ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վրա Շվեյցարիան «չի գալիս»

ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վրա Շվեյցարիան «չի գալիս»

Արդեն երկրորդ անգամ է՝ ՀՀ վարչապետի  կնոջ այցը Շվեյցարիա ասեկոսեներ է առաջացնում մամուլում, իսկ հպարտ քաղաքացիների գլխում բնական հարց է ծագում՝ ինչո՞ւ է Աննա Հակոբյանը, որը իրենց նման մի սովորական քաղաքացի էր, «լոբի մաքրող», երեխաներին կրծքով կերակրող, քչով բավարարվող կին է եղել, հանկարծ դարձել շվայտ կյանքի խորհրդանիշ։ 

Որպես «Իմ քայլը›› և ‹‹Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, նա շաբաթ օրը եղել է Ժնևում և մասնակցել է Շվեյցարական կարմիր Խաչի բարեգործական երեկոյին, որը, ինչպես այս կազմակերպության գրասենյակն է հայտնում, նվիրված է եղել Հայաստանին, իսկ հավաքված գումարներով հոգալու էին Հայաստանում տարեց մարդկանց ու հաշմանդամների կարիքները։ Երեկոն փայլել է «Հայաստանի տարեց մարդ» եզրույթի հետ անհամատեղելի ճոխությամբ։ Աննա Հակոբյանը քիփ նստած է եղել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողքին, հայաստանցիներիս համար սերժանտական Հայաստանի «դեժավյու» ապահովելով։ Այս անգամ էլ վարչապետի տիկնոջ տրանսպորտային միջոցը, որով նա հասել է Ժնեւ, հետաքրքրեց բոլորին։  Live24.am կայքը, իր հուսալի աղբյուրը վկայակոչելով, գրեց, որ  Աննա Հակոբյանը Շվեյցարիա է թռել կառավարական ինքնաթիռով: Մամուլը երեկ տիրաժավորեց այդ լուրը, որը Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանին խնդրեցինք ճշտել։ Բայց նա հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։ Հետո իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը ու իրեն իրավունք վերապահեց դասեր տալ լրագրողներին․ «Սիրելի որոշ գործընկերներ, մի փոքր բարեխիղճ ու մաքուր աշխատելը երբեք վնաս չէ։ Ամեն մեկի ստատուսը, որտեղ ոչ մի նախադասություն իրականությանը չի համապատասխանում, պետք չէ copy paste անել ու տեղադրել ձեր լրահոսում։ Կարծում եմ, ձեր ընթերցողներն ավելի մեծ հարգանքի են արժանի, քան ամեն օր նրանց fake լուրերով կերակրելը»։

Հասմիկի պարզաբանումները հավատ չեն ներշնչում։ Հիշենք, որ Աննա Հակոբյանի նախորդ այցը Շվեյցարիա, որը տեղի էր ունեցել հունվարին, ևս մեծ աղմուկ էր առաջացրել։ Հայտնի էր դարձել, որ վարչապետի կինը պետության հաշվին չորս օր գիշերել է Ցյուրիխի ամենաթանկ հյուրանոցներից մեկի նախագահական համարում։ Այն ժամանակ Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը փորձել էր թաքցնել, որ վարչապետի տիկինը Դավոս է մեկնել, բայց ի վերջո Աննան ստիպված էր խոստովանել, որ եղել է Դավոսում ու հայաստանցիներիս Հ1-ով հարցրեց․ մեզ համար միևնույն չի՞, թե վարչապետի կողքի նստատեղը դատարկ է թռիչքի ժամանակ, թե՞ այդ նստատեղին ինքն է նստած։ 

Այս անգամ Աննան մենակ է մեկնել Ժնև, ու մենք ունենք բոլոր հիմքերը հարցնելու․

ա/ որքան գումար է ծախսվել պետբյուջեից վարչապետի տիկնոջ թռիչքի եւ կեցության վրա, ինչ ինքնաթիռով է մեկնել նա

բ/ որքան գումար է հանգանակվել եւ արդյոք հավաքված գումարներն արդարացնում են ծախսերը, ավելի լավ չէ՞ր այդ գումարները միանգամից ուղղվեին Հայաստանի տարեց մարդկանց կարիքները հոգալուն։ 

Քիչ առաջ վարչապետի տիկնոջ գրասենյակից ուշացած պատասխան ուղարկեից։ «Ձեր 14․10․2019թվականի հարցման տեղեկացնում եմ, որ 
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայի Համադաշնություն է մեկնել Երևան-Մոսկվա-Ժնև սովորական չվերթով, էկոնոմ դասով։ Ժնևից Երևան նույնպես վերադարձել է Ժնև-Մոսկվա-Երևան սովորական չվերթով, կրկին էկոնոմ դասով»։