Ով է Արցախի նախագահի թեկնածուն

Ով է Արցախի նախագահի թեկնածուն

Արդեն գրել ենք, որ Արցախի նախագահն ու պետնախարարը շուտով հրաժարական կտան եւ նրանց փոխարինելու է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը, ում պատկերացնում են Արցախի նախագահի պաշտոնին՝ եթե իհարկե Արցախի խորհրդարանը նրան ընտրի։ 

Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ կենսագրություն ունի Շահրամանյանը։ 

Նա 45 տարեկան է՝ ծնվել է 1978-ի դեկտեմբերի 1-ին Ստեփանակերտում։ Արցախի ԱԱԾ տնօրենն է եղել, ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարը։ Կոչումով գեներալ-մայոր է։

Ընդունվել է Երևանի Գրիգոր Զոհրապի անվան համալսարանի Միջազգային տնտեսագիտություն ֆակուլտետը, 1998 թվականին տեղափոխվել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտություն բաժինը և 1999 թվականին ավարտել այն։ 

1996-1999 թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է ԱԱԾ-ում ծառայությունից՝ 1999-2008 թթ.։

2008-2010 թթ. աշխատել է ԼՂՀ Հարկային պետական ծառայությունում` օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնում։

2010-2013 թթ.՝ ԼՂՀ Արդարադատության նախարարությունում, որպես ԼՂՀ Գլխավոր հարկադիր կատարող։

2013 թվականին նշանակվել է ԼՂՀ Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետ, այնուհետև` քրեական հետախուզության վարչության պետ։ 2014-2018 թթ. Նորից վերադարձել է ԱԱԾ՝ վարչության պետի պաշտոնում։ 2018-2020 թթ. ԱՀ ԱԱԾ տնօրեն։ 

2018 թվականի հուլիսի 16-ին նշանակվել է ԱՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ։

2020 թվականի մայիսի 29-ին ԱՀ նախագահի հրամանագրով ստացել է գեներալ-մայորի կոչում։

2020 թվականի մայիսի 29-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար։

2023 թ․ հունվարի 16-ին նշանակվել է Արցախի ԱԽ քարտուղար։

ՀԳ Գեներալ-մայոր Սամվել Շահրամանյանն Արցախի պետական համակարգում առանցքային դերակատարություն ունեցած պաշտոնյաներից է։ 2018 թ․ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, որոշակի ինստիտուցիոնալ խզում էր առաջացել ՀՀ և ԼՂՀ իշխանությունների միջև, անհրաժեշտ էին ռացիոնալ լուծումներ՝ Արցախը ցնցումներից զերծ պահելու եւ իշխանության անցնցում փոխանցումն ապահովելու համար, ասում են՝ նա այդ առաքելությունը պատվով է կատարել։ Շահրամանյանը Ստեփանակերտի ներիշխանական որևէ թիմի չի հարում, սակայն Բակո Սահակյանի հետ ջերմ հարաբերություներ ունի։