«Հրապարակ»․ Գորիսի ավագանին որոշել է չենթարկվել դատարանի որոշմանը
Մենք դեռ հունիսի 11-ին էինք գրել, որ «Առուշ Առուշանյանը կարող է զրկվել համայնքապետի պաշտոնից»: Այդ ժամանակ դեռեւս ուժի մեջ մտած դատավճիռ չկար, բայց ապրիլին արդեն գործը հասել էր Վճռաբեկ դատարան, եւ Գորիսի համայնքապետն ու նրա փաստաբանը սպասում էին վճռաբեկի որոշմանը: Բայց գրել էինք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022թ․ մարտի 28-ին հրապարակել է Առուշ Առուշանյանի եւ մյուսների գործով դատավճիռը, որով Առուշանյանն արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, որին հաշվակցելով Առուշանյանի՝ 8 ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը, որպես վերջնական պատիժ, սահմանել է 6 ամիս ժամկետով ազատազրկում, որը պայմանականորեն չի կիրառվել. դատարանն Առուշանյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանել 1.5 տարի ժամկետով, միեւնույն ժամանակ, պատիժ է կիրառվել տուգանքի ձեւով, եւ որոշվել է «5 տարի ժամկետով սահմանափակել ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքը»։ Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանը եւ ամբաստանյալներից եւս երկուսը՝ Սամվել Դինունցը եւ Հրայր Բաղդասարյանը, արդարացվել են, իսկ Էրիկ Աղաջանյանը եւ Հարութ Լալազարյանը մեղավոր են ճանաչվել։ Նշել էինք նաեւ, որ մեղադրողն Առուշանյանի համար պահանջել էր 9,5 տարվա ազատազրկում, եւ, ըստ էության, դատարանը «համարձակ» քայլի էր գնացել` նման դատավճիռ արձակելով:
Երեկ տեղեկացանք, որ Առուշ Առուշանյանի նկատմամբ դատավճիռն արդեն ուժի մեջ է մտել: Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Նորայր Շողիկյանից ճշտել ենք, որ Պրոբացիայի ծառայությունն Առուշանյանին հրավիրել է գրասենյակ, վերցրել հաշվառման, ներկայացրել 3 դատական ակտ։ «Մեկով Առուշանյանը տուգանվել է 700 հազար ՀՀ դրամով, մյուսով պետք է անցնի մեկ տարի եւ վեց ամիս փորձաշրջան, իսկ երրորդով՝ հինգ տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոններ»,- ասաց Շողիկյանը։
Բայց այստեղ արդեն խաղի մեջ է մտել Գորիսի ավագանին, որը երկուշաբթի օրը նիստ է արել, քննարկել Պրոբացիայի ծառայության գրությունը, արձանագրել, որ դատական ակտով նշանակված պատիժը` պաշտոնավարելու իրավունքից 5 տարի զրկելը` որպես հիմք, նախատեսված չէ ՏԻՄ օրենքով ընտրված քաղաքապետին պաշտոնանկ անելու համար, եւ որոշել է չկատարել դատարանի որոշումը։
Մեզ հետ զրույցում Առուշանյանի փաստաբան Դավիթ Կարապետյանն ասաց. «Առուշան Առուշանյանը շարունակում է պաշտոնավարել, ավագանին արձանագրել է դատարանի վճռով նշանակված կոնկրետ պատժատեսակով պաշտոնի դադարեցման անհնարինությունը»։ Փաստաբանի խոսքով՝ այդ պատժատեսակը նշանակվել է նախկին Քրեական օրենսգրքի 308 հոդվածով։ «Այդ դատական ակտը մենք բողոքարկել էինք Վերաքննիչ դատարան՝ ամբողջությամբ արդարացնելու պահանջով, դատախազությունը բողոքարկել էր՝ արդարացված հոդվածները բեկանելու եւ մեղադրական դատական ակտ կայացնելու պահանջով։ Վերաքննիչը մերժել էր երկու բողոքն էլ, հետո երկու կողմն էլ դիմել են Վճռաբեկ դատարան՝ նույն պահանջով, երկուսի բողոքն էլ վարույթ չի ընդունվել։ Ուստի 2022թ․ մարտի 28-ի դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ Քանի որ պատժատեսակներից մեկը վերաբերում է ՏԻՄ մարմիններում 5 տարի ժամկետով պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելուն, Պրոբացիայի ծառայությունը կատարողական գործողություններ է սկսել` դիմել է ավագանուն, որ Առուշ Առուշանյանի պաշտոնավարումը դադարեցնեն։ Ավագանին որոշումը չի կայացրել, որովհետեւ «ՏԻՄ մարմինների մասին» օրենքն ընտրովի համայնքի ղեկավարին պաշտոնազրկելու սպառիչ հիմքեր է նախատեսում։ Ավագանին, երկուշաբթի օրը կայացրած նիստում քննարկելով Պրոբացիայի ծառայության գրությունը, արձանագրել է, որ դատական ակտով նշանակված այս կոնկրետ պատժատեսակը որպես հիմք նախատեսված չէ ՏԻՄ օրենքով ընտրված քաղաքապետին պաշտոնանկ անելու համար»,- մանրամասնեց պաշտպանը։
Նա նաեւ նշեց, որ Առուշ Առուշանյանը վիճարկել է Պրոբացիայի ծառայության գործողությունները՝ բողոք է ներկայացվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, այն փաստարկով, որ Պրոբացիայի ծառայությունը նման հարցով իրավասու չէ դիմել համայնքի ավագանուն։
Կարծիքներ