Բորիս Ավագյանի գործը քննող քննիչը կալանավորվել է

Բորիս Ավագյանի գործը քննող քննիչը կալանավորվել է

Մոսկովյան կալանավայրերից մեկում գտնվող Բորիս Ավագյանի գործը քննող քննիչը` Ալեքսանդր Իզբենկոն նախորդ ամիս կալանավորվել է Մոսկվայի Բասմանի դատարանի կողմից՝ յուրացման մեղադրանքով, այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: 

Հիշեցնենք, որ Բորիս Ավագյանը Արթիկի նախկին փոխքաղաքապետն է, ապա Արցախի ԱԻՆ պետի տեղակալը եւ զբաղվում էր Ադրբեջանից հայ գերիների տեղափոխմամբ։ Նա կալանավորվել է 2021-ի դեկտեմբերին, Սանկտ Պետերբուրգում եւ մինչ օրս գտնվում է մոսկովյան բանտերից մեկում։ 

Սույն քննիչը շուրջ երկու տարի քննել է Ավագյանի գործը։ Նա յուրացումներ է արել, փորձել է հատել երկրի սահմանը եւ կալանավորվել է սահմանը հատելիս։ Ավագյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՌԴ-ում կա պրակտիկա՝ երբ որեւէ գործ քննող քննիչի նկատմամբ քրեական գործ է հարուցվում, նրա վարույթում գտնվող բոլոր գործերի քննությունը սկսվում է զրոյից՝ քննության նախորդ ընթացքն, այսպես ասած, չեղյալ է համարվում, քանի որ անվստահություն է առաջանում քննիչի նկատմամբ: Այսինքն` եթե երկու տարի տվյալ գործը քննության փուլում էր, մեղադրվող անձը՝ կալանքի տակ, սակայն նա ևս մի քանի տարի պետք է սպասի, որ նոր քննություն իրականացվի: Հիշեցնենք նաեւ, որ Ավագյանը խնդրել էր ՀՀ իրավապահներին՝ պահանջել, որ Ռուսաստանն արտահանձնի իրեն եւ ինքը Հայաստանում դատվի կամ այստեղ կրի իր պատիժը՝ եթե դատարանը մեղավոր ճանաչի։ Նա խնդրել էր նաեւ, որ Ռուսաստանում ՀՀ հյուպատոսն իրեն այցելի, բայց նրա խնդրանքները մերժվել են։