Վանո Սիրադեղյանը մեզ թույլ չէր տալիս, որ գայինք Երևան

Վանո Սիրադեղյանը մեզ թույլ չէր տալիս, որ գայինք Երևան

Վերջին շրջանում մեծ դժգոհություններ կան ոստիկանության աշխատանքից։ Համակարգի հետ առնչություն ունեցող անձը մեզ բացատրեց, որ պատճառներից մեկն էլ այն է, որ մարզային ոստիկանապետերը, այսպես ասած, «խոպանչիներ» են՝ Երեւանից մարզ գործուղված, որոնք երկուշաբթի մեկնում են մարզ, ուրբաթ օրը գալիս Երեւան, եւ ուշքումիտքները մայրաքաղաքում է, «էլ ո՞նց կաշխատեն»։

Եվ իրոք․ պարզվում է ոստիկանության 10 մարզային վարչությունից 9-ի պետերը մարզի բնակիչ չեն, իսկ Արարատի մարզային վարչության պետի հաստիքն անգամ թափուր է։ Ոստիկանության պաշտոնական կայքում փնտրեցինք մարզային վարչության պետերի կենսագրությունները։ Պարզվեց՝ Արագածոտնի մարզային վարչության պետ, փոխգնդապետ Վահան Աղգաշյանը, Տավուշի մարզային վարչության պետ, գնդապետ Արմեն Գասպարյանը, Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Գեւորգ Հակոբյանը, Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Դավիթ Սարգսյանը, Վայոց ձորի մարզային վարչության պետ, գնդապետ Գրիգոր Գրիգորյանը, Սյունիքի մարզային վարչության պետ, գնդապետ Գեւորգ Ազիզյանը Երեւանից են։ Արմավիրի մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանն Արտաշատից է, Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը՝ Շամշադինից, Շիրակի մարզային վարչության պետ Սեւան Քոչարյանը՝ Արարատից։

Ոստիկանության գեներալ-լեյտենանտ, ոստիկանության կրթահամալիրի նախկին պետ Հովհաննես Վարյանին հարցրինք, թե հատո՞ւկ է այս սկզբունքով նշանակում արվում, պատասխանեց․ «Որպեսզի կարծիք հայտնեմ, դրա համար պետք է անալիզը նայեմ, իսկ ես դրա հնարավորությունը չունեմ։ Ես չեմ կարծում, որ ոստիկանապետի պաշտոնակատարը հատուկ երեւանցիներին նշանակի Մեղրի, Կապան կամ Գորիս։ Հատուկ ոչ մեկին չեն նշանակում»։

Նախկին փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանն էլ հիշեց 1996 թվականը, երբ ինքն Արմավիրի մարզային վարչության պետի տեղակալ էր․ «Ես Ձեզ կարող եմ ասել հետեւյալը․ արդեն տարիուկես է, ինչ ես համակարգից դուրս եմ եկել, գիտեք՝ հրաժարական տվեցի Օսիպյանի նշանակումից հետո, դրանից հետո չեմ աշխատել, բայց կարող եմ իմ օրինակը բերել։ 1996 թվականին ես նշանակվեցի Արմավիրի մարզային վարչության պետի տեղակալ, այն ժամանակ Վանո Սիրադեղյանը մեր նախարարն էր եւ թույլ չէր տալիս, որ մենք գայինք Երեւան։ Բայց, բոլոր դեպքերում, եթե տեղացի չես, արդյունավետությունն ավելի բարձր է լինում»։

Մեր պնդմանը, թե հակառակ կարծիքն էլ կա, որ տվյալ մարզում մշտապես ապրող ոստիկանն ավելի շատ է ծանոթ մարզի հանցագործներին, անցուդարձին, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ինձ թվում է՝ պրոֆեսիոնալ ոստիկանը պետք է տիրապետի իր ոլորտի բոլոր խավերին, ես այդտեղ որեւէ արտառոց բան չեմ տեսնում։ Հաշվի առնելով նաեւ մեր աշխարհաքաղաքական դիրքը եւ մեր պետության մեծությունը՝ ինձ թվում է, որ ցանկացած պրոֆեսիոնալ ոստիկան պիտի տիրապետի առանց որեւէ մի խնդրի։ Ցանկացած սպա կարող է գործուղման կարգով էլ լինել մեկ այլ մարզում։ Իմ ժամանակ ես Հռոմի պապի այցն էի կազմակերպում Գյումրիում, նաեւ անձնակազմ կար Երեւանից, եւ իրենք տիրապետում էին։ Եթե պրոֆեսիոնալ ոստիկան է, ապա օպերատիվ իրավիճակին տիրապետելու շրջանակներում որեւէ խնդիր չունի այդ կատեգորիաների հետ շփվելու կամ ճանաչելու, իմանալու»։