Սենատորները պահանջում են ռուսական ողջ ակտիվները փոխանցել Կիևին

Ամերիկացի մի խումբ սենատորներ՝ և՛ հանրապետական, և՛ դեմոկրատական կուսակցություններից, պահանջում են ավելի խիստ միջոցներ կիրառել՝ սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինային տրամադրելու համար:
Նրանք պահանջում են, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չսահմանափակվի միայն այդ միջոցների տոկոսներով, այլ ամբողջ գումարը՝ ավելի քան 300 միլիարդ դոլար, ուղղի Կիևին օգնելու, ինչպես նաև դաշնակիցներին համոզելու այդ քայլին։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ուղղված նամակում, որը ստացել է Reuters-ը, սենատորները հարցրել են, թե ինչ ֆինանսական գործիքներ է վարչակազմը պատրաստ օգտագործել Մոսկվայի վրա ճնշումը մեծացնելու համար:
Մասնավորապես, նրանք հարցնում են, թե արդյո՞ք Սպիտակ տունը դիտարկում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից տնօրինվող ռուսական ակտիվներն օգտագործել որպես խաղաղ բանակցություններում Ռուսաստանի վրա ազդելու միջոց։
Սենատորներին հետաքրքրում է նաև, թե արդյո՞ք պլան կմշակվի, որով Վաշինգտոնը կարող է համոզել Եվրամիությանը, G7-ին և այլ դաշնակիցներին ռուսական ակտիվները Կիևին փոխանցել: Նրանք նաև ցանկանում են իմանալ՝ Թրամփի վարչակազմը պատրա՞ստ է հավանություն տալ այդ միջոցների օգտագործմանը՝ օգնելու Ուկրաինային սարքավորումներ գնել իր պաշտպանական կարիքների համար:
Նամակը ստորագրել են հանրապետականներ Թոդ Յանգը և Լինդսի Գրեհեմը, ինչպես նաև դեմոկրատներ Ռիչարդ Բլումենտալն ու Թիմ Քեյնը։
Ուկրաինան վերականգնելու համար ռուսական ակտիվների բռնագրավման գաղափարը մի քանի տարի քննարկվում էր ԱՄՆ Կոնգրեսում։ Կոնգրեսականները կարծում են, որ այս քայլը կօգնի խուսափել ամերիկացի հարկատուների համար հավելյալ ծախսերից և միևնույն ժամանակ կավելացնի ճնշումը Կրեմլի վրա՝ նրան մղելու խաղաղության համաձայնագրի։
2024 թվականի դեկտեմբերին ԵՄ գագաթնաժողովում որոշվեց, որ ռուսական սառեցված ակտիվները կմնան անհասանելի այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան չի համաձայնել փոխհատուցում վճարել Ուկրաինային։ Ըստ Reuters-ի՝ Կրեմլը թույլ է տալիս այդ միջոցները փոխանցել ավերված ենթակառուցվածքները վերականգնելու համար, սակայն պայմանով, որ այդ գումարից 200 միլիարդ դոլարը ուղղվի Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներին։
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման առաջին օրերին արևմտյան երկրները պատժամիջոցներ կիրառեցին Ռուսաստանի Կենտրոնական բանկի և Ազգային բարեկեցության հիմնադրամի դեմ՝ արգելափակելով G7 երկրներում ավանդադրված միջոցները։ Ռուսաստանի Կենտրոնական բանկի պաշտոնական տվյալների համաձայն՝ 2022 թվականի սկզբին նրա միջազգային պահուստները ներառում էին 207 միլիարդ դոլար եվրոյով, 67 միլիարդ դոլար՝ ԱՄՆ դոլարով, 37 միլիարդ դոլար՝ բրիտանական ֆունտով, 64 միլիարդ դոլար՝ այլ արժույթներով, այդ թվում՝ ճապոնական իեն, կանադական և ավստրալիական դոլարներ:
Չնայած երկարատև քննարկումներին, ռուսական ակտիվների բռնագրավման գաղափարը միաձայն աջակցություն չի ստացել։ Գերմանիան, Ֆրանսիան և Եվրոպական կենտրոնական բանկը նախկինում դեմ էին արտահայտվել դրան՝ մատնանշելով եվրոյի՝ որպես համաշխարհային արժույթի, կայունության հնարավոր ռիսկերը։
2024 թվականի աշնանը Վաշինգտոնն ու Բրյուսելը պայմանավորվել են այլընտրանքային մեխանիզմի շուրջ՝ Ուկրաինային կտրամադրվի 50 միլիարդ դոլարի վարկ, որի մարման աղբյուրը կլինեն ռուսական ակտիվներից տոկոսները։ Սառեցված միջոցներից տարեկան շահույթը գնահատվում է 3-5 մլրդ եվրո։
Կարծիքներ