«Հրապարակ»․ Հլու-հնազանդ դեմքով գնացել, ներկայացել է փոքրիկ սուլթանին

Ալբանիայից` Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովից, առանց ձայնի, բայց շատ խոսուն կադրեր հրապարակվեցին Փաշինյան-Ալիեւ հանդիպումից: Փաշինյանը գագաթնաժողովի ընդմիջման ժամանակ` միջանցքում սրճել է Ալիեւի հետ, սկզբում երկուսով են զրուցել` շուրջը մարդկանց մեծ բազմություն, ապա միացել են ԱԳ նախարարները, խոսնակները: Մեկ այլ տեսանյութում էլ նա Էրդողանի հետ է զրուցում, միանում է Ալիեւը՝ գոհ ու երջանիկ ժպիտը դեմքին:
Պաշտոնական հաղորդագրությունը Փաշինյանի շփումների վերաբերյալ շատ բան չի ասում` կայացել է Փաշինյան-Ալիեւ առանձնազրույց, որի ժամանակ կարեւորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը, քննարկել են ընթացիկ վիճակը եւ կարեւորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը: Փաշինյանը բարեւել եւ մի քանի բառ է փոխանակել այլ ղեկավարների հետ, եւ հաղորդագրության մեջ անուն առ անուն նշված է, թե ում է բարեւել:
Բաքուն օրերս նորից էր իր նախապայմանները հիշեցրել Երեւանին՝ Սահմանադրության փոփոխություն, Մինսկի խմբի լուծարում։ Այդ պահանջները բավարարելու իր պատրաստակամությունը Փաշինյանը եւս մեկ անգամ վերահաստատեց` ադրբեջանական լրագրողի հարցերին պատասխանելիս, հայտարարելով, թե նոր սահմանադրության նախագիծը պատրաստ չէ, գործող Սահմանադրության մեջ տարածքային պահանջ չկա որեւէ հարեւանի նկատմամբ: Եվ խնդիրները լուծելու ամենակարճ ճանապարհը համարեց խաղաղության պայմանագիրը՝ նշելով, որ դրա վավերացման դեպքում բարձր օրենսդրական մակարդակով կարձանագրվի, որ Հայաստանը տարածքային հավակնություններ չունի Ադրբեջանից, ընդհանրապես՝ հարեւաններից: Ասաց, որ Երեւանը պատրաստ է ՄԽ-ն լուծարելու համար Ադրբեջանի հետ համատեղ ԵԱՀԿ-ին դիմել՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամանակ։ Նշեց, թե ուզում է համոզվել, որ Ադրբեջանի ցանկությունը հակամարտությունն իր տարածքից Հայաստանի տարածք տեղափոխելը չէ:
Դիվանագետ, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը մեզ ասում է. «Կոնֆլիկտը վաղուց է տեղափոխվել Հայաստանի տարածք, ավելին` գետնի վրա ՀՀ սուվերեն տարածքից 200 կմ-ն ագրեսիայի միջոցով Ադրբեջանը գրավել է: Այդ շեշտադրումով նոր տերմիններ են փորձում դաշտ նետել, դրանով ասում են, թե «Ղարաբաղն Ադրբեջան է, եւ վերջ», իբրեւ թե ներքին կոնֆլիկտ է եղել, ու Ադրբեջանն այն լուծել է, հիմա այն մի ներմուծեք Հայաստան: Սա էլ է Ալիեւին հաճոյանալու փորձ»: Ըստ նրա՝ դա նաեւ Փաշինյանի վախի դրսեւորումն է՝ հնարավոր ագրեսիայի դեպքում ի՞նչ պետք է ասի ժողովրդին:
Դիվանագետը հիշեցնում է Փաշինյանի հայտարարությունը, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի օկուպացված տարածքների հարցը պետք է լուծվի սահմանազատման գործընթացով, ու շեշտում է. «Այդ կապիկությունը սահմանազատման հետ ոչ մի կապ չունի: Տավուշը, իբրեւ թե, պետք է օրինակելի կետ դառնար, որտեղ անվտանգություն պետք է հաստատվեր՝ որպես, այսպես կոչված, սահմանազատված տարածք, բայց ի՞նչ ենք տեսնում՝ կրակում են Տավուշի ուղղությամբ, Կիրանցի վրա չեն կրակում, կրակում են մյուս գյուղերի՝ Մովսեսի, Ներքին Կարմրաղբյուրի վրա»:
Մելիքյանն ասում է՝ վերլուծելու նյութ էլ չկա, ու հայ հասարակությանն առաջարկում է ընդամենը դիտել Տիրանայի կադրերը եւ հասկանալ՝ ինչ իրավիճակում ենք գտնվում: «Հլու-հնազանդ դեմքով գնացել, ներկայացել է փոքրիկ սուլթանին: Նայեք նրա կեցվածքին, թե ոնց է նստած Հայաստանի ղեկավարը, body language-ին՝ մարմնի լեզվին նայեք, թե ոնց է խոսում, տեսեք, թե ով է ասողը, ով է լսողը: Արտգործնախարարն էլ թեթեւ ժպիտով ականջ է դնում այդ ամենին...»: Մեր զրուցակցի գնահատմամբ՝ Փաշինյանի իշխանությունը, բացի իր էգոյից, աթոռը պահելուց, այլ խնդիր չի լուծում, իսկ դրա համար պատրաստ է զոհաբերել ամեն ինչ, որովհետեւ աթոռն իր անվտանգության երաշխիքն է:
Ինչ վերաբերում է ՄԽ-ն լուծարելու պատրաստակամությանը, դիվանագետն արձանագրում է. «Կտան վզին, դա էլ կլուծարեն»: Փաշինյանն ամեն բանի պատրաստ է, միայն թե թուղթ ստանա Ալիեւից, որ քարոզչական նպատակով օգտագործի, որը, սակայն, ինչպես ասես կարելի է կոչել, բացի խաղաղության պայմանագրից:
Կարծիքներ