Եթե ես՝ ինքս, վարչական ռեսուրս չեմ օգտագործում, որեւէ մեկին էլ չեմ թողնելու օգտագործի

Եթե ես՝ ինքս, վարչական ռեսուրս չեմ օգտագործում, որեւէ մեկին էլ չեմ թողնելու օգտագործի

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որ ՀՀԿ անդամ է եւ ՀՀԿ-ի օրոք է դարձել քաղաքապետ, նախընտրական այս շրջանում նախընտրում է ավելի շատ լոյալություն պահպանել ու չխառնվել քաղաքական գործընթացներին։ «Լոյալություն եմ պահելու, գործի տեղը հրապարակային քարոզչություն չեմ անելու․․․ Դե, ես կուսակցության անդամ եմ, իհարկե, ուղղակի ներգրավված չեմ դե յուրե պրոցեսների մեջ»,- մեզ հետ զրույցում ասաց Ասլանյանը։

- Իսկ դե ֆակտո կամ, այսպես ասած, «տակից» աջակցելո՞ւ եք ՀՀԿ-ին՝ «Պատիվ ունեմ» դաշինքին։

- Ես տակից անող չեմ, որ անելու լինեմ, կանեմ։ Էնքանով, ինչքանով որ քաղաքապետ եմ, ներգրավված չեմ, իսկ թե հետո կորոշեն, որ գործից դուրս կամ արձակուրդ վերցնեմ, էս պահին դեռ չի նշմարվում։

- Իրենք՝ ՀՀԿ-ն կամ «Պատիվ ունեմ» դաշինքը, Ձեզ չե՞ն դիմել, որ օգնեք իրենց։

- Բոլորն էլ դիմում են, դիմելն ի՞նչ կապ ունի, բոլորն էլ մտերիմ, հարազատ մարդիկ են, դիմելու կարիքը չկա։ Ամեն դեպքում, ինձ թվում է՝ ինձ բոլորը հասկանում են, որ ես պաշտոնավարման պրոցեսում օրենքից դուրս որեւէ բան չեմ անելու՝ շենքի ներսում քարոզչություն, ուղղորդում, վարչական ռեսուրսի կիրառում եւ այլն, նման բաներ ես չեմ անելու։

- Այդ դեպքում ինչպե՞ս եք աջակցելու Ձեր թիմին։

- Դե, աջակցողներ կան, աջակցողները կաջակցեն, էնպես չէ, որ թիմ ասելով՝ միայն ես եմ էդ թիմի մեջ։ Շատ մարդիկ են ներգրավված տարբեր պրոցեսների մեջ, այդ թվում՝ համայնքապետարանից տարբեր ուժերի մեջ կան ներգրավված, հետեւաբար, որպեսզի ես կարողանամ էդ բալանսը ճիշտ պահել, ես՝ ինքս, չեմ ներգրավվում, որովհետեւ բոլորին համարում եմ ե՛ւ ընկեր, ե՛ւ թիմակից, ու նաեւ որպես քաղաքի ղեկավար՝ կարծում եմ, որ ինչքան հնարավոր է, ես ինձ պիտի պահեմ էդ դիրքում։

- Իսկ ՔՊ-ին ու Փաշինյանին է՞լ եք համարում Ձեզ ընկեր, թիմակից։

- Ես ասացի՝ մարդիկ տարբեր տեղերում ներգրավված են, կան ե՛ւ ընկերներ, ե՛ւ մտերիմներ, թիմային չէ խնդիրը, էլի։ Ես որեւէ ուժի չառանձնացրի։

- Ձեզ դիմե՞լ են, որ ցուցակում ընդգրկվեք որպես պատգամավորի թեկնածու։

- Կարծում եմ, եթե ես ակտիվություն դրսեւորեի՝ գուցե, բայց երբ ես քաղաքականություն մտա, ինձ համար Վանաձորի խնդիրներն են առաջնային եղել, ու Վանաձորի խնդիրներով եմ զբաղված, հետեւաբար, էս պահին չեմ մտածել, որ կարելի է պատգամավոր դառնալ, չեմ մտածել ուղղակի։

- Իսկ ինչպիսի՞ն են Վանաձորում նախընտրական տրամադրությունները։

- Դե, կան որոշակի բաներ, բայց որ ասեմ՝ լարված է կամ ակտիվ, չէի ասի։

- Վանաձորցիներն ավելի շատ իշխանությա՞ն կողմն են եւ ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի՞, թե՞ դժգոհություն կա նրանից։

- Կարծում եմ՝ ընտրության ժամանակ բնակիչներն իրենց խոսքը կասեն, կարծիքները շատ իրարամերժ են, չի կարելի միանշանակ ե՛ւ այս, ե՛ւ այն կողմը պնդել։ Շատ իրարամերժ են։ 

- Իսկ մարզպետի կողմից ակտիվություն կա՞ մարզկենտրոն Վանաձորում կամ, օրինակ, արդեն իսկ վարչական ռեսուրսի չարաշահման, ճնշումների փորձեր։

- Եթե ես՝ ինքս, վարչական ռեսուրս չեմ օգտագործում, որեւէ մեկին էլ չեմ թողնելու էդ վարչական ռեսուրսն օգտագործի։

- Թեպետ Դուք լոյալություն եք ցանկանում պահպանել, բայց հարցնեմ՝ գո՞հ եք այս իշխանությունների աշխատանքից, որ այսքանից հետո նրանք վերարտադրվեն։

- Իմ սուբյեկտիվ կարծիքն էս պահին սուբյեկտիվ հնչել չի կարող, որովհետեւ ես արտահայտում եմ նաեւ բազմահազար վանաձորցիների կարծիքը։ Ամեն դեպքում, ես կուզենամ, որ մեր երկիրը մի քիչ վերագտնի իրեն, մի քիչ ավելի կայուն, հաստատակամ ու, ամենակարեւորը՝ կանխատեսելի երկիր դառնա, որ մենք կարողանանք մեր հետագա գործունեությունը ճիշտ պլանավորենք։ Երբ որ կան քաղաքական տատանումներ, տուրբուլենտ ժամանակաշրջաններ, երկիրը, կյանքը՝ նաեւ տնտեսական, հասարակական առումով, կանգ է առնում։ Ես կուզենամ, որ ընտրությունները լիացքաթափեն իրադրությունը, ես կուզենամ, որ փոփոխությունները լինեն ի շահ մեր ժողովրդի եւ պետականության։

- Բայց Ձեր կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, ռադիկալ ընդդիմադիրի դիրքերից է հանդես գալիս, ամենակոշտ ձեւով քննադատում է այս իշխանություններին, համարում է, որ նրանք կապիտուլյանտ են, դավաճան եւ օր առաջ պետք է հեռանան։

- Ես որեւէ մեկ մարդու կամ տարբեր մարդկանց չեմ ուզում մեկնաբանել, ամեն մարդ իր հնչեցրած խոսքի պատասխանը, կարծում եմ, ունի, եթե հնչեցնում է նման մտքեր։ Ես՝ ինքս, նման մտքեր չեմ հնչեցրել։