Դեռ ՔՊ-ական չէ, բայց իրեն ՔՊ-ին համահունչ է զգում

Դեռ ՔՊ-ական չէ, բայց իրեն ՔՊ-ին համահունչ է զգում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմում այն քչերից է, որ դեռ չի անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Թվում էր, թե Ավանեսյանը, լինելով Փաշինյանի կառավարության անդամ, չի ցանկանում ՔՊ-ականի դրոշմը կրել իր ճակատին, բայց այսօրվա մեր զրույցից հասկացանք, որ նա իրեն նվիրյալ ՔՊ-ականի պես է պահում, որպեսզի հանկարծ չվտանգի իր պաշտոնն ու ցույց չտա, թե ինքն այս թիմի մաս իրեն չի համարում կամ չի ուզում անդամագրվել իշխանական կուսակցությանը։

«Երբևէ կուսակցական չեմ եղել, բայց, իհարկե, մշտապես դիտարկում եմ լինելու, հարելու որևէ կուսակցության, և երբ որ որոշումս կայացնեմ, կդիմեմ այդ կուսակցությանն անդամագրվելու, որը նշում եք»,-ասաց Ավանեսյանը՝ այնուամենայնիվ չտալով անգամ այդ կուսակցության անունը։

Իսկ ի՞նչ պետք է լինի, որ այդ որոշումը վերջնականապես կայացնեք, Ավանեսյանն ասաց․ «Նախ՝ պետք է համահունչ լինի քաղաքական հայացքներիս, ինչը որ տեսնում եմ, այո, այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առավելագույնն է արտահայտում մեր երկրի առջև կանգնած խնդիրների լուծման տարբերակները։ Ընդհանրապես, մարդը կուսակցությանը հարում է, եթե այդ կուսակցության քաղաքական հայացքները համահունչ են իր քաղաքական հայացքներին»։ Այսինքն՝ դեռ ամբողջությամբ համահո՞ւնչ չեն։ «Չէ, ես ասում եմ, որ հենց համահունչ են, դրա համար էլ, անդամագրվելու պարագայում, կդիտարկեմ հենց առաջինը ՔՊ-ն»։