Քաղաքականություն

«Փոխանակումների» մասին խոսելը դատարկ ենթադրություն է եւ սպեկուլյացիա. Արեշեւ

«Փոխանակումների» մասին խոսելը դատարկ ենթադրություն է եւ սպեկուլյացիա. Արեշեւ

Մեր զրուցակիցը ռուս քաղաքագետ, Քաղաքական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշեւն է։

- Ձեր կարծիքով, ի՞նչ արձանագրվեց Վաշինգտոնում, արդյո՞ք սա փորձ է՝ Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից, եւ Ռուսաստանն իսկապես պատրա՞ստ է հեռանալ:

- Վաշինգտոնում բանակցությունների մասնակիցներն ընդունեցին համատեղ հայտարարություն. Բաքուն եւ Երեւանը նախաստորագրեցին նախօրեին հրապարակված խաղաղության պայմանագրի տեքստը, ստորագրվեցին մի շարք հայ-ամերիկյան եւ ադրբեջանա-ամերիկյան փաստաթղթեր, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին: Վաշինգտոնյան հանդիպման նախապատրաստությունը երկար էր տեւել, եւ, ինչպես հասկանում ենք, ձեռք է բերվել համաձայնություն՝ միջանցիկ հաղորդակցության ուղին բացելու վերաբերյալ՝ Սյունիքով, որը ներկայացվեց որպես «Միջազգային խաղաղության եւ զարգացման Թրամփի ուղի» (TRIPP՝ Trump Route for International Peace and Prosperity): Ի դեպ, նշվում է, որ այս նախագիծը սկզբում կոչվել է այլ կերպ՝ առանց Թրամփի անունը հիշատակելու, որը չափազանց հետաքրքրված է անձնական PR-ով եւ խաղաղության Նոբելյան մրցանակով:

Օգոստոսի 8-ից հետո Ռուսաստանի տեղեկատվական դաշտում իսկապես նկատելի են մի շարք զգացմունքային գնահատականներ՝ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների, մասնավորապես Ռուսաստանի ներկայության հեռանկարների վերաբերյալ, ընդհուպ մինչեւ հիստերիայի հասնող որոշ գնահատականներ։ Միեւնույն ժամանակ՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «Վաշինգտոնում Հարավային Կովկասի երկրների առաջնորդների հանդիպումը՝ ԱՄՆ միջնորդությամբ, արժանի է դրական գնահատականի»: Իմ կարծիքով, մենք գործ ունենք օբյեկտիվ գործընթացների հետ, որոնք չեն սկսվել երեկ, օրինակ, այն գաղափարը, որ Ադրբեջանի տարածքով պետք է անցկացնել նավթային խողովակ դեպի Թուրքիա, հնչել է դեռ հայկական անկախության արշալույսին, սակայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը տեւական ժամանակ խոչընդոտում էր այդ ամբիցիոզ ծրագրի իրագործմանը։ Այնուամենայնիվ, առաջարկվել են տարբերակներ` Ադրբեջանի հիմնական տարածքով Նախիջեւանի եւ Թուրքիայի կապի շուրջ (հիշենք թեկուզ Գոբլի պլանի տարբերակները), եւ նման քննարկումներ տասնամյակներ առաջ եղել են Քի Ուեսթում եւ այլ վայրերում:

Իհարկե, 2020-2023 թթ. ռազմական իրադարձություններից հետո կողմերը ստիպված էին վերադառնալ լայն սպեկտրի երկկողմ հարաբերությունների օրակարգի քննարկումներին՝ նոր իրողությունների պայմաններում, հաշվի առնելով ե՛ւ Ադրբեջանի դիրքերի տեսանելի ամրապնդումը, ե՛ւ տարածաշրջանային ուժերի դիրքավորման փոփոխությունը: Այն դեպքում, երբ Ռուսաստանը ներգրավված է Ուկրաինայում երկարատեւ զինված հակամարտության մեջ եւ լուրջ ճնշումների ներքո է՝ պատժամիջոցների պատճառով, լրացուցիչ ակտուալություն են ստանում շրջանցող հաղորդակցության ուղիները, այնպիսին, ինչպիսին է Միջին միջանցքը, որի բաղկացուցիչ մասերից են Տրանսկասպյան տրանսպորտային հաղորդակցության ուղին եւ վերը հիշատակված TRIPP-ը։

- Ռուսաստանը շեշտադրում է, որ 2020-2022 թվականների համաձայնությունները դեռ ուժի մեջ են։ Սա ինչպե՞ս հասկանալ:

- Ինչպես գիտենք, 2020-2021 թվականների եռակողմ բանակցություններից հետո Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետերի մակարդակով ստեղծվեց եռակողմ հանձնաժողով, որը մի քանի հանդիպում անցկացրեց, սակայն հետագայում Բաքուն եւ Երեւանն իրենց շահերից առավել բխող համարեցին երկկողմանի փոխգործակցության ձեւաչափը։ Որոշ դիտորդներ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում պաշտոնապես հաստատված համաձայնագրերը մեկնաբանում են որպես Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների` 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի հայտարարության խորհրդանշական փոխարինում։ Թվում է, թե ռուսական կողմը հավատարիմ է մնում նախկինում ձեռք բերված համաձայնություններին եւ պատրաստ է փոխգործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Իհարկե, այն իրավիճակում, երբ աշխարհաքաղաքական դրդապատճառներով սեփականության փոխանցումը Հայաստանը չի բացառում, իսկ Բաքուն հայտարարում է Զելենսկու ռեժիմին զենքի մատակարարման արդեն իսկ  խաբուսիկ սահմանափակումների հնարավոր չեղարկման մասին, պաշտոնական եւ այլ շփումների բացահայտ դեգրադացման պայմաններում դա չափազանց դժվար կլինի իրագործել։

- Պուտին-Թրամփ առաջիկա հանդիպման առանցքում, իհարկե, Ուկրաինան է, բայց, ըստ ամենայնի, նաեւ Հարավային Կովկասին անդրադարձ կլինի։ Հնարավո՞ր է, որ այս մեծ խաղում Մոսկվան զիջումների գնա Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ իր համար ավելի առաջնահերթ խնդիրներ լուծելու համար։

- Նախկին Ուկրաինական ԽՍՀ տարածքում ձգձգված զինված հակամարտությունը, անշուշտ, ազդում է Ռուսաստանի Դաշնության եւ նրա մոտ ու հեռավոր հարեւանների միջեւ փոխգործակցության հեռանկարների վրա։ Բայց կարծում եմ՝ «փոխանակումների» հավանականությունը բարձր չէ, եւ նման «փոխանակումների» կամ նմանատիպ որեւէ «գործարքի» մասին խոսելը դատարկ ենթադրություն ու սպեկուլյացիա է։ Անկախ Ուկրաինայում եւ նրա շուրջ իրավիճակի զարգացման հեռանկարներից, Ռուսաստանի պետական կառույցները, «փափուկ ուժի» սուբյեկտները, ինչպես նաեւ Կովկասում շահեր ունեցող խոշոր կորպորացիաները ստիպված կլինեն դիրքավորվել Կովկասում առկա այն իրողությունների պայմաններում, որոնք այնքան էլ հարմարավետ չեն, որքան կարող էին լինել 15 կամ 20 տարի առաջ։

- Ինչպե՞ս կազդեն վաշինգտոնյան համաձայնագրերը Հայաստանի վրա, եթե դրանք կյանքի կոչվեն։

- Որքան ես հասկանում եմ, Ամերիկայում բանակցությունները եւ դրանց գործնական արդյունքները հակասական արձագանք են առաջացրել Հայաստանում։ Մի կողմից, անհնար է չնկատել Հայաստանի իշխանությունների` հաղորդակցության ուղիների ապաշրջափակման «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում ավելի լայն համատեքստում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները հնարավորինս շուտ կարգավորելու կոչերը։ Միեւնույն ժամանակ, իմ կարծիքով, ողջամիտ ու հիմնավոր հարցեր են առաջանում ձեռք բերված համաձայնագրերի իրականացման ձեւաչափերի եւ հնարավոր հետեւանքների վերաբերյալ, որոնք, ըստ քննադատների, Հայաստանի իշխանություններին դարձնում են իրենից ավելի ուժեղ հարեւանների քաղաքական կամքի պատանդը։
Հայտնի է, որ պաշտոնական Բաքուն խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման նախապայման է առաջադրում ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, ինչը եւս մեկ անգամ վերահաստատվեց Վաշինգտոնում։ Կարելի է ենթադրել, որ առաջիկա ամիսներին, հատկապես 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների մոտենալուն պես, այս հարցի, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ տարածաշրջանային անվտանգության այլ հրատապ հարցերի շուրջ կլինեն սուր քննարկումներ եւ լուրջ կրքեր։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image