«Հրապարակ». Քաղաքական նոր ֆորմատը միս ու արյուն է ստանում

«Հրապարակ». Քաղաքական նոր ֆորմատը միս ու արյուն է ստանում

Սեպտեմբերի 30-ին գրել էինք, որ մի խումբ ակտիվ ընդդիմադիր գործիչներ քննարկում են նոր քաղաքական ձեւաչափ ձեւավորելու հարցը` շաբաթը մի քանի անգամ հավաքվում են, հիմնականում՝ Նարեկ Սամսոնյանի գրասենյակում: Ներկա են լինում ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը եւ այլք: Սակայն նշվածներից մի քանիսը շտապեցին հերքել լուրը` հավատացնելով, որ այդ հանդիպումները պատահական են եղել, ոչ մի ծրագիր չկա։ Անցավ մի քանի ամիս, եւ մեր նշած ձեւաչափը կարծես միս ու արյուն է ստանում: Նշված անձինք հրապարակային քննարկումների են մասնակցում, որոնք, որպես կանոն, ընթանում են Բաղրամյան պողոտայի սկզբնամասում գտնվող «Օպերա սյուիթ» հյուրանոցային համալիրում:

Երեկ էլ նման քննարկում է կայացել․ «2022 թվական՝ Հայաստան․ լինել, թե չլինել» թեմայով, Նաիրա Զոհրաբյանի ՀԿ-ի նախաձեռնությամբ, որին արդեն մշտապես մասնակցող հյուրերի ցանկ կա: Այդ կազմում հիմնականում մեր թվարկած գործիչներն են։ Երեկ մասնակցել են նաեւ Արմեն Աշոտյանը, մեկնաբան-հաղորդավար Դավիթ Սարգսյանը եւ Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։