«Հրապարակ»․ ԿԿՀ-ն անդեմ, անբովանդակ բանի է վերածվել

Իշխող «Քաղպայմանագիր» խմբակցությունն ԱԺ-ում հերթական անգամ տապալեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունը: ԿԿՀ անդամի պաշտոնի համար առաջադրվել էին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարչության նախկին պետ Նարինե Ավետիսյանը եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախկին փորձագետ Վաղարշ Աղաբեկյանը: Դեռեւս անցած տարվա օգոստոսից այս կարեւոր հանձնաժողովը, որը բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի բացահայտմամբ, նրանց եկամուտների հայտարարագրերի ստուգմամբ պետք է զբաղվի, նախագահ չունի, քանի որ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանին ՔՊ-ն չվերընտրեց այդ պաշտոնում։ Զրուցել ենք Հայկուհի Հարությունյանի հետ։
- Խորհրդարանի հերթական սաբոտաժը Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք, Դուք աշխատել եք Նարինե Ավետիսյանի հետ, արդյոք նա «մերժվելու» արժանի՞ թեկնածու էր, թե՞ ՔՊ-ն ուղղակի հնազանդներին է փնտրում, որ իրենց խախտումները չնկատեն։
- Ես չէի ուզենա անձերի վերաբերյալ մեկնաբանություն անել՝ անկախ այն բանից, որ Նարինեի հետ աշխատել եմ, որովհետեւ կողմնապահ կհնչի իմ կարծիքը։ Ինչ վերաբերում է գործընթացին, ապա այն զարմանալի չէր․ այսօրվա իրավիճակն ակնհայտ էր դեռեւս անցած տարվա օգոստոս ամսվանից, երբ պատասխանատվություն կրող քաղաքական ուժը գործընթացն օրենքով սահմանված ժամկետներում չկատարեց։
- Նկատի ունեք, որ Ձեր պաշտոնավարման ժամկետը դեռեւս օգոստոսին էր լրացել, սակայն ԿԿՀ նախագահի ընտրությունը կազմակերպվեց դեկտեմբերի՞ն։
- Այո, իմ մասնակցությամբ գործընթացն արդեն իսկ օրենքի խախտմամբ էր, եւ քանի որ այդ խախտումներին պատշաճ արձագանք չտրվեց, ինձ համար դեռեւս այդ ժամանակվանից այսպիսի սցենարը բացարձակ կանխատեսելի էր: Այդ փաստը հետագայում նաեւ միջազգային արձագանք գտավ, որը սահմանային եւ այլ խնդիրների պատճառով ստվերվեց։ Խոսքը ԵԽԽՎ զեկույցի մասին է, որը ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ իր գնահատականներում ինձ հղում անելով, այդ գործընթացը որակել է քաղաքականացված, նաեւ նշելով, որ այդ հարցին առաջարկում են ուշադրություն դարձնել, որպեսզի թափուր հաստիքները լրացնելիս այդ տեսակի ռիսկերն ու վտանգները չեզոքացվեն։ Գործընթացը նույն սկզբունքով շարունակելու միտումն արդեն ինձ համար կանխատեսելի էր դարձրել նման ելքը։ Եթե հիշում եք՝ իմ ընտրության ժամանակ երբ ինձ հարց ուղղվեց` Հերիքնազ Տիգրանյանի կողմից գործընթացի կազմակերպման վերաբերյալ, ես չթաքցրի, որ, այո, ինձ համար այս գործընթացը, այն սկզբունքով, որ կազմակերպվում է, անընդունելի է։ Բերեցի նաեւ Ալբանիայի օրինակը, որ, օրենքի կարգավորումներից զատ, եթե իրավունքի ուժով թեկնածուներին ԱԺ են ներկայացնում, իսկ ԱԺ-ն էլ նման վարքագիծ է դրսեւորում, ինչը բոլոր իրավական նորմերին դեմ է, իրավունքի ուժով` ցուցակով ներկայացված անձինք համարվում են ընտրված, որպեսզի ժողովրդավարական ինստիտուտների էությունը չտուժի, իսկ այս դեպքում, երբ տոտալ վերահսկվում է մեկ ուժի կողմից եւ հենց այդ ուժի քվեարկությամբ է ձեւավորվում, արդեն բոլոր տեսակի ժողովրդավարության սկզբունքների խաթարում է։
- Ի վերջո, ո՞րն է իշխանության նպատակը, մինչեւ ե՞րբ կարող է հանձնաժողովը գլխատված մնալ, եւ այս կարգավիճակով այն լիարժեք գործունեություն կարո՞ղ է ծավալել։
- Ես պիտի հիշեցնեմ ԵԽԽՎ-ի՝ 3 տարի առաջվա զեկույցը, որը գնահատելով Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտները՝ բարձր էր գնահատել հանձնաժողովի ձեւավորման փաստը։ Այսինքն՝ ՀՀ-ում իշխանության բաշխման ավանդական սցենարը խախտված էր, եւ դա գնահատել էին նաեւ դրսի սուբյեկտները, գնահատել, որ խաղի կանոնները փոփոխված են, այն մանդատը, որ տրված է ԿԿՀ-ին, եւ այն կազմն ու նախագահի՝ որպես այն ժամանակ ընդդիմության թեկնածուի, նշանակումը լուրջ առաջընթաց է։ Այսինքն՝ ներդրվել էր մարմին, որի անկախության վերաբերյալ այդ պահին երաշխիքները բարձր էին դրված, պատասխանատվություն ստացած անձինք՝ հանձին ինձ, այդ անկախությունը գործառնական մակարդակում իրացնում էին։ Պատկերացրեք՝ երբ ձեւավորված իշխանությունն ունի բացարձակ մեծամասնություն գրեթե բոլոր ճյուղերում, բայց մի օղակը դուրս է մնում, դա արդեն իսկ ամբողջ համակարգի երերման հիմք է հանդիսանում։ Որքան էլ թվա, թե այդ կառույցն ավելի քիչ լծակ ունի, այդպես չէ, նշանակում է՝ այնտեղ խրված միավոր կա, որն ընդգծված տարբերվում է քաղաքական մեծամասնության կուրսից եւ պետական ինստիտուցիոնալ մոտեցումների հաշվին կարող է վտանգել նաեւ իշխանությունը՝ լավ իմաստով: Իշխանության սխալների, բոլոր տեսակի ռիսկերի արձանագրումը բերելու էր վերջիններիս հաշվետվողականության ավելի բարձր մակարդակի։ Ուստի, իմ կարծիքով, հաշվի առնելով հետագա զարգացումները, նման կերպ վարվեցին, որովհետեւ իրենց համար ոչ ցանկալի սցենար էր, եւ քանի որ այդտեղ նաեւ իմ նախկին գործընկերները՝ ՀԿ ներկայացուցիչները, ցավոք, կիսեցին այդ մոտեցումը կամ շահը, ստացվեց, որ գնաց ավելի շատ իշխանական օժանդակություն, քան ինստիտուցիոնալ ընկալում։ Հետեւաբար, մարմինը դարձավ ոչ մի բան։
- Օրենքը կարգավորումներ չի՞ նախատեսում, առանց ղեկավարի հանձնաժողովը որքա՞ն կարող է աշխատել, ստացվում է՝ անվերջ կարող են չընտրել, բայց անունով` Հայաստանում կա նման կառույց։
- Հանձնաժողովը չի կարող առանց նախագահի գործել։ Բացի այդ, որեւէ մեկը չի բարձրաձայնում՝ 3 անդամով գործող կառույցն ի՞նչ որոշումներ է այս ամիսներին կայացրել, մասնագիտական եւ դրա ազդեցության տեսանկյունից որոշումներ կայացնողներն ի՞նչ հնարավոր պատասխանատվության կարող են արժանանալ եւ հաշվետվողականություն կրել` չկա ոչ մի բան։ ԿԿՀ-ն անդեմ, անբովանդակ բանի է վերածվել, որի պատասխանատվությունը որեւէ մեկը չի ուզում ստանձնել:
- Ներկա կարգավիճակում, օրենքով՝ հանձնաժողովը պետք է լուծարվի՞, թե՞ ոչ։
- Նախագահի պաշտոնակատար կա, բայց էլի՝ խախտումներով։
- Եթե չեմ սխալվում` օրենքով ԿԿՀ անդամներից ավագը պետք է լիներ պաշտոնակատար, բայց այդպես չէ։
- Այո, թույլ տվեք չմեկնաբանել։ Եթե այս հարցերը նույն Ազգային ժողովին չեն հետաքրքրում, ապա ի՞նչն է հետաքրքրում։
- Կարո՞ղ ենք արձանագրել, որ իշխանությանը կոռուպցիայի դեմ պայքար, հետեւաբար` նման կառույց պետք չէ։
- Ես դեմ եմ նման ընդհանրացումներին, որովհետեւ իշխանությունն էլ բազմաշերտ ու բազմաբովանդակ է։ Մենք այդպիսով պատասխանատվությունից հեռացնում ենք իրական պատասխանատուներին, երբ ընդհանրական իշխանություն ենք ասում։
- Կուզեք՝ ուղիղ ասեմ․ Նիկոլ Փաշինյանին պետք չէ՞․․․
- Խնդիրը հենց այդ է, որ մենք կոնկրետ անձանց, ընդ որում՝ շատ ավելի բարձր պաշտոն զբաղեցնող անձանց ենք թիրախավորում, ու գործառնական մակարդակում իրական պատասխանատուները շարունակում են գործել, մինչդեռ պետք է իրենց արածի համար պատասխան կրեին։ Հանձնաժողովի ձեւավորման գործընթացը հստակ ընթացակարգ ունի, նախ՝ Մրցութային խորհուրդ է ձեւավորվում, դրա ե՛ւ ձեւավորումը, ե՛ւ գործընթացի օրինականության ու արդյունքների պատասխանատվությունը կրողն ԱԺ-ն է: Եթե ուզում եք անձանց մատնանշել, եկեք ճիշտ մատնանշենք։ Որովհետեւ, երբ ասում ենք իշխանություն, իրենց էլ է դա ձեռք տալիս, մատնանշում եք անձի, ում, ենթադրաբար, այս գործընթացը հասանելի չի եղել։
- Դա միայն Ձեր ենթադրությունն է, որովհետեւ իրականում այս խմբակցությունն առանց Նիկոլ Փաշինյանի ոչինչ չի անում։
- Ես չեմ ուզում այդ մոտեցումը խթանել, նույնիսկ ենթադրաբար` եթե Ձեր ասածն է, դա ժողովրդավարություն չէ, հետեւաբար, եթե ուզում ենք այդ ստանդարտներին գոնե մոտենալ, պիտի աշխատեցնենք այն օղակները, որոնք կրում են պատասխանատվություն։ Ինձ չի հետաքրքրում այն կոմբինացիան, ինչն այս պահին հարմարեցված է համակարգին կամ անձանց, ինձ հետաքրքրում է` օրինական գործունեությունը, գործունեության պատասխանատվությունը բաշխվա՞ծ է ԱԺ-ի կոնկրետ անձանց միջեւ, ես իրենցից եմ ուզում պատասխանները: Եթե իրենք համարձակություն ունեն ասելու` մենք չենք, կոնկրետ անձն է, թող ասեն, քանի դեռ չեն ասել, ուրեմն իրենք են կրում պատասխանատվությունը։
- ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի ղեկավարած Մրցութային խորհուրդը հավանություն էր տվել այս թեկնածուներին, որոնց հետո ԱԺ-ն մերժեց: Ո՞նց հասկանանք՝ եթե չէին համապատասխանում այդ պաշտոնին, ինչո՞ւ էր հավանություն տվել։
- Կարծում եմ՝ դա էլ ձեւական մոտեցում է, քանի որ ընդգծված կերպով օրենքի խախտումը` իմ նախկին գործընկեր ՀԿ-ների օժանդակությամբ էլ այլեւս ծածկել չի լինում, իրենք ձեւական կազմակերպեցին, որպեսզի այս տեսակ հարցերի համար պատասխանատվություն չստանձնեն, հետո ստացվում է ինչ-որ անդեմ զանգված ԱԺ-ում, որ պետք է որոշում կայացնի` չի կայացնում, պատասխանատվությունը գցում են ԱԺ-ի վրա, դե հիմա թող խմբակցությունը պատասխանատվություն կրի: Իրենք էին, չէ՞, մեծ-մեծ խոսում, որ ավելի լավ հանձնաժողով ենք ուզում, այսինչ հարցերից դժգոհ ենք, բա ո՞ւր է, ես էլ եմ, որպես քաղաքացի, ուզում տեսնել այդ հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը։
Կարծիքներ