Եթե մեռնելը կա, էլ խռխռալը ո՞րն է

Եթե մեռնելը կա, էլ խռխռալը ո՞րն է

Լրահոսից տեղեկանում ենք, որ կառավարության եւ ՌԴ-ի միջեւ պայմանավորվածություն ձեռք կբերվի Գեղարքունիքի մարզի Սոթք-Խոզնավար հատվածում ռուս խաղաղապահների տեղակայման մասին, որից հետո հայկական զորքը դուրս կբերվի առաջնագծից։

Բանակցությունների փաստը հաստատել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
Փաստորեն, հասանք տեղ: Ստացվում է, որ ինքնիշխան պետություն հանդիսացող Հայաստանն ի վիճակի չէ պաշտպանել սեփական սահմանները:

«Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը, անդրա-դառնալով ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, նկատել է. «Փաշինյանի սահմանադրական մեծամասնությունը նշանակում է պետական ինքնասպանության շարունակություն, որը ստանում է ակտիվ ընտրող-ների մեծամասնության աջակցությունը»: 
Կոլերովը, հավանաբար, տեղյակ չէ, որ արդեն 100 տարի այդ ակտիվ մեծա-մասնությունն ասում է. «Մենք մեր վարուցանքին ենք, տղա ջան: Մենք առաջ կտրող չենք», մենք պետություն զարգացնողը չենք ու նրա սահմանները պահող չենք… հրեն ուռուսը… օրհնվի էն սհաթը…»:

Փաշինյանին դնենք մի կողմ, նա ՀՀ-ում բնակվող մարդկանց, բայց ոչ հայ ժողովրդի (ամբողջ պատմության ընթացքում ապրած ու ապրող ծագումով հայերի) քվինտէսենցիան է, թեպետ, գուցեեւ՝ հայ ժողովրդի: Փաշինյանին կարելի է համարել բացառիկ բացահայտում:

Ըստ Շոպենհաուերի եւ այլոց, բացառիկ բացահայտումներն անցնում են հանրաճանաչման երեք փուլ. 1. «Չի՛ կարող պատահել» (Գյումրիից մի քանի հոգով քայլելով՝ գնում էին մայրաքաղաք՝ իշխանությունը վերցնելու համար), 2. «Խելքին մոտ է» (երբ այդ մի քանի հոգին դարձան տասնյակ հազարներ, հարյուրավոր հազարներ), 3. «Իսկ այդ ո՞վ չգիտեր»...(իշխանությունը վերցնելուց հետո): Կա նաեւ այլ՝ չորրորդ փուլ. «Իսկ այլ կերպ ինչպե՞ս կարող էր լինել» (նախկինները կոռուպցիայի մեջ թաղված են եղել, թալանել են երկիրը, ծախել են Արցախը, համաձայնել են զիջել Սյունիքը): Եթե չկա վերջինիս հակասող որեւէ լուրջ փաստարկ (փաստորեն, չգտնվեց փաստարկ, թեպետ կոռուպցիայի եւ թալանի համար էլ ոչ ոք պատասխանատվություն չկրեց), ուրեմն այն ընդունվում է որպես միակ ճշմարիտը, մինչեւ երբեւէ դրա ժխտումը կամ լրացումը:

Հիմա, եթե հետագա զարգացումները բերելու են այն բանին, որ Հայաստանի պետական սահմանների ամբողջ երկայնքով ռուսական զորքերն են կանգնած լինելու (ասվածը որեւէ ենթատեքստ չի պարունակում Ռուսաստանի նկատմամբ), ապա ո՞րն է խնդիրը, որ Հայաստանը դե ֆակտո կարգավիճակը չի դարձնում դե յուրե. Հայաստանը՝ Ռուսաստանի կազմում: Ընդ որում, արդեն խոսք չի կարող լինել Բելառուսի նմանությամբ միութենական պետությանը միանալու մասին, քանի որ Հայաստանն արդեն կորցրել է իր ինքնիշխանությունը:

Ինչքա՞ն կարելի է աղքատ-հպարտ խաղալ: Նկատի ունենալով այն, որ Փաշինյանը, անկախ բոլոր ոլորտներում աննախադեպ տապալումներից (նշանակություն չունի՝ օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով), երկրորդ անգամ ստացավ ՀՀ քաղաքացիների վստահության քվեն (եկեք թողնենք մտավարժանքները. ընտրողների թվի կեսի կես եւ այլն), նա կարող է նախաձեռնել հանրաքվե՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու համար: Կանխազգալով որոշ աղքատ-հպարտ ու պոռոտախոս հայրենակիցներիս արձագանքը՝ կցանկանայի ասել. «Մեռնելը որ կա, խռխռալն էլ ո՞րն է»: Իսկ ամենահամառներին ու դժվար հասկացողներին խորհուրդ կտայի ռուսական սահմանապահների փոխարեն պահել իրենց երկրի սահմանները, անձամբ:

Այլ կերպ ասած, բոլորովին էլ նվաստացուցիչ չի լինի (եթե անկախ պետություն չես կարողանում զարգացնել, ուրիշ ի՞նչ է մնում), եթե Ռուսաստանի կազմում լինի Հայաստանը, քան եթե Ռուսաստանը վերահսկի մեր սահմանները, ինչ-որ միջանցքներ ու նման բաներ լինեն: Էլ ավելի պարզ. Հայաստանը պետք է գցել Ռուսաստանի «գրպանն» ու պրծնել գլխացավանքից, այնպես, ինչպես արվեց Արցախի պարագայում: Եվ մի կարեւոր հանգամանք․ ՌԴ-ի այդ նոր սուբյեկտի ղեկավարը չպետք է հայ լինի: Պարտադիր էլ չէ, որ ռուս լինի. կարող է լինել թաթար, ուդմուրտ, չեչեն: Իդեալական տարբերակով՝ ՌԴ-ի մի քանի ազգությունների ներկայացուցիչներին ցանկալի է նշանակել առանցքային պաշտոններում:

Ցինիզմ է, չէ՞:

Գագիկ Վարդանյան