հարաբերությունները, և հիմնական մեխը բնավ անվանումների մեջ չէ, կամ թե ինչ ֆորմատով կլինի,- եզրափակեց նա։