Արձանամոլության նոր «զոհն» ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանն է

Արձանամոլության նոր «զոհն» ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանն է

Համացանցում հայտնվել է աշխարհահռչակ գիտնական, ՀՀ ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանի հուշարձանի նմուշը, որն, ըստ տարածված լուրերի, առաջիկայում նախատեսվում է տեղադրել Վանաձորում։ Բազմաթիվ օգտատերեր, այդ թվում նաև մասնագետներ իրենց վրդովմունքն են արտահայտել ներկայացված արձանի առնչությամբ՝ նշելով, որ այն անարգում է մեծանուն հայորդու կերպարը։ 

«Վանաձորում տեղադրվող արձանը սարսափելի է և ոչ պրոֆեսիոնալ, ռչ ճարտարապետություն կա, ոչ արձանագործություն։ Դա վարկաբեկում է ինչպես մեծանուն Համբարձումյանին, այնպես էլ՝ հայ ժողովրդին։ Այնպես որ, քննադատությունները տեղին են»,-մեզ հետ զրույցում նշեց ենք ճարտարապետ, ՃՇՀԱՀ դասախոս, պրոֆեսոր Հայկ Ասատրյանը, ով, ի դեպ, Երևանի կենտրոնում՝ Աբովյան և Տերյան փողոցների միջև գտնվող Ուսանողական պուրակում տեղադրված Վիկտոր Համբարձումյանի հուշարձանի հեղինակն է (տեղադրվել է 2009 թ․, քանդակագործ՝ Տարիել Հակոբյան): 

Դիտարկմանը, թե նույնիսկ կան այնպիսիք, որոնք պնդում են, որ պետք է քրեականացնել արձանների կամայական տեղադրումը՝ Ասատրյանն ասաց, որ արձաններ, անշուշտ, պետք է տեղադրվեն, բայց հորինվածքն իր ծավալատարածական լուծմամբ պետք է համահունչ լինի արդեն գոյություն ունեցող քաղաքաշինական միջավայրին։

Վերջին շրջանում, հատկապես Երևանում ավելանում են նոր հուշարձանները, ճարտարապետական տարատեսակ կոթողները, ինչի հետևանքով երևույթը վերածվում է համատարած արձանամոլության։ Հարցին, թե մասնագիտական համայնքն, ի՞նչ է, այս ամենը չի՞ նկատում, թե՞ իրենց չեն նկատում, կարծիքը հաշվի առնում, մեր զրուցակիցն ասաց․ 

«Դուք խոսում եք անվանի մարդկանց հուշաքարերի մասին։ Իհարկե, այստեղ նույնպես  հարկավոր է ցուցաբերել մեծ վարպետություն՝ հաշվի առնելով տեղանքը, չափը և օժտել գեղարվեստական արտահայտչականությամբ»

Բնականաբար, արվեստի որևէ գործեր, այդ թվում՝ արձանները, միանգամից չէ, որ արժանանում են հանրության դրական վերաբերմունքին, որովհետև տարբեր են թե՛ սովորական մարդկանց, և թե՛ մասնագետների ճաշակները, մոտեցումները և միայն Նորին գերազանցություն ժամանակն է վերջնական գնահատականը տալիս: 

Համակարծիք լինելով այս պնդման հետ, Ասատրյանն իր հերթին հավելեց․ «Այո,ժամանակն է որոշում, բայց ի սկզբանե լավ, ճաշակով, բարեխիղճ արված գործ երևում է»։

Արա Ալոյան