Ակն ընդ ական

Ակն ընդ ական

Մեր իշխանությունն ինքն իր փորած փոսն է ընկնում՝ այս էլ արդեն որերորդ անգամ։ Նույն սկզբունքով՝ իր դեմ ելան իր իսկ «աճեցրած» Ֆեյսբուքն ու փողոցը։ Ինքը փողոցով եկավ իշխանության, հիմա ուրիշներն են փողոցով «հարցեր» լուծում։ Նույնկերպ իրենց բոլոր նախկին պոպուլիստական ելույթներն են իրենց դեմ դնում ու հիշեցնում՝ բա դուք չէի՞ք, որ ասում էիք՝ «դուրս ենք գալու ԵԱՏՄ-ից», դուք չէի՞ք, որ արագաչափերի դեմ էիք պայքարում, դուք չէի՞ք, որ անբարոյականություն էիք համարում պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը՝ առանց ամբողջ բնակչության եկամուտներն ավելացնելու եւ այլն, եւ այլն։ Մենք, իհարկե, կարող էինք շատ բան մոռանալ ու չնկատել, շատ հարցերում անհիշաչար լինել եւ ներողամիտ։

Ասենք, օրինակ, ի՞նչ մի թեմա է դիմակների թեման։ Հաստատ, չարժեր փնտրել-գտնել անդիմակ պաշտոնյաների լուսանկարներ եւ հրապարակել դրանք։ Կամ՝ հետապնդել բարձրաստիճան պաշտոնյաներին եւ ոստիկանների երեկոյան ընթրիքը «հարամել», ինչպես արեց «Հրապարակի» օպերատորը։ Կամ՝ այս ամառվա տապին Սեւանի ափին երգել-պարել-ուրախանալն ի՞նչ մի հանցանք է, որ ընկել ենք պատգամավոր Հայկ Սարգսյանի հետեւից եւ «քթից» ենք բերում։ Նորմալ երկրում մարդիկ, այդ թվում՝ լրատվամիջոցները, ոչ թե կպահանջեին բոլորից դիմակներ կրել եւ կպախարակեին մաքուր օդում, Սեւանի ափին առանց դիմակների ուրախացող երիտասարդներին, այլ իշխանություններից կպահանջեին դադարեցնել դիմակամոլությունը եւ վերջ տալ կորոնավիրուսի դեմ միայն դիմակ դնելու միջոցով պայքարելու այս անհեթեթ մրցավազքը։ Բայց դե ՝ հասարակությունն իշխանություններին վերադարձնում է իր իսկ տվածը՝ իր չարությունը, իր անհեթեթությունը, իր սեւեռվածությունը եւ երբ դիմակ չկրող պաշտոնյա է գտնում, դաժանաբար պատժում է նրան։