Հարցազրույց

Իբրև բարի գործ են անում, իրականում՝ կազմաքանդում են կրթական համակարգը

Իբրև բարի գործ են անում, իրականում՝ կազմաքանդում են կրթական համակարգը

ԿԳՄՍՆ-ն հաղորդեց, որ այս տարվանից հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար գերազանցության մեդալի շնորհում նախատեսված չէ: «Ուսումնական  հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգում կատարված փոփոխությունների համաձայն՝ այս տարվանից այլևս հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար գերազանցության մեդալի շնորհման գործընթաց նախատեսված չէ: 

Նշենք, որ սովորողը համարվում է գերազանց առաջադիմություն ունեցող, եթե տվյալ ուսումնական տարվա ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից գնահատվում է տարեկան 9-10 միավոր և 12-րդ դասարանում՝ պետական ավարտական քննություններից՝ 18-20 միավոր: Կրթության 3-րդ աստիճանի ավարտին սովորողին տրամադրվում է «Գերազանցության» նշումով միջնակարգ կրթության ատեստատ: Փոփոխությունները պայմանավորված են ընթացող կրթական բարեփոխումներով` հանրակրթության նոր չափորոշչի հաստատմամբ, որի հիմքում դրվել են կրթական համակարգի արդյունավետության կոմպետենցիաները, ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների միջոցով կարողունակությունների ձևավորումը: Միաժամանակ տեղեկացնենք, որ գերազանցության մեդալի համար բուհական ընդունելության քննություններում արտոնություններ նախատեսված չէին»: 

Կրթության ազգային ինստիտուտի նախկին փոխտնօրեն, դպրոցի նախկին տնօրեն, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում նշում է, որ ինքը՝ որպես մեդալակիր, շատ է տխրել ԿԳՄՍ նախարարության այս որոշումից, սակայն հստակ ասել չի կարող` լա՞վ է, որ նման որոշում է կայացվել, թե՞ ոչ. «Այդ միտքն առաջին հայացքից ինձ համար շատ խորթ է և անհասկանալի, սակայն չեմ կարող ճիշտ ու սխալ որոշել, քանի որ չեմ տեսել տրամաբանված հիմնավորումները, թե ինչու են դպրոցից հանում մեդալները: Մեղքը գցում են նոր չափորոշիչների վրա, բայց ես դրանում այնքան էլ վստահ չեմ: Ես` որպես մեդալակիր, այս որոշումից տխրել եմ»:

Լա՞վ է, երբ աշակերտների մոտ վերանում է մրցակցությունը, Բախշյանն ասում է.

«Մրցակցությունը միշտ չէ, որ առողջ է: Կրթության ոլորտում մրցակցությունը չէ, որ պետք է շարժիչ ուժ լինի», - ասաց նա:

Մանկավարաժ, դասախոս Հայկ Փայտյանն էլ անդրադառնալով թեմային ասաց.

«Պատճառաբանությունները, որ բերվում են, արևմտյան կրթական աշխարհից են: Ասում են, որ մրցակցությունը երեխաների մոտ անիմաստ սթրես ու դեպրեսիա է առաջացնում, ուստի այն սխալ է: Մոտիվացիայի խթանի վերացում է սա: Բնականաբար մրցակցությունը պետք է լինի առողջ: Այս որոշմամբ երեխաների մոտ կորելու է լավագույնը լինելու մոտիվացիան: Ի դեպ, այս ճանապարհով հերթական անգամ նվազեցվում է մանկավարժների դերը: Գաղտնիք չէ, որ այսօր երեխաների հետ բավականին դժվար է, իսկ գնահատականը դասը կառավարելու գործիք է: Այժմ այդ գործիքը հանում են ու մանկավարժին այլ գործիք չեն տալիս: 60-ական թվականների գույքով, 40 հոգանոց դասարաններում ուսուցչի համար աշխատելն ու նոր հետաքրքրություններ գտնելը բարդ է: Վերջերս էլ մինչև չորրորդ դասարանի աշակերտներին գնահատելու փոխարեն սկսեցին սմայլիկներ դնել: Իբրև բարի գործեր են անում, իրականում՝ կազմաքանդում են կրթական համակարգը», -ասաց Փայտյանը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ «Սեբաստացի» կրթահամալիրում երբե՛ք մեդալներ չեն տրվել աշակերտներին առաջադիմության համար, քանի որ իրենց համար այն արդիական չէ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image