Անզո՞ր են, թե՞ անխելք

Անզո՞ր են, թե՞ անխելք

Ծանր վիճակում է հայտնվել խորհրդարանական ընդդիմությունը։ Ոչ միայն իշխանություններից է հարվածներ ստանում, այլեւ իր ընտրողներից ու համակիրներից։ Մյուս կողմից՝ երկրում ընդդիմության ընդդիմություն է ձեւավորվել, որն առիթը բաց չի թողնում խորհրդարան անցած ուժերին հարվածելու, քննադատելու, ծաղրելու, փչացնելու։ Մի լուրջ խնդիր էլ կա՝ արտաքուստ նույն շահն ու կարգավիճակն ունեցող ընդդիմադիր ուժերն էլ միմյանց հետ հաշտ չեն եւ չեն կարողանում համագործակցել։

Իշխանությունը նրանցից պահանջում է հնազանդություն, ակտիվ եւ ընդդիմադիր հասարակությունը՝ խիզախություն, Ռուսաստանը՝ ռուսամետություն, Արեւմուտքը՝ արեւմտամետություն, մրցակից ուժերը՝ ասպարեզից հեռանալ։ Ցավակցելով ու կարեկցելով հանդերձ պաշտոնական ընդդիմությանը, փորձենք օբյեկտիվորեն գնահատել նրա վարքն ու բարքը, հասկանալ, թե որտեղ է անզորությունը, որտեղ՝ անխելքությունը եւ որտեղ՝ ծուլությունը։ Ճիշտ է՝ խորհրդարանում փոքրամասնություն կազմող ընդդիմությունն այսօր չի կարող ազդել քվեարկությունների ելքի եւ որոշումների կայացման վրա, բայց կարող է մթնոլորտ ձեւավորել ու օրակարգ թելադրել, եթե, իհարկե, ակտիվ լինի, դուրս գա հայեցողական իր դիրքից եւ մոռանա իշխանական անցյալը։ Չէ՞ որ նույն Նիկոլ Փաշինյանի «Ելք»-ում 7 պատգամավոր կար՝ 70 կարծիք եւ իշխանության հետ սերտ «աշխատող» անձինք։ Բայց նա կարողանում էր պարտադրել իր կարծիքը եւ եղանակ ստեղծել։ Եթե դուք ստանձնել եք ընդդիմադիրի ծանր բեռը, պետք է թոթափեք ամոթի, պարկեշտության, անգամ օրինականության մարտիկի ձեր կեցվածքը եւ առաջ գնաք՝ հաղթահարելով բոլոր խոչընդոտները։ Եվ պետք է ճկուն լինեք․ սեպտեմբերին վերադառնալու որոշո՞ւմ էիք կայացրել, չի՞ արդարացրել իրեն, ուրեմն նոր որոշում կայացնելու ժամանակն է։