«Կիսաբաց լուսամուտները» կեղտոտ մի բան է, որը հրամցվում է մեր ազգին․ Քաղաքացին՝ ընդդեմ թոք շոուի

«Կիսաբաց լուսամուտները» կեղտոտ մի բան է, որը հրամցվում է մեր ազգին․ Քաղաքացին՝ ընդդեմ թոք շոուի

Երկրի գլխավոր «թիվ մեկ» թոք շոուն՝ «Կիսաբաց Լուսամուտներ»-ը տարիներ շարունակ քննադատությունների է ենթարկվում՝ մարդկանց խայտառակելու, նրանց «սպիտակեղենը» հանրայնացնելու համար։ Քննադատողներից մեկն էլ մեզ ահազանգած Գայանե Մարգարյանն է, որը, նշում է, որ այնտեղ չեն ներկայացնում իրականությունը: 

«Վերջ չկա»․ ահա այսպես է վերնագրված այն հաղորդումը, որի վերաբերյալ էլ մեզ ահազանգել է տիկինը։ «Այնտեղ Հրաչն է, այլ մարդիկ են խոսում, բայց պատասխանող չկա։ Այս հաղորդման ընթացքում քրոջս տղան ներկայացնում է մոր վատ լինելը եւ հոգեկան վիճակը, բայց այնտեղ ոչ ոք չի քննարկում, թե այդ տղան ինչեր է արել, նպաստել է, որ այդ կինը նման վիճակի է հասել»,-նշում է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ հաղորդման հեղինակները չեն ցանկացել երկկողմանիություն ապահովել, ինքը ծանոթի միջոցով կապ է հաստատել, իր տեսակետը հայտնել, որը հաղորդման ընթացքում կիսատ-պռատ է ներկայացվել․ «Ձայնագրություններ, նկարներ, ինչ-որ ես ներկայացրել եմ «Կիսաբացին», իրենք ոչինչ չեն ներկայացրել, չնչին մի բան են ցույց տվել՝ կասկածանքի տեղիք տվող, որ մարդիկ սկսեն մեղադրել։ Միակողմանի է ներկայացվել։ Կուզեմ, որ ժողովուրդը հասկանա, որ սա կեղտոտ մի բան է, որը հրամցվում է մեր ազգին։ Այնտեղ լուրջ մասնագետներ են նստած, ինչպե՞ս են խոսում, անգամ տարրական կուլտուրա չունեն։ Եթե ինձ չեն ճանաչում, ինչպե՞ս են իմ մասին խոսում»։

Հաղորդումից հետ տիկին Գայանեն կապ չի հաստատել «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման անձնակազմի հետ․ «Սա պետք է արվի բարձր մակարդակով, ես իրենց մոտ չեմ գնա․․․․Դա ցինիկություն է, արդարամիտ լրագրողը պետք է ճշտի մանրամասները։ Հրաչը, մյուսները, որոնք չեն երևում, եւ հյուրերը, նպաստում են, որ այս ամենը ավելի խորանա։ Ինչի՞ եք նկարում, ո՞րն է ձեր հաղորդման օգուտը»։

Ըստ մեր զրուցակցի՝ հաղորդման վարող Հրաչ Մուրադյանը փետրվարին հեռարձակված այս հաղորդման անոնսը կրկին թարմացրել է սոցցանցերի իր էջերում, որպեսզի պատասխանողի կողմին «տանի տաղավար»։

«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի գլխավոր խմբագիր Երվանդ Մարգարյանն արձագանքեց մեզ ահազանգած կնոջ խոսքերին․ «Մենք զանգահարել ենք տիկին Գայանեին, խնդրել ենք իր կարծիքը ասի, ինչ-որ արտահայտել է՝ մենք հրապարակել ենք։ Մենք որեւէ անգամ որեւէ կողմին թերի կամ ոչ լիարժեք չենք ներկայացրել։ Նման բան չի եղել։ Տիկին Գայանեի հետ զրույց է եղել, որը հրապարակվել է։ Խնդիրն ինչո՞ւմն է, որ իր քույրը տանն աղբ է հավաքում, եթե 80-նն անց իր մայրը վատ է զգում հաղորդման համար, գուցե տիկին Գայանեն մտածի, որ իր քույրն իրավունք ունի արժանապատիվ ապրելու»։

Հաղորդման գլխավոր խմբագրի խոսքով՝ իրենք զրուցել են տղայի մորաքրոջ, համատիրության աշխատակցի հետ, այսինքն՝ միակողմանի չի եղել հաղորդումը․ «Եթե մենք մենակ այդ տղային բերեինք, լսեինք ինչ է ասում, կասեինք՝ հա, միակողմանի է, բայց մենք մորաքրոջն ենք լսել, փորձել ենք համատիրությունից պատասխան ստանալ»։