Ճանաչողական խանգարումների (դեմենցիա) շարքից

2024-ի ամառը մեզ չզարմացրեց արեւի ճոխությամբ, սակայն զարմացրեց կարճատեւ եւ հորդառատ անձրեւների առատությամբ եւ ավերածություններով: Կասկածից վեր է, որ բնությունը զայրացած է բոլորիս վրա: Երեւանի պարագայում տեղատարափ անձրեւներն այնպես են խեղճացնում ճոխացող ու ուռճացող մայրաքաղաքը, որ անձրեւից հետո քաղաքը վերածվում է փռշտոց բերող փոշոտ գյուղատեղիի: Ավանդույթ է դարձել, որ մի քանի րոպե տեւող հորդառատ անձրեւից՝ մի քանի վայրկյանների ընթացքում «միաձայն» խցանվում են մայրաքաղաքի գրեթե բոլոր ջրատարների խողովակներն ու ջրահավաք հորերը: Բազմիցս է խոսվել, որ սովորական անձրեւների դեպքում անգամ թրջվում ու պլոկվում են հետիոտն անցումների, թունելների կրող կոնստրուկցիաների առավել պատասխանատու մասերը, հին շենքերի նկուղների, պահեստների թուլացած պատերը: Իսկ հեղեղումների դեպքում Բաղրամյան եւ Լենինգրադյան մայրուղիների երկայնական գոգավորություններում ջրամբարային ծավալով տիղմ-ավազային խառնուրդով այնքան անձրեւաջուր է կուտակվում, որ լվանում է մեծ արագությամբ ընթացող ավտոմեքենաների հատակը (ներբանը), թրջում շարժիչը, հանգցնում մխոցներին էլեկտրական կայծեր բաշխող մոմերը (սվեչաները) եւ ավտոմեքենաները վերածում ջրում գերեվարված մետաղական կղզյակների: Իսկ մինչեւ ազդրերը բոբիկված վարորդները ջրի մեջ ջղաձիգ, ալիքաբեր քայլքով փորձում են հեռախոսով փրկության կանչել իրենց մտերիմներին: Ցավոք, երեւույթը պարբերական է եւ արդեն տանելի, քանզի զոհեր եւ անհետ կորածներ չեն լինում:
Երիցս տեսանելի է, որ անհիմն արագությամբ խտացող եւ ընդարձակվող Երեւանի բազմաթիվ նոր թաղամասերի կոմունիկացիոն ուղիների կրողունակությունը չի համապատասխանում ժամանակակից՝ առավել ագրեսիվ պայմաններին: Դրանց լծորդումը գոյություն ունեցող հնացած կոմունիկացիոն համակարգին՝ լուրջ խնդիր է 10-15 օրում Երեւանի նոր գլխավոր հատակագիծը նախագծողների համար: Եթե անկեղծ, ապա ջրամեկուսացման եւ ջրահեռացման խնդիրների լուծումները նույնն են, ինչ որ կային խորհրդային տարիներին, իսկ մայրաքաղաքը շարունակում է «ճոխանալ» իր դարն ապրած ինժեներական նորմերով եւ սպասարկման չկայացած տեխնոլոգիաներով:
Եվ այսպես, ավանդույթի համաձայն, հին երեւանցիները փոքր խմբերով, ամռան առավոտվա հովին կամ երեկոյան մեղմ զեփյուռին հավաքվում էին զրուցելու, լսածն ու տեսածը քննարկելու: Այս անգամ գլխավոր «քաղաքական» թեման հորդառատ անձրեւներն ու ռումբի պայթյուն հիշեցնող կայծակի դղրդյունն էին: Մոսկովյան մի հեռուստակայան իսկույն վազող տողով հայտնեց երեւանյան կայծակի մասին, եւ որ հայկական ատոմակայանն անջատվել է: Շատ չանցած՝ ատոմակայանը գործեց: Շատերը կայծակից անջատումը դիտարկեցին որպես ատոմակայանի չնախատեսված հաջողված փորձարկում: Այդուհանդերձ, հին երեւանցիների զրույցները լի էին լոկալ եւ գլոբալ քաղաքական հուզառատ մտքերով: Ահա դրանցից մի քանիսը:
- Այսօր անձի հանդեպ վերաբերմունք արտահայտողները շատ ավելի մեծ թիվ են կազմում, քան անձի ասելիքի հանդեպ իրենց ընկալումն ու կարծիքը հայտնողները: Ապացո՞ւյց. խնդրեմ, անվանարկումներն ավելի շատ են, քան տվյալ անձի ասելիքի գնահատականներն ու վերլուծությունները:
