Մարգարիտա Սիմոնյանը չի զրկվել ազգությունից, դա զառանցանք է․ եկեղեցու պարզաբանումը

Մարգարիտա Սիմոնյանը չի զրկվել ազգությունից, դա զառանցանք է․ եկեղեցու պարզաբանումը

Ռուսալեզու, անհայտ ծագման կայքեր ( news.myseldon.com ) գրել են, թե իբր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը «Ռաշա Թըդեյ» լրատվականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին զրկել է հայ ազգությունից։ Այս տեղեկությունը լայնորեն տարածվում է ռուսական մեդիատիրույթում։ Կայքը գրել է, թե իբր Կաթողիկոսն արարողությունն անցկացրել է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։

Ըստ կայքի՝ պատճառն էլ Մարգարիտա Սիմոնյանի հայտնի հայտարարությունն է եղել։ Թեմայի առնչությամբ պարզաբանում խնդրեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանից։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ եկեղեցին ուղղակի նման արարողություն չունի, դա կատարյալ սուտ է․

«Ամենայն Հայոց Կաթողիկոսը որևէ մեկին ազգությունից իրավասու չէ զրկելու։ Նման արարողություն պարզապես գոյություն չունի։ Վեհափառ Հայրապետը իրավասու է Հայոց Եկեղեցու անդամին զրկել Սուրբ Հաղորդությունից, սահմանել այլ պատիժներ գործած զանցանքների, մեղքերի համար և ծանրագույն դեպքում՝ անդամակցությունից։ Կեղծ լուր է, որը նպատակ է հետապնդում ջլատելու մեզ և մոլորեցնելու։ Այս ամենը հրամայական է դարձնում մեր ներազգային համերաշխության և միասնականության վերականգնումը»,- ասաց Վահրամ քահանան՝ հավելելով, որ տվյալ պարագայում Մարգարիտա Սիմոնյանի հետ կապված որևէ տեսակի արարողություն եկեղեցում չի կատարվել։