Ոստիկանությունն ու դատախազությունն անցել են գործի

Ոստիկանությունն ու դատախազությունն անցել են գործի

Մենք գրել էինք, որ գիշերը Մեղրիում ձերբակալություններ են լինելու։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հրաման է տվել ՝ գիշերը «հավաքել» Մեղրիի այսօրվա ակտիվ տղաներին, որոնք հայհոյում եւ անպատվում էին իրեն։ Եւ դրա համար հիմա իրենց լրատվամիջոցներով, կողմնակիցներով ֆոն են ապահովում, որ դա կազմակերպված էր, Մեղրիի քաղաքապետի անունն են շոշափում։ Գրում են, որ դա հանցագործություն է եւ խուլիգանություն։

Պարզվում է, որ մինչ Փաշինյանը Սյունիքում է, դատախազությունն ու ոստիկանությունը արդեն իսկ գործի են անցել, դատախազությունից հաղորդել են, որ ոստիկանությանը հանձնարարվել է Սյունիքում կատարված դեպքերի առնչությամբ նյութեր նախապատրաստել։ Այս պահին բերման ենթարկվածներ չկան, թերևս ոստիկանությունը սպասում է, որ Փաշինյանը լքի Սյունիքը, որպեսզի իրականացնի օպերացիան, հատկապես, որ մարդկանց տներից բերման ենթարկելու փորձ ոստիկանությունը ունի․ այդպիսի օպերացիաներ ոստիկանությունը բազմիցս իրականացրեց Տավուշի մարզում, երբ տավուշցիները բողոքում էին ծառահատման արգելքի դեմ։

Հիշեցնենք նաև, որ մենք գրել էինք, որ շուրջ 2 հազար ոստիկան է Երևանից ուղարկվել Սյունիք, վերջին տվյալներով՝ ոստիկանության մեծաթիվ զորքերը Գորիսում են։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Սյունիքում են նաև Ոստիկանապետ Վահե Ղազարյանն ու ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։ Եթե իշխանությունը որոշի նման ռեպրեսիվ մեթոդներով, բիրտ ուժ կիառելով ու բերման ենթարկելով, քրեական գործեր հարուցելով զսպել իրենից դժգոհությունները, ապա դա իրավիճակը ավելի կշիկացնի, և, ըստ ամենայնի, Սյունիքին կմիանան մյուս մարզերը։