Քաղաքականություն

Պետք չէ ընկնել ո՛չ հիացած ճչոցների, ո՛չ էլ ինքնամոռաց ողբի մեջ

Պետք չէ ընկնել ո՛չ հիացած ճչոցների, ո՛չ էլ ինքնամոռաց ողբի մեջ

Վաղարշապատի ընտրությունների վերաբերյալ նախնական կարելի է ասել հետեւյալը․ պետք չէ ընկնել ինքնագովասանքի կամ ապոկալիպտիկ ողբերի մեջ։ Հավատացեք, դրա համար հիմքեր չկան։ Մենք ականատես եղանք բավականին «թարմ» հնարքների՝ ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության կողմից։ Ի դեպ, ընդդիմությունն այս անգամ շատ ավելի կրեատիվ էր, ինչը չի կարող չուրախացնել։

Նախապես պետք է ֆիքսել, որ Վաղարշապատի ընտրություններում թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը փորձարկեցին որոշ տեխնոլոգիաներ, որոնք, ամենայն հավանականությամբ, նախատեսում են կիրառել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին պետք է ավելի ընդարձակ վերլուծություն անել։ Հետաքրքիր է, որ հենց Էջմիածին քաղաքում իշխանության վարկանիշը զգալիորեն ավելի ցածր է, քան գյուղերում, եւ ունի կայուն նվազման միտում։ Իշխանությունը սա շատ լավ հասկանում է եւ լարվում է՝ փորձելով ուղղել իրավիճակը, սակայն նրանց մոտ դա չի ստացվում։

Փաշինյանական իշխանության «սպոյլեր» կուսակցությունները գտնվում են խայտառակ վիճակում, եւ սա արդեն փաստաթղթերով արձանագրված իրականություն է, ինչը չի կարող չուրախացնել։ «Քայլերի վերլուծություն» հստակ պետք է արվի, որովհետեւ Վաղարշապատը բացեց շատ խորքային ասպեկտներ՝ կապված հասարակ մարդկանց` իրականության ընկալման հետ (խնդիրը ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության ծրագրերի մեջ չէ․ այստեղ ամեն ինչ շատ ավելի խորն է՝ սոցիալական հոգեբանության մակրո մակարդակում)։

Ի դեպ, իշխանության ստացած «դրական» արդյունքը ձեռք բերվեց իրենց թեկնածուի նկատմամբ իշխանական, մտավորական եւ ուժային ողջ ռեսուրսի հսկայական աջակցությամբ, ինչն իրականում իշխանության համար դրական ազդակ չէ, այլ ընդհակառակը՝ խիստ բացասական է։

Այսպիսով՝ պատճառներ չկան ընդդիմադիրների համար՝ իրենց «մազերը պոկելու», եւ սա սեւ սրտի մխիթարանք չէ, այլ՝ իրականություն, որի հետ պետք է շատ լուրջ աշխատել․ աշխատել, աշխատել ու կրկին աշխատել։ Պետք չէ ընկնել Գյումրիի ընտրություններից հետո հիացած ճչոցների կամ Վաղարշապատից հետո ինքնամոռաց ողբերի մեջ։ Մարդիկ՝ սովորական մարդիկ, ունեն հարցեր ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմադիր ուժերին (ներառյալ արտախորհրդարանական ընդդիմությանը), եւ այդ հարցերի պատասխանները պետք է տրվեն մարդկանց։

Արման Աբովյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image