Նրանք ոչինչ չեն տեսել, նրանք իշխանության կողքին են

Նրանք ոչինչ չեն տեսել, նրանք իշխանության կողքին են

Հայկական «Ջիջի» ընկերության դեմ քրեական վարույթը փոթորիկի ազդեցություն ունեցավ հանրության վրա: Նախօրեին Բագրատ սրբազանի շարժումը ողջունած հայտնի գործարարի գրասենյակում իշխանությունն անմիջապես խուզարկություն ձեռնարկեց, իրեր առգրավեց` փորձելով խոչընդոտել ընկերության բնականոն աշխատանքը, ինչը հնարավոր չէր այլ կերպ մեկնաբանել, քան որպես քաղաքական հետապնդում, ինչն այս իշխանությունն անում է անթաքույց, մեծ ցինիզմով եւ ցուցադրաբար: Ընկերությունը, ի պատասխան ռեպրեսիաների, հայտարարություն է տարածել, նշել, որ հարուցված քրեական վարույթն ակնհայտորեն անհիմն եւ անօրինական է: Աշխարհում Հայաստանից բացի կա՞ն այլ երկրներ, որոնց իշխանություններն իրենց հայտարարում են դեմոկրատ, բիզնեսին աջակցելու ներկայացումներ են բեմադրում, սակայն իրենց քննադատող, իրենց քաղաքականությունը չկիսող գործարարներին փորձում են լռեցնել բոլոր հնարավոր ապօրինի ճանապարհներով: Արագ քայլերով դեպի բռնապետություն գնացող փաշինյանական ռեժիմը չի վախենում ո՛չ սեփական, ո՛չ միջազգային հանրության գնահատականներից, սանկցիաներից, գործարարների կազմակերպված ընդվզումից: Իսկ ինչպե՞ս են վերաբերվում հայաստանյան գործարարները կատարվածին, դատապարտո՞ւմ են կատարվածը, թե՞ համեստորեն լռում են, որովհետեւ այդ ուղտը դեռ իրենց դռանը չի չոքել: 

«Արտ լանչ» ընկերության սեփականատեր Բակուր Մելքոնյանին հարցրինք ` ի՞նչ է մտածում կատարվածի մասին, նորմա՞լ է, որ գործարարի հետ այսկերպ են վարվում իշխանությունները։ Մելքոնյանը նշեց. «Ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը, երկար ժամանակ Հայաստանում չեմ, հիմա էլ ռոումինգով եմ խոսում»: Անգամ Հայաստանում չլինելու պարագայում անհնարին է, որ ակտիվ ֆեյսբուքիստ Մելքոնյանը տեղյակ չլիներ այս իրադարձություններից, որովհետեւ 2 օր է՝ Ֆեյսբուքն ուղղակի ճչում է այս մասին, մարդիկ ֆլեշմոբեր են անում, վերաբերմունք են արտահայտում: Այս պատասխանը մի բանի մասին է վկայում` պետական տարբեր տենդերների խոշոր շահող Բակուր Մելքոնյանը զգուշանում է, չի ուզում արտահայտվել եւ փչացնել իշխանությունների հետ իր հարաբերությունները:

Գործարար Սիլվա Համբարձումյանը, ով հայտնի է նախկին իշխանությունների դեմ տված ցուցմունքներով, «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ նման երեւույթներն իր համար ընդունելի չեն, սակայն ինքը չի հավատում, որ Փաշինյանի իշխանությունը կարող է նման քայլերի դիմել, այ, նախկիններից հավատում է, ավելին` ասում է, որ նախկին իշխանություններն իր հետ նման անարդար ձեւերով բազմիցս են վարվել, ինչ վերաբերում է այսօրվա իշխանություններին, Սիլվա Համբարձումյանը կարծում է, որ 2018-ից հետո Հայաստանում բիզնես ոլորտը ծաղկում է. «Ի՞նչ կապ ունեն գործարարի հայացքները: Ես հիմա նման երեւույթներ չեմ տեսնում, որքան նախկինների ժամանակ: Կոնկրետ ինձ վրա ես դա զգացել եմ` նախկինների ժամանակ: Ես աշխատում էի, ինձ անօրինական զրկեցին, էնքան շատ էին օրինակները, ինձ քանի անգամ զրկեցին, ծախեցին լրիվ…. Հազար անգամ այդ մասին ես խոսել եմ: Ես հիմա նման բաներ չեմ լսել, առաջ կար հարյուր տոկոսով: Ինչ վերաբերում է այսօրվան, ապա ասեմ, որ ինձ համար բիզնեսի համար 2018-ից հետո լավագույն ժամանակաշրջանն է, որովհետեւ չեն ստիպում գերավճարներ փոխանցենք, հակառակը` գերավճարներ եթե ունենում ենք, առանց մեզ վերադարձնում են, ես սենց ժամանակաշրջան երբեք չեմ հանդիպել իմ կյանքում։ 30 տարի է՝ բիզնեսի մեջ եմ, Նիկոլի ժամանակներն ամենալավ ժամանակներն են»: Ձեզ համար լավագույն շրջանն է, այլոց, օրինակ` «Ջիջի» տաքսի ծառայության սեփականատեր Խաչատուր Գրիգորյանի համար վատագույն շրջանն է։ «Գիտեք ինչ, ես չեմ կարծում, որ այդ գործը լինի նրա հայացքների համար: Լիքը նման հայացքներով մարդիկ փողոցներում են, նրանց մի բան արե՞լ են: Երեւի մի խնդիր ունեն, հիմա էդպես են պատճառաբանում: Ես դեմքով լիքը բիզնեսմեններ եմ տեսել փողոցում, անուններ տալու իրավունք չունեմ: Հարկայինում կարող է խնդիր ունի, լիքը մարդ գիտեմ, չեն վճարում, հետո լիքը տուգանքներ են դնում վրաները»,- ասաց Համբարձումյանը: