Ադրբեջանական մամուլը ՔՊ-ական բառապաշարով անդրադարձել է «Հրապարակին» և մեր հոդվածին

Ադրբեջանական մամուլը ՔՊ-ական բառապաշարով անդրադարձել է «Հրապարակին» և մեր հոդվածին

Ադրբեջանական մամուլը ուշի ուշով հետևում է հայկական լրատվական միջոցների, այդ թվում՝ «Հրապարակի» հրապարակումներին և դրանից յուրահատուկ, միայն իրենց ձեռնտու «վերլուծություններ» անում, որոնք բխում են բացառապես երկու սուբյեկտի՝ Ադրբեջանի իշխանությունների և Հայաստանի իշխանությունների շահերից։ Ադրբեջանական լրատվական կայքերն իրենց «վերլուծություններում» անդրադառնալով Արցախը Ադրբեջանին հանձնելու դեմ ուղղված ներհայաստանյան պրոցեսներին, ուժերին և անհատներին, օգտագործում են նույն թեզերը, բառամթերքն ու ձևակերպումները, ինչ Հայաստանի իշխանություններն ու իշխող կուսակցություն ՔՊ-ն։ Եւ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունների բոլոր քայլերը բխում են բացառապես Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության շահերից։

Ահավասիկ, ադրբեջանական Caliber.az կայքը վերցրել է երեկ «Հրապարակ» թերթում և Hraparak.am կայքում հրապարակված մեր հարցազրույցը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, որտեղ մենք փորձել ենք Ավանեսյանից դիրքորոշում կորզել Արցախի ճակատագրի մասով: Կայքը սեփական դիտարկումներն է արել դրա վերաբերյալ, որ Ավանեսյանն այդպես էլ չի հայտարարել, թե դեմ է Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելուն, և հոդվածին այսպիսի վերնագիր են դրել․  «Հայկական նախարարը դեմ չէ ադրբեջանականացված Ղարաբաղին»։

Սրանից, վստահաբար, ոչ «հայկական նախարար» Անահիտ Ավանեսյանը, ոչ էլ նրա քաղաքական ղեկավարությունը վատ չեն զգա կամ ամոթից գետինը չեն մտնի, բայց մենք նրանց փոխարեն ամաչում ենք, որ մեր երկրի առողջապահության նախարարի հարցազրույցից ադրբեջանական կայքերն այսպիսի եզրահանգումներ են արել, գուցե՝ ցավալիորեն տեղին։

Բայց սա դեռ ամենը չէ։ Ադրբեջանական տվյալ լրատվամիջոցն իր «վերլուծականում» անդրադարձել է նաև «Հրապարակ» օրաթերթին և այս հարցազրույցի հեղինակ լրագրողին՝ որոշակի «բնութագրական» մտքեր արտահայտելով լրագրողի և լրատվամիջոցի հասցեին։

Մասնավորապես, կայքը գրել է. «Լրատվամիջոցի թղթակից Վահե Մակարյանը, որ ակնհայտորեն համակրում է «նախկիններին» և հարում է ռևանշիստների ճամբարին, փորձել  է ճշտել նախարարի դիրքորոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին  ելույթի վերաբերյալ Ազգային ժողովում՝ կապված Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ»։

Նկատենք, որ այս նույն բառապաշարն ու ձևակերպումները մեր մասին օգտագործում են մեկ էլ Հայաստանի իշխանությունները, թե մենք համակրում ենք նախկիններին, որոնց տասը տարի շարունակ քննադատում էինք, հիմա՝ նույնպես, և որ մենք հարում ենք «ռևանշիստների ճամբարին»։  Ռևանշիստ ասելով՝ ադրբեջանական մամուլը  նկատի ունի ընդդիմությանը, որի վերաբերյալ Հայաստանի իշխանություններն են առաջինը նման ձևակերպում տվել։