Մանուկ Մարգարյանի մասին գյուղում ասում են` «պլանքյաշ» է

Մանուկ Մարգարյանի մասին գյուղում ասում են` «պլանքյաշ» է

Նալբանդյան գյուղում երեկ օպերալիազորին սպանած եւ մի քանի ոստիկանի վիրավորած Նալբանդյան գյուղի բնակիչ 41-ամյա Մանուկ Մարգարյանը ամուսնացած չէ, «Հրապարակին» պատմեց գյուղի բնակիչներից մեկը` նշելով, որ նրա հայրը մահացած է, ապրում է մոր հետ։

Ըստ համագյուղացու, Մանուկ Մարգարյանը գյուղում հայտնի է որպես «պլանքյաշ». «Լսել ենք, որ «պլան» ա օգտագործում, բոլորն էլ գիտեն, որ ինքը պլանքյաշ ա։ Բայց չգիտեինք, որ զենք էլ ա պահում մոտը»։

Մեր զրուցակիցը նշեց, որ Մանուկ Մարգարյանին հայտնաբերել ու ձերբակալել են գյուղի դաշտերից մեկում։

Նշենք, որ, ըստ ՆԳՆ֊ի, սեպտեմբերի 7-ին ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանն իր մոտ պահում է հրազեն։

Ստացված տեղեկություններն իրացնելիս, նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Նալբանդյան համայնքում հայտնաբերել են Մանուկ Մարգարյանին «Վազ 2107» մեքենայի մեջ։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ նկատելով իրավապահներին՝ 41-ամյա տղամարդը մեքենայի միջից իր մոտ եղած ինքնաձիգով կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, այնուհետև իջել և շարունակել է արձակել կրակոցներ, ինչից հետո դիմել է փախուստի։

Կրակոցների հետևանքով մահացել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը, իսկ նույն բաժնի համայնքային ոստիկան, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Արմավիրի բժշկական  կենտրոն։