Տիգրան Ավինյանն ամրացնում է դիրքերը, նա կարող է Նիկոլ Փաշինյանին մրցակից դառնալ

Տիգրան Ավինյանն ամրացնում է դիրքերը, նա կարող է Նիկոլ Փաշինյանին մրցակից դառնալ

Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներն ավելի սուր չեն, քան հարաբերությունները` ներիշխանական տիրույթում: Իշխող կուսակցությունը վերադասավորումների, դիրքային պայքարի փուլ է թեւակոխել։ Հատկապես մարտական է տրամադրված Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ում Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե դիտարկում էր որպես «ժամանակավոր պաշտոնակատար» եւ հենց այդ նպատակով էլ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը շնորհեց իր հավատարիմ զինակից Արմեն Փամբուխչյանին, ով նախապես դարձավ ավագանու անդամ, որպեսզի մեկ տարի անց՝ երբ օրենքը թույլ տա անվստահություն հայտնել Ավինյանին, նման գործընթաց սկսել եւ նրան փոխարինել Փամբուխչյանով։ Վերջերս իշխանական շրջանակներից անընդհատ տեղեկությունների արտահոսք էր լինում, թե Ավինյանի օրերը հաշված են, հոկտեմբերին՝ նրա մեկ տարին լրանալուց հետո Նիկոլ Փաշինյանը ավագանիով լուծելու է իր հարցերը` ժամկետը չավարտված տուն ուղարկելով։ 

Սակայն, պարզվում է, շաբաթն ուրբաթից շուտ է եկել: Մեր աղբյուրներն ասում են, որ Ավինյանն այս ընթացքում դիրքային բարելավում է գրանցել իր օգտին, թե՛ ՔՊ, թե՛ «Հանրապետություն», թե՛ «Հանրային ձայն» կուսակցությունների ավագանիներին իրենով է արել, այն դեպքում, երբ Փաշինյանի կազմած ցուցակով Ավինյանը հազիվ մի քանի մտերիմ ու հավատարիմ մարդ ուներ ավագանիում: Ըստ մեր աղբյուրի՝ մեկ տարվա ընթացքում քաղաքապետն արդեն ունի ավագանու մեծամասնության աջակցությունը, չնայած նրա` պաշտոնյա ընկերներից ոմանք քրեական հետապնդման են ենթարկվում կամ նստած են: Եւ եթե Նիկոլ Փաշինյանը չդիմի հին ու փորձված մեթոդին եւ մեկ գիշերվա ընթացքում ավագանու անդամներին չկալանավորի, ինչպես արեց Ավինյանի մտերիմների դեպքում, ավագանու այս կազմով երբեք չի կարողանա Ավինյանի իմպիչմենտին հասնել։ 

Սա հասկացել է նաեւ Նիկոլ Փաշինյանը` որ մինչ Արմեն Փամբուխչյանը էշի ականջում քնած է, Ավինյանն իր տեղն ամրացրել է։ Փաշինյանն ասում են՝  զայրացած է, որ ինչ որ մեկը, ում ինքը շատ չի վստահում, կարող է ինքնուրույն խաղ տանել եւ առանց իր «դաբրոյի» դիրքերն ուժեղացնել: Չէ որ ինքը իր թիմի քիչ թե շատ դիմագիծ ունեցող անդամներին հերթով ոչնչացնում է` Սուրեն Պապիկյան, Ալեն Սիմոնյան, Արարատ Միրզոյան, Սասուն Միքայելյան. Ովքեր են հիմա նրանք` առանց Փաշինյանի աջակցության: Իսկ Ավինյանը, չունենալով «առաջնորդի» աջակցությունը, զրկված լինելով լայն լիազորություններից, իր թիմում հազար լրտես ու գործ տվող ունենալով, ԱԱԾ-ի ու դատախազության թիրախում գտնվելով, այնուամենայնիվ, ինքնուրույն գործոն է եւ դեռեւս անհաղթահարելի: 

Իհարկե, փոխարինողի հարցում էլ Փաշինյանը վրիպեց` ԱԻՆ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը, ով իր պաշտոնավարման ընթացքում հողին հավասարեցրեց Արմեն Երիցյանի ստեղծած կայացած կառույցը, չէր կարող Ավինյանի պես ճկուն, բոլորի հետ լեզու գտնող մրցակցի դեմ դուրս գալ եւ հաղթել: Եւ եթե Տիգրան Ավինյանի հարցերը Փաշինյանը ինտրիգների ու ուժայինների միջոցով «չլուծի», ապա նա կարող է նաեւ հենց իր աթոռին երբեւէ հավակնել։