Եթե հանրապետության նախկին նախագահի խափանման միջոցը կալանքն ենք ընտրում, ունենում ենք քաղաքական դատավարություն․ Հրանտ Բագրատյան 

Եթե հանրապետության նախկին նախագահի խափանման միջոցը կալանքն ենք ընտրում, ունենում ենք քաղաքական դատավարություն․ Հրանտ Բագրատյան 

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կառավարությանն առաջարկել է արտակարգ դրության այս շրջանում ժամանակավորապես ազատել բանտից մի շարք դատապարտյալների։ Մանավանդ` ոչ ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվողներին։ Բագրատյանն առաջարկում է նրանց ազատ արձակել, անձնագրերը չտալ, կարելի է նաեւ թևերին թևնոց անցկացնել, որ հսկողության տակ լինեն։ Առաջարկը, սակայն, չի վերաբերում նրանց, որոնք ծանր հանցագործությունների համար են դատապարտվել՝ պետական դավաճանության, մարդասպանության, բռնաբարության համար և այլն։ Արդյունքում, ըստ Բագրատյանի, առնվազն երկու քրեակատարողական հիմնարկ կազատվեր, որը հետո, եթե կորոնավիրուսի բռնկումը շարունակվեր, կարելի կլիներ օգտագործել կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով։

«Այդ խցերը շատ հարմար են դրա համար, ընդամենը պետք է վերանորոգել։ Եթե իմ ասածն անեին, ահագին կշահեին, մի քանի հարյուր հոգի պակաս կվարակվեր»,-մեզ հետ զրույցում ասաց Բագրատյանը։ Իսկ ռիսկը մեծ չի՞ լինի, որ ազատության մեջ գտնվելով՝ այդ դատապարտյալները կշփվեն վարակվածների հետ և կդառնան պոտենցիալ վարակակիր ու տարածող, Բագրատյանն ասաց․ «Ոչ, ռիսկը մեծ չէր լինի, բոլոր առաջադեմ երկրները դա արել են, և նույնիսկ բռնապետական Իրանն է 85 հազար կալանավորի ազատել։ Էս նույն բանը մենք արել ենք երկրաշարժի ժամանակ, այսինքն՝ սա անծանոթ բան չի, սա նորմալ քայլ է, որը պետք էր ի սկզբանե անել»։

ՀՀ նախկին վարչապետին հարցրինք՝ իսկ իր առաջարկը նաև քաղաքական աղմկոտ գործերով կալանքի տակ գտնվող անձա՞նց է վերաբերում, օրինակ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով մեկ տարուց ավելի կալանքի տակ է, եւ գործով դատաքննության ավարտը չի երեւում, Բագրատյանն ասաց․ «Այո, իրենց մասին էլ է առաջարկս։ Բացի այդ, Քոչարյանի մասով՝ երկու տարի առաջ, երբ նրան բռնել էին, ես ասել էի, որ նման պարագայում, երբ խոսքը հանրապետության նախագահի մասին է, ու դեռ ապացույց պետք է գտնել, որ նա մեղավոր է, ես ասել էի, որ եթե մենք խափանման միջոցը կալանքն ենք ընտրում, ապա ունենում ենք քաղաքական դատավարություն»։