- Պատերազմն արհավիրք է, կարեւորը, որ այն կանխվի եւ եթե ընթացքի մեջ է, որքան հնարավոր է՝ շուտ դադարեցվի, հաշտություն կնքվի: Իսկ նրանք, ովքեր դա չեն անում ու չեն ուզում անել, պատերազմի հանցագործներ են:
- Ուրիշի ցավ չի լինում: Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը նույնպես մեր ցավն է: Իսրայել-Գազա պատերազմը նույնպես մեր ցավն է: Նման պատերազմներում անտարբերությունը նույնպես հանցագործություն է:
- Խելոքը փորձանքի դեպքում ելք է փնտրում եւ գտնում, իսկ հիմարը՝ մեղավորներ:
- Այսօր էլ տեղին է Նիկոլո Մաքիավելիի ասույթը, թե պատերազմները սկսվում են, երբ դու ցանկանում ես, բայց չեն ավարտվում, երբ դու կամենում ես:
- Գոյություն ունի, այսպես կոչված, Նոյել-Նորմանի «լռության պարույր» օրինաչափությունը, ըստ որի՝ մարդիկ հաճախ ձեւացնում են, թե ճղճղոցով ասված կարծիքը հասկանում եւ կիսում են, այնինչ չեն ցանկանում «սպիտակ ագռավ» երեւալ:
- Ճշմարտությունը դառն է լինում, սուտը քաղցր է, նունիսկ՝ համեղ: Մենք՝ հայերս, միայն դառը սուրճին ենք նախապատվություն տալիս:
- Հայաստանին սպառնացող վտանգը միջին վիճակագրական հայաստանցու գերազանցող տգիտությունն է:
- Քաղաքական կառույցը կարող է փլուզվել, բայց գաղափարը մնայուն (հարատեւ) արժեք է: Գաղափարը կարող է ինչ-որ պահ անտեսվել, հաշվի չառնվել, բայց այն չի մեռնում: Գաղափարակիրն է մահկանացու: Մեր նորագույն պատմության ընթացքում բազմիցս դրա ականատեսն ենք եղել: Չմոռանանք, որ այդ նույն պատմության ընթացքում անգաղափար քաղաքական կառույցներ են եղել, որ կարճ ժամանակ անց ոչ եւս են եղել: Քաղաքական առումով աքսիոմա է՝ եթե անունը կա, ամանում էլ պետք է լինի:
- ԱՄՆ-ի գերիշխող դերն աշխարհում առաջին հերթին տնտեսությամբ է պայմանավորված: Ռուսաստանն աշխարհում իր դերակատարումը մեծացնելու միայն մեկ գործիք ունի՝ ռազմական ուղի:
- Աշխարհի արեւմտյան հատվածն այսօր բախվել է (կրակն է ընկել) լայնածավալ արտագաղթի խնդրին: Ապշեցուցիչ է, որ համատարած արտագաղթողների գեթ մեկ խումբ չի բախում Ռուսաստանի դուռը: Մի փոքրիկ Հայաստանն ի՞նչ է, արի ու տես՝ արտագաղթողներ են եկել ու դեռ գալու են, որպեսզի Հայաստանի բնակչության 5 միլիոնը լրացնեն:
- Մի բան ասեմ՝ զարմացեք. Ռուսաստանում գործազրկությունը զրոյացել է, որովհետեւ ի՛ր աշխատուժը արտագաղթել է: Հայաստանի հնդիկները լավ էլ աշխատուժ են: Մերոնց վայել չէ այդ աշխատանքը, որովհետեւ նախապատվությունը տալիս են աղբամաններ քչփորելուն կամ դռնեդուռ ընկած՝ մատաղի փող կամ հիվանդ երեխայի բուժման համար դրամ հավաքելուն:
- Հայաստանի անկախ պետականությունը՝ հանձինս պետության եւ հոգեւոր գերագույն կառույց Հայ առաքելական եկեղեցու, ժողովրդի աներկբա ծառան է: Նրանց միջեւ պետք է լինի սերտագույն համագործակցություն՝ անկախ պետության ղեկավարի եւ եկեղեցու գահակալի անձերից: Այդպե՞ս է արդյոք... Մի սահմանազատման, սահմանագծման անառողջ գործընթացի վկաներն ենք, սկսե՞նք երկրորդը՝ պետություն-եկեղեցի սահմանազատում-սահմանագծումը... Եթե բանը հասնի դրան, շատերի կարծիքով՝ առաջինը կողջունեն Հռոմի պապն ու Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը:
Մարտին եւ Արամայիս Ասլանյաններ
Կարծիքներ