Երաժիշտ, միաժամանակ դիվանագետ եւ պետանվտանգության գնդապետ

Երաժիշտ, միաժամանակ դիվանագետ եւ պետանվտանգության գնդապետ

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր հոր` դեսպան, պետանվտանգության գնդապետ Արմեն Սարգսյանի կյանքի մասին բացառիկ մանրամասներով գիրք է գրել։ Այն կոչվում է «Մի կյանքից ավելի»։ Մոնթե Մելքոնյանին Հայաստան տեղափոխելու օպերացիայի հեղինակի, Աֆղանստանում հատուկ օպերացիաներ մշակողի, Հռոմի պապի հետ իր անձնական նախաձեռնությամբ հանդիպած պաշտոնյայի և պրոֆեսիոնալ ջութակահարի մասին է գիրքը։ Չէ, սա ամենևին էլ ֆիլմի սցենար չէ, այլ հուշագրություն:

- Պարոն Սարգսյան, Ձեր հեղինակած  «Մի կյանքից ավելի» գիրքն ավելի շատ գեղարվեստակա՞ն ստեղծագործություն է, թե՞ վավերագրություն:

- Կարծում եմ՝ այն կարելի է անվանել թե վավերագրություն և թե գեղարվեստական ստեղծագործություն: Գրքում կան հուշագրությանը բնորոշ տարրեր, կան տեղեկություններ Արմեն Սարգսյանի գործունեության հետ կապված: Հիմնական մասը վերաբերում է նրա պրոֆեսիոնալ գործունեությանն, ամենատարբեր ոլորտներում: Նա բազմակողմանի զարգացած մարդ էր, պրոֆեսիոնալ հետախույզ և հակահետախույզ, փայլուն երաժիշտ, լավ դիվանագետ: Նա իր բոլոր տաղանդները ծառայեցրել է մեր երկրին: Նվագել է տարբեր նվագախմբերում, համերգներ է ունեցել արտերկրում` ներկայացնելով Կոմիտասի երաժշտությունը:

- Որքա՞ն ժամանակ պահանջվեց Ձեզ այս գիրքը գրելու համար:

- Գրքի վրա աշխատել եմ ավելի քան 10 ամիս: Այդ ընթացքում հավաքագրում էի տարբեր տեղեկություններ` իր գործունեության հետ կապված, տարբեր հիմնարկներից տեղեկություններ ստացա պաշտպանության նախարարությունից, պետանվտանգության կոմիտեից, արտաքին գործերի նախարարությունից: Ես ինքս շատ փաստերի մասին չգիտեի: Հորիցս տեղեկություններ չեմ ստացել: Բոլոր տեղեկություններն այլ աղբյուրներից եմ տեղեկացել: Նա շատ գաղտնապահ մարդ էր: Իր գործունեության մասին առանձնապես չէր պատմում: Գիրքը բաղկացած է 130 էջից: Հետո կլինեն երկրորդ և երրորդ մասեր:

- Գիրքն ի՞նչ կտա ընթերցողին:

- Գրքում ներառված են պատմական վկայություններ, օրինակ, Մոնթե Մելքոնյանին գաղտնի Հայաստան տեղափոխելու օպերացիայի մասին, որն իրականացրել է Արմեն Սարգսյանը: Այս գիրքն ընթերցողին հնարավորություն կտա ծանոթանալ մեր հատուկ ծառայությունների բարձր պրոֆեսիոնալիզմին, թե ինչպիսի սպաներ են ծառայել համակարգում և այլն և այլն: Դրանք արժեքավոր տեղեկություններ են, որոնց մասին պետք է հանրությունն իմանա:

- Ո՞ր գրախանութներից կարող են ձեռք բերել գիրքը:

- Առաջիկա օրերին գիրքը կարող եք ձեռք բերել բոլոր գրախանութներից: