Արամ Սիմոնյանի ընտանիքը մերժել է Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկը

Արամ Սիմոնյանի ընտանիքը մերժել է Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկը

Երեկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հոգեհանգստի արարողությունն էր Նոր Նորքի սուրբ Սարգիս եկեղեցում, այսօր ժամը 1-ին տեղի ունեցավ հուղարկավորության արարողությունը՝ նույն վայրից։ Նրա թաղման կապակցությամբ կառավարական հանձնաժողով էր ձեւավորվել։

Մենք տեղեկացանք, որ ԵՊՀ գործող ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նախկին ռեկտորի մահից հետո այցելել է Սիմոնյանների ընտանիքին եւ առաջարկել է հուղարկավորությունն իրականացնել Երեւանի պետական համալսարանից, որտեղ վերջինս 13 տարի ռեկտոր է աշխատել, գիտական ու մանկավարժական գործունեությամբ զբաղվել։ Սակայն ընտանիքը մերժել է այդ առաջարկը։ Այս իշխանությունը մեկ տարի շարունակ հալածում էր Արամ Սիմոնյանին եւ պարտադրում, որ հրաժարական տա, որ զավթեն ԵՊՀ ռեկտորի աթոռը եւ այդ աթոռին կարգեն Հովհաննես Հովհաննիսյանին։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում էին իրականացնում, վարկաբեկում եւ հալածում էին նրան, ուստի հասկանալի է ընտանիքի վերաբերմունքը։

Մենք կապվեցինք Հովհաննես Հովհաննիսյանի հետ, որպեսզի ճշտենք այս տեղեկությունը։ Նա լսեց հարցը եւ ասաց, որ զբաղված է՝ չի կարող պատասխանել, սակայն Արամ Սիմոնյանի ընկերներից մեկը հաստատեց այս տեղեկությունը